Աստվածաբանի աստվածատուր գործունեությունը

Աստվածաբանի աստվածատուր գործունեությունը

252

«19 ամյա ակտիվ ուսանող եմ, բայց բացի ուսումից զբաղվում եմ տարատեսակ գործերով։ Օրինակ զբաղվում եմ ստարտափներով, նվագում եմ 12 տարուց ավելի, տիրապետում եմ 5 երաժշտական գործիքի, սիրում եմ զբաղվել գյուղատնտեսությամբ, իմ ամենասիրելի ոլորտներից մեկն է գյուղատնտեսությունը, քանի որ բույսերը կյանք են,  իսկ կյանք ունեցող բույսերի հետ շփումը հաճելի է»Դավիթ Գրիգորյան

-Տարատեսակ ոլորտներով զբաղվելով՝ ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում:

-Իրականում տատանվում էի իրավաբանության և աստվածաբանության միջև, նաև դիմել էի Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Ցանկություն կար միավորել երկու մասնագիտությունները և դառնալ կրոնագետ-իրավաբան, սակայն կրոնները արդյունքում հաղթեցին, ու քանի որ հետաքրքրությունս ավելի մեծ էր դեպի կրոնները, ընտրեցի հենց մայր բուհը։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր կրոնները, իսկ ամեն մի կրոն մի կյանք արժի, քանի որ աշխարում կա 8 միլիարդ բնակիչ և նրանցից յուրաքանչյուրը մի կրոնի է դավանում: Ծանոթ լինել կրոններին՝ նշանակում է ճանաչել 8 միլիարդի ազգային ու անհատական հատկանիշները:

-Իսկ հետագայում կարո՞ղ է քեզ տեսնենք իրավաբանության ոլորտում։

-Կարծում՝ եմ այո, որովհետև կյանքը մեկ ոլորտով չի սահմանափակվում, ըստ իս՝ պետք է միշտ առաջընթաց ունենալ ու նոր բացահայտումներ անել։

-Ասացիր, որ ստարտափների ես մասնակցել, ի՞նչ ես ներկայացրել այդ ծրագրի շրջանակներում։

-Միշտ դպրոցում ասում էի, որ ես ունեմ տարօրինակ գաղափարներ, ուզում եմ ինչ որ բան ստեղծել, ընկերներս և ուսուցիչներս հաճախ ծաղրում էին, բայց երբ մի օր եկան դպրոց և ասացին, որ ստարտափ դպրոց է բացվում, ինձ շատ հետաքրքրեց, և առաջին դիմողը ես էի մեր քաղաքից: Քանի որ ակտիվ էի, ինձ հրավեր եղավ մասնակցելու «Սևան ստարտափ սամիթ 2019» միջոցառմանը: Միջոցառման ընթացքում մի գաղափար ծագեց` ստեղծել ակնոցներ կույր մարդկանց համար, որը հետագայում անվանվեց «Seefree»։ Սարքը աշխատելու է արհեստական բանականության միջոցով: Ակնոցի շնորհիվ կույր մարդիկ հնարավորություն կունենան իրենց կյանքը հեշացնել 80-90%-ով։ Ակնոցը կարդալու է տեքստեր և հատուկ ականջակալի միջոցով փոխանցի կույր մարդկանց, դրա շնորհիվ տվյալ մարդը կարող է ընթերցել գրքեր, օգտվել հանրային տրանսպորտից և այլն: Այսքանը «Seefree»-ի մասին, բայց բացի այդ ունեմ տուրիստական ստարտափ, որը կոչվում է EasyVisit, որը զարգացնելու է ոչ միայն ներգնա, այլ նաև արտագնա տուրիզմը:

-Դու նաև Grigobooks-ի հիմնադիրն ես, ի՞նչ է այն և ինչպես ծագեց բիզնեսի գաղափարը:

-Գրքերի էջերը ծալելու միջոցով ստանում եմ պատկերներ, բառեր: Հայաստանում bookart-ով զբաղվող երկրորդ մարդն եմ: Իրականում ստացվեց այնպես, որ ընկերս, ում եղբայրը զբաղվում էր առաջինը bookart-ով, ասաց եղբայրս այսպես բան է պատրաստել, որը ոչ ոք չի կարող սարքել, իսկ ես՝ սկզբունքային երիտասարդս, որոշեցի պատրաստել, ճիշտ է՝ սկզբում փչացրեցի մի քանի գիրք, բայց վերջում հասա այն արդյունքին, որ այսօր կա Grigobooks-ը և ունեմ լավ վաճառք:

-Նշեցիր որ երաժիշտ ես և տիրապետում ես գործիքների, կա արդյոք ստեղծագործություն որի հեղինակը դու ես:

-Այո, ունեմ գրեթե 40-ից ավելի ստեղծագործություն, որի հեղինակը ես եմ, նաև մի քանի երգի բառեր եմ գրել, սակայն ինչ-ինչ պատճառներով չհրապրակվեց։

-Իսկ երաժշտությունը հասանելի՞ է մեզ։

-Ցանկացողներին այն հասանելի է, քանի որ դեռևս ոչ մի տեղ չեմ հրապարակել:

-Ասացիր,  որ սիրում ես զբաղվել գյուղատնտեսությամբ և մոտիկ լինել բնությանը, ինչո՞վ ես զբաղվում:

-Գյուղատնտեսական ոլորտում զբաղվում եմ ելակի, ազնվամորու, վարունգի և լոլիկի մշակմամբ: Սակայն ամենասիրելի ոլորտը ելակի մշակումն է, քանի որ ելակը քաղցր է, իսկ ես քաղցրակեր եմ: Հետագայում նպատակ ունեմ նաև մեծ ջերմատուն  հիմնելու:

-Դավիթ, դու ներկայումս գրում ես նաև գիրք, ինչի՞ մասին է քո գիրքը և ե՞րբ հասանելի կլինի մեզ:

-Իրականում գրում եմ 2 գիրք,առաջին գիրքս ինքնակենսագրական է, բայց հիմա չեմ ավարտելու գիրքս, քանի որ դեռ կենսագրությունս ընթացքի մեջ է, և ընթացում շատ հաջողություններ կարծում եմ կունենամ: Երկրորդ գիրքս, որը 1 տարվա ընթացքում  կհանձնեմ ընթերցողների դատին, կոչվում է «Հերթափոխություն»: Իրականում գիրքը հիմնված է մի քիչ քաղաքական հայացքների, մի քիչ պատմության և իմ երևակայական աշխարհի մասին։ Ես պատկերացնում եմ ծովից ծով Հայաստանը և դրան հասնելու հիմքերը:

-Դու նաև փայտի վրա մեխերով պատկերներ ես ստանում, արդյոք պահանջված է այն։

-Փայտի վրա մեխերով դիմանկարներ անելը ինձ համար դարձել է հանգստանալու միջոց, փորձել եմ բիզնեսի վերածել, բայց, քանի որ այն այդքան էլ մատչելի չէ, քանզի բավականին շատ ժամանակ և ռեսուրսներ եմ ծախսում, բիզնեսի վերածել չստացվեց, դե հայերս սիրում ենք մատչելի նվերներ (հեղ. կատակում է) :

-Բենտո տորթերի վաճառքը վերջին շրջանում մեծ է, դրանով զբաղվում ես նաև դու, անում ես այն, քանի որ ակտուալ է, թե՞ հերթական հոբբի է:

-Ինչ վերաբերում է բենտո տորթերին, ինչպես մյուս հետաքրքրությունները, այնպես էլ դա, պատահական փորձելու արդյունքում ստացվեց, մինչ այդ փորձել եմ շոկոլադով աշխատել, այս անգամ մտքովս անցավ տորթ պատրաստել, և դա էլ ստացվեց, իսկ վաճառքը, կարծում եմ, կանանց միամսյակին կիրականացվի։

-Ինչպե՞ս ես այսքան բան համատեղում, ի՞նչն է այս բոլորն իրար միավորում։

-Իրականում ամեն ինչ կարծես ծառի է նման ունի մեկ արմատ։ Բոլոր հետաքրքրություններս իրար միավորողը ֆանտաստիկ ապագայի մասին պատկերացումներն են, որը ստիպում է լինել բազմակողմանի զարգացած և արվեստին մոտ։

-Ո՞րն է քո մոտիվացիայի աղբյուրը։

-Մոտիվացիայիս հիմքը ինքս ինձ բացահայտելն է, ես մոտիվացվում եմ, երբ ամեն անգամ մի նոր բան եմ անում և ասում, փաստորեն՝ սա էլ կարող եմ։ Ինքնաբացահայտումով ձգտում եմ էլ ավելի մոտիվացվել և գնալ առաջ։

Հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի

4-րդ կուրս

Կիսվել