Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ երեկ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ գործընկերների հետ, վարչապեը նույնպես իր մակարդակով իրականացրել է հեռախոսազրույցներ միջազգային գործընկերների հետ:
«Այս առումով ցանկանում եմ ասել, որ այս հեռախոսազրույցները պետք չէ ընկալել որպես մեկանգամյա գործողություններ, այլ դրանք շարունակական կապ են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու թե՛ տեղում տիրող իրադրությունը, թե՛ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և դրա վտանգները»,- նշեց Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանն ուղղված ջանքերը:
«Եվ պաշտոնական Բաքուն, բախվելով միջազգային հանրության այդ միանշանակ դիրքորոշմանը՝ ուժի կիրառումը դատապարտելու առնչությամբ, սկսեց դիմել իր ավանդական գործիքակազմին, այն է՝ կեղծ լուրեր տարածել, թե հայկական կողմն առաջինն էր, որ նախաձեռնեց որոշակի քայլեր: Մենք այս գործիքակազմին առաջին անգամ չէ, որ առերեսվում ենք, սա սովորական երևույթ է: Մենք ունենք փաստական անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ըստ Աննա Նաղդալյանի՝ Ադրբեջանի այս ագրեսիան ունի երկու առանձնահատկություն:
«Նախ՝ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, և խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, և երկրոդը՝ այս անգամ մենք առնչվում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Ըստ նրա՝ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության բոլոր շրջաններում աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց այս անգամ այդ աջակցությունը որակական փոփոխություն է կրել և բնութագրվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ:
«Ադրբեջանցիների հետ կողք կողքի կռվում են թուրք փորձագետներ, ովքեր օգտագործում են թուրքական սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ: Մենք ունենք տեղեկություններ նաև Թուրքիայի կողմից մերձավոր Արևելքի որոշակի շրջաններից օտարազգի ահաբեկիչ զինյալների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման մասին»,- նշեց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը հավելեց, որ դրան գումարվում է նաև այն, որ Թուրքիայի ղեկավարությունը լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանական կողմին:
«Այս ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ»,- եզրափակեց Աննա Նաղդակյանը: