Ինչպես է 17-ամյա բլոգերը Ինստագրամում կոտրում կարծրատիպերը շաքարային դիաբետի մասին

Ինչպես է 17-ամյա բլոգերը Ինստագրամում կոտրում կարծրատիպերը շաքարային դիաբետի մասին

34

-Ես Էլենն եմ՝ աղջիկ, ով ունի շաքարային դիաբետ գրեթե վեց տարի։

Այս նախադասությամբ 17-ամյա Էլեն Հարությունյանը Ինստագրամ սոցիալական հարթակում սկսեց իր ուսուցողական բլոգը, որն այսօր մոտ 2000 հետևորդ ունի։

Շաքարային դիաբետը աուտոիմուն հիվանդություն է, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքով: Առաջին տիպի շաքարային դիաբետի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը: Այս տեսակը նաև կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ։ Հայտնի է, որ ամեն տարի 80.000 երեխայով ավելանում է վիճակագրությունը:

Էլեն Հարությունյանի հետ խոսել ենք դիաբետի մասին հանրության կարծրատիպերի եւ դրանք հաղթահարելու մասին։

-Էլեն, մինչև բլոգի մասին խոսելը, պատմեք, թե ինչպիսին էր ձեր կյանքը մինչև շաքարային դիաբետի ախտորոշումը։ 

-Մինչև ախտորոշումը ես պարզապես մի սովորական երեխա էի, որի միակ անելիքն առօրյա դասերն ու բակային խաղերն էին, բայց 10 տարեկանում, երբ բժիշկը նկատեց առաջին նախանշանները` քաշի կորուստ, բերանի չորություն, հոգնածություն, ես ստիպված էի հարմարվել նոր իրականությանը։ Այդ պահից սկսած՝ կյանքս ամբողջությամբ փոխվեց։

Ինչպես հարմարվեցիք նոր կյանքին ու կարգավիճակին:

-Հեշտ տրվեց, բայց ծնողներիս շնորհիվ: Ստուգումներս հիմնականում Երևանում էին անցնում, իսկ ես բնակվում էի Սիսիանում: Մինչ ես կգնայի դպրոց, մայրս զանգել էր ուսուցչիս ու ներկայացրել իրավիճակը, իսկ նա դասարանի երեխաների հետ էր խոսել` բացատրելով` ինչ է դիաբետը ու ինչպիսին են ինձ այդուհետ տեսնելու: Նրանց շնորհիվ էր, որ հեշտ ընդունեցի ու ընկալեցի իրավիճակը:

Դուք բլոգ եք ստեղծել՝ կոտրելու շաքարային դիաբետի մասին կարծրատիպերը։ Որո՞նք են ամենատարածված սխալ պատկերացումները, որոնց բախվել եք։

-Այո, դա իմ հիմնական նպատակը դարձավ։ Ամենաաբսուրդային կարծրատիպը երեխա չունենալու մասին է եղել: Անգամ ծիծաղելի է նման արտահայտություններ լսելը: Շատերը մտածում են, որ դիաբետ ունեցող մարդիկ չեն կարող սպորտով զբաղվել, քաղցրավենիք օգտագործել կամ նույնիսկ հասարակ բաներ անել, ինչպիսիք են լողը կամ մատնահարդարումը։ Բայց իրականում, ճիշտ վերահսկողությամբ, այս ամենը ոչ միայն հնարավոր է, այլև պարտադիր առողջ ապրելակերպի համար։

Կարծրատիպերի դեմ պայքարում ի՞նչ դեր են խաղում ձեր բլոգը և նորաստեղծ բիզնեսը` «Դիաբեգը»:

-Բլոգիս միջոցով ես փորձում եմ իրազեկել, որ շաքարային դիաբետը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ։ Հենց դա էլ ինձ միտք է տվել` ստեղծելու իմ սեփական` «Դիաբեգ» բրենդը, որի էկո-պայուսակները ևս այդ նպատակը ունեն։ Յուրաքանչյուր պայուսակ մի փոքրիկ պատմություն է դիաբետի մասին և այն կարծրատիպերի, որոնց մարդիկ դեռ հավատում են։ Սա իմ ձևն է՝ մարդկանց կրթելու և կարծրատիպերը կոտրելու։

Իսկ ի՞նչ արձագանքներ եք ստանում ձեր բլոգի հետևորդներից։ 

-Արձագանքները հիմնականում շատ դրական են։ Շատերը շնորհակալություն են հայտնում իրենց քաջալերելու և սովորեցնելու համար։ Բայց կան նաև քննադատություններ, երբ մարդիկ տեսնում են, որ ինսուլին եմ ներարկում հանրային վայրում կամ ուտում եմ քաղցրավենիք։ Հիշում եմ` մի անգամ հոլովակ էի տեղադրել, որտեղ սրճարանում ներարկվում եմ, և իմ դիմաց խմորեղեն է դրված: Մի հոգի գրել էր` ինչու եմ քաղցր ուտում, եթե «հիվանդ եմ», մյուսն էլ գրել էր` ներարկվեմ զուգարանում: Բայց մենք` դիաբետիկներս, ներարկման կարիք ունենք հենց այն նույն ժամանակ, երբ չափման թվերը մեզ թելադրում են արագ ներարկվել: Մենք չենք որոշում` երբ ու որտեղ, մենք պարտավոր ենք ստանալ ինսուլին հիմա ու այստեղ: Դե իսկ մեկնաբանությունները ցույց են տալիս, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ կարծրատիպերը հաղթահարելու համար։

Եղե՞լ են դեպքեր, որ որոշես թողնել բլոգգինգը  հիասթափության պատճառով:

-Այո, սկզբում ունենում էի նմանատիպ մտքեր, բայց ընտանիքս ու ընկերներս միշտ իմ շարժիչ ուժ են եղել ու կան: 

Իսկ եղե՞լ են ծանոթություններ այլ բլոգերների հետ, կա՞ աջակցություն նրանց կողմից:

-Ոչ բոլորի, իհարկե, բայց եղել են: Մինչ օրս էլ ոմանց հետ կապի մեջ եմ…միշտ աջակցում ու առաջ են մղում, շատ եմ ուրախանում նոր ու անկեղծ շփումներից, ծանոթություններից:

Գիտեմ, որ դեպքեր են եղել, երբ շատ երեխաներ, հետևելով Ձեր օրինակին, ազատվել են շատ բարդույթներից և սկսել բարձրաձայնել իրենց դիաբետի մասին: Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեն դիաբետի ախտորոշում:

-Առաջինը՝ չվախենալ։ Սա կյանքի վերջը չէ, այլ պարզապես մի նոր սկիզբ։ Դիմում եմ քե´զ` իմ քաղցր ընկեր. միշտ հիշիր, որ դու մենակ չես և դիաբետի մասին խոսելն ամոթ չէ: Հասկացիր, որ ճիշտ մոտեցմամբ դու կարող ես ապրել լիարժեք և առողջ կյանքով:

Հարցազրույցը՝ Մարիամ Պողոսյանի

3-րդ կուրս

Կիսվել