«Լրագրողի աշխատանքը անդադար է, և դա հրաշալի է»

«Լրագրողի աշխատանքը անդադար է, և դա հրաշալի է»

434

Journalist.am-ը իրավական լրագրության, լրագրողների հանդեպ բռնության և այլ հարցերի շուրջ զրուցել է «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր և ղեկավար Արման Ղարիբյանի հետ։

-Պարոն Ղարիբյան, ավարտել եք համալսարանի լրագրության ֆակուլտետը, այնուհետև Հունգարիայում շարունակել կրթությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Կպատմեք ինչու՞ ընտեցիք հենց այդ ուղին, ե՞րբ սկսեցիք դատաիրավական ոլորտը լուսաբանել։

-Որպես լրագրող մարդու իրավունքների խնդիրները սկսել եմ լուսաբանել 2008 թվականից, իսկ ավելի ինտենսիվ 2009-2010 թվականներին։ Հենց այդ տարիներին էլ հասկացա, որ միայն լրագրողական կրթությունը բավարար չէ, և պետք է տեսական գիտելիքներս հարստացնեմ, որպեսզի պրակտիկայում ավելի պրոֆեսիոնալ լինեմ: Այդ պատճառով որոշեցի երկրորդ մագիստրատուրաս շարունակեմ մարդու իրավունքների մասնագիտացմամաբ, և այդպիսով ընդունվեցի Կենտրոնական Եվրոպայի համալսարանի (Հունգարիա) տվյալ բաժինը։

-Ե՞րբ որոշեցիք հիմնել « Իրավունքի ուժ» իրավապաշտպանական ՀԿ-ն։

-ՀԿ-ն համահիմնադրել եմ 2016 թվականին գործընկերներիս հետ, երբ վերադարձել էի Հունգարիայից և էներգիայով լի էի հատկապես տարատեսակ ծրագրեր իրականացնելու համար: Այդ ժամանակ հասկացա, որ ծրագրերն իրականացնելու համար իրավաբանական անձի առկայության կարևորություն կա, և ես ցանկացա լինել ոչ թե որպես անհատ, այլ նաև որպես ՀԿ-ի մի մաս։

-Հիմնականում լրագրողի ո՞ր իրավունքներն են խախտվում և ինչու՞։

-Լրագրողների իրավունքները խախտվում են շատ տարբեր առիթներով և վայրերում, սկսած, օրինակ, որևէ քաղաքական միջոցառումից, երբ լրագրողը ցանականում է հարցազրույց վերցնել նախկին կամ ներկա պաշտոնյանաներից մեկի, և նրա թիկնապահները հնարավոր է լրագրողներին հրեն, հարվածեն տեսախցիկներին, թույլ չտան որպեսզի նա իր հարցերն ուղղի, վերջացրած հասարակ տեղեկատվության հասանելիությամբ, երբ լրագրողները պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար հարցում են ուղարկում, և նրանք կա՛մ չեն պատասխանում, կա՛մ այնքան ուշ են պատասխանում, որ այդ թեմայի հանրային հետաքրքրությունը, նշանակությունը կորչում է։

-Ըստ Ձեզ, ո՞րն է դրա լուծումը։

-Լուծումը պրոֆեսիոնալիզմն է, եթե լրագրողը իր գործն անում է հմուտ, չի գնում սադրանքների (օր․որևէ մեկը վիրավորում է աշխատանքի ընթացքում, փոխադարձ վիրավորանքների չի անցնում), ուշ թե շուտ ցանկացած մեկը, կլինի պաշտոնյա, թե մեկ այլ անձ, հասկանում են, որ պետք է քեզ ու քո աշխատանքին հարգանք ցուցաբերի։ Ինչը վերաբերում է անմատչելիությանը, ապա այստեղ ցավոք լրագրողից քիչ բան է կախված, դա պարզապես պայմանավորված է պետական պաշտոն զբաղեցնող անձանց մտածելակերպով, և նրանք պետք է փոխվեն, ու հասկանան, որ օրենքի շրջանակներում լրագրողներին տեղեկություն տալը իրենց պարտավորությունն է։

-Հանդիպե՞լ եք դեպքերի, երբ լրագրողն է բռնության պատճառ հանդիսացել։

-Վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ են լինում օրինակները, երբ լրագրողների իրավունքների սահմանափակման մեջ կարելի է գտնել նրա մեղքը, ավելի շատ ես տեսնում եմ, որ մեր գործընկերները համառություն են ցուցաբերում, ինչը շատ լավ է լրագրողի համար, լրագրողը պետք համառ լինի, և շատ դեպքերում հենց այդ համառությանն ի պատասխան նրանք երբեմն բռնության են ենթարկվում։

-Գիտեմ, որ համալսարանում դասավանդել եք, ինչը՞ պատճառ հանդիսացավ, որ դադարեցրիք։

-Շատ վայելել եմ համալսարանում դասավանդելու տարիները և աշխատանքը, սիրել եմ ուսանողների հետ ակտիվ համագործացությունը, բայց կարելի է ասել՝ այդ ակտիվությունն է եղել պատճառը, շատ-շատ ժամանակ էի տրամադրում, հոգնում էի, և մյուս աշխատանքների ծանրաբեռնվածությունների հետ ուղղակի դառնում էր  անհամատեղելի։

-Բացի մասնագիտական գործունեությունից, սիրելի ի՞նչ հոբբիներ/զբաղմունքներ ունեք։

-Վերջին տարիներին սիրելի զբաղմունք է դարձել այգեգործությունը. մենք փոքրիկ տուն ունենք Երևանին մոտ գյուղերից մեկում, և այդտեղ փոքրիկ այգի ունենք, որը ես և կինս մեր ձեռքերով ենք ստեղծել, քանի որ ամենասկզբում այդտեղ, կարելի է ասել, աղբավայր էր: Այժմ գեղեցիկ այգի ենք ստացել, ծառեր ենք տնկել, ու իմ ազատ ժամանակի զգալի մի մասը գնում է այգու մշակման, խնամքի վրա, բայց դա նաև հաճելի է, որովհետև մեզ՝ մտավոր աշխատանք կատարողներիս համար, հաճախ ֆիզիկական աշխատանքը չի բավականացնում, իսկ դա առողջության տեսանկյունից լավ չէ: Այգում գործ անելով՝ ես պահպանում եմ ֆիզիկական ակտիվությունս, ինչու չէ, նաև վայելում ենք այդ ամենի պտուղները, քանզի բնությանն ավելի մոտ լինելը, թեկուզ այդ ձևով, մեծ վայելք է մեզ համար։

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք իրավական լրագրությամբ հետաքրքրված սկսնակներին։

-Լրագրողներին խորհուրդ կտամ շատ կրթվել և հատկապես ինքնակրթվել համալսարանից զատ, անշուշտ ակադեմիական կրթությունը ևս կարևոր դեր ունի, բայց համալսարանով ամեն ինչ պետք է սկսվի, ոչ թե ավարտվի, որովհետև համալսարանը քեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե դու ինչ ես սիրում, որ ոլորտում կարող ես քեզ լավագույնս լավ դրսևորել, դրանից հետո արդեն ամեն ինչ մեր ձեռքերում է։ Հատկապես, եթե ուզում ենք մարդու իրավունքների զգայուն լուսաբանում ապահովել, պետք է անդադար կրթվենք, որովհետև անընդհատ փոխվում են հասկացությունները, երբեմն նույնիսկ եզրույթները, և եթե չկրթվես, կստացվի, որ հնացած եզրույթներով, մոտեցումներով եք լուսաբանում տվյալ ոլորտը, այս առումով մեր աշխատանքը անդադար է, և դա նաև հրաշալի է քանզի ինչքան կրթվում ես, այդքան զարգանում ես՝ մասնագիտական նոր աճ գրանցելով։

Հարցազրույցը՝ Մերի Սողոյանի

2-րդ կուրս

Կիսվել