«Երիտասարդական մայրաքաղաք»-ի էստաֆետը Գավառից փոխանցվեց Ապարանին

«Երիտասարդական մայրաքաղաք»-ի էստաֆետը Գավառից փոխանցվեց Ապարանին

21

Հայաստանի 2024թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառը 2025-ի երիտասարդական մայրաքաղաք Ապարանին է փոխանցում խորհրդանշահան բանալին։ Այս իրադարձությունը Գավառում նշանավորվել է միջոցառմամբ, որը մեկնարկել է Գավառի 2024թ. երիտասարդական կյանքի խճանկարն ամբողջացնող ֆիլմի ցուցադրությամբ։ Միջոցառման ընթացքում կարևորվել է երիտասարդների դերակատարությունն ու ներգրավվածությունը համայնքային կյանքում, նրանց համախմբվածությունը երիտասարդական մայրաքաղաք ծրագիրը պատվով իրականացնելու գործում։

«2014թ.-ից իրականացվող «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը աստիճանաբար նոր թափ է հավաքում և որակապես նոր փուլ է մտնում։ Ես շատ ուրախ եմ և օբյեկտիվորեն կարող եմ արձանագրել, որ Գավառը սահմանեց նոր նշաձող, այսինքն` ինչպես պետք է անել երիտասարդական մայրաքաղաք ոչ թե միջոցառումը, այլ երիտասարդական մայրաքաղաք լինել ողջ տարվա համար»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարում է ներդրում լավ ապագա ունենալու գործում. «Ուզում եմ փաստել, որ երիտասարդական մայրաքաղաքում վերջին մեկ տարվա կյանքը իսկապես աշխուժացել է»,- արձանագրեց Ջանիկ Բազեյանը։

Արագածոտնի մարզպետի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը և Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը վստահեցնում են, որ համագործակցելու են ծրագիրը հաջողած Գավառի հետ և ուրախությամբ նշում, որ Ապարանը ևս հաջորդ տարի շողալու է երիտասարդական գույներով։

Միջոցառման ընթացքում Գավառին հանձնվում է 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշը։ Արթուր Մարտիրոսյանը նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի շնորհակալագրերն է հանձնել ծրագրի շրջանակներում միջոցառումներին աջակցած, ակտիվ մասնակցություն ունեցած և գործակցային մոտեցում ցուցաբերած անհատներին ու կազմակերպություններին։
Միջոցառումը ափոփեց Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը «Իմ հին ու նոր Բայազետ» երգի պրեմիերայով։

Վարդուհի Մազմանյան

2-րդ կուրս

Կիսվել