ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՃԱՐՏԱՐԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՀԱԳՈՒՍՏ, ՈՐԸ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԱՅԵԼ ԼԻՆԻ

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՃԱՐՏԱՐԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՀԱԳՈՒՍՏ, ՈՐԸ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԱՅԵԼ ԼԻՆԻ

2318

Ժենիան երիտասարդ մոդելավորող է ով ստեղծում է ոչ միայն մոդեռն հագուստներ ու աքսեսուարներ,այլև փորձում է նոր շունչ հաղորդել հին հայկական հագուստին`հիմքում դնելով հայկական ճարտարապետության նմուշները:

Ձեր նոր հավաքածուի անվանումը «Զվարթնոց» է, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Հպարտանալով հայ ժողովրդի պատմական անցյալով, երբեմն զարմանում ես, որ այդ հպարտության մեջ չկա պատմական գիտելիքով ամրապնդված հիմք: Մենք սիրում ենք մեր արվեստը, սակայն ամբողջ ուսումնառությանս ընթացքում հետաքրքրել է, թե ինչու հայ երիտասարդները չգիտեն ժամանակի մեջ դարեր ապրած Զվարթնոց տաճարի մասին: Հասակակիցներիցս շատերը, լսելով Զվարթնոց անունը, կարծում են, թե խոսքը օդանավակայանի մասին է: Նույնիսկ չեն պատկերացնում, որ «Զվարթնոց» օդանավակայանի գեղատես շենքը կառուցվել է 7-րդ դարի հոյակերտ, կատարելություն ներկայացնող Զվարթնոց տաճարի նմուշով: Զվարթնոցը հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, հայ ագզի պարծանք հանդիսացող հոյակերտ և վեհաշուք սբ. Գրիգոր տաճարը: Հայկական ճարտարապետության ոսկե դարի կատարյալ ստեղծագործություն է, որի մասունքները դարեր շարունակ մնալով հողակույտի տակ, չեն կորցրել իրենց չքնաղությունը և արժանի վեհաշուք պատկերը: Միգուցե, ոմանք ինձ կփնովեն, «ափի միջից» վեր խոյացող իմ այս ընտրությունը ` «Զվարթնոց» թեման հագուստի մեջ կիրառելու համար: Ես ցանկանում եմ ներկայացնել մեր ազգայինը ոչ թե ընդօրինակելով հայկական տարազը, այլ ճարտարել այնպիսի հագուստ, որը կլինի հայ ճարտարապետությանը վայել և աշխարհի քննությանն արժանի:

Ո՞րն է հավաքածուի ելակետային մոդելը:

Յուրաքանչյուր ստեղծագործության հիմք ճիշտ ընտրված ոգեշնչումն է: Այս 4 տարիների ընթացքում Գեղարվեստի Ակադեմիայում կատարած աշխատանքների շնորհիվ ձեռք բերեցի այնպիսի համոզմունք, որ ճարտարապետությունը համարժեք արվեստ է երաժշտությանը, գեղարվեստին, պոեզիային… Ինֆորմացիայի մերօրյա անսահման միջոցներից օգտվելով` ամենքն էլ հնարավորություն ունեն ծանոթանալու և շփվելու աշխարհի ու ժողովրդների պատմությանը, սկսած քարե դարից մինչև երեկվա օրը: Շատ դեգերումներից հետո, որպեսզի չընդօրինակեմ կամ աշխատանքներիս մեջ չկրկնվեմ, ցանկացա անդրադառնալ մեր մշակույթի հարուստ ճարտարապետությանը: Որպես ոգեշնչման աղբյուր իրենց կատարելությամբ մեր դարավոր արվեստի նմուշները մտքի թռիչք են խթանում` ներկայացնել դրանք ժամանակակից արտահայտչամիջոցներով: Ես, որպես հայ քրիստոնյա, մեծ զգուշությամբ և անչափ սիրով որոշեցի ավարտական աշխատանքի թեմա ընտրել 7-րդ դարի կառույց` շքեղագեղ, վեհաշուք և փառահեղ Զվարթնոց տաճարը:

Հայկական մոտիվներով այլ հավաքածուներ սպասվո՞ւմ են հետագայում:

-Անցյալում ստեղծել եմ հավաքածուներ  հայկական մոտիվներով`«Զարդանախշ», «Խաչանախշ», «Մհեր Աբեղյան», «Մանրանկարչություն», որոնք դեռ էսքիզներ են: Հնարավոր է հետագայում մարմնավորվեն և վերածվեն ցուցադրության:

Վերջին ժամանակներս մեր օրիորդները փորձում են գործածել հայկական ավանդական հագուստից տարրեր առօրյայում, արդյո՞ք ստացվում է դա, կամ ինչպե՞ս է պետք դրանք ճիշտ օգտագործել:

Ժանյակը, վզնոցները, պայուսակները, փոքր աքսեսուարները ընդունելի են ցանկացաց ոճի հագուստի մեջ, բայց օրինակ հայկական տարազի գոգնոցը կամ կոպին օգտագործելը տրամաբանական չէ: Առօրյա հագուստում տարազի տարերրը պետք է օգտագործել փոքր չափաբաժնով, որպեսզի աչքին հաճելի երևա:

Բացի հագուստի մոդելավորումից ինչո՞վ եք զբաղվում: 

-Այն ամենը ինչը կապված է արվեստի և արհեստի հետ` հոգեհարազատ է: Ձգտում եմ ստեղծել արվեստի աշխատանքներ ցանկացած տեսակի նյութերից:

-Ինչպիսի՞ն եք դու արհեստից ու արվեստից դուրս, Ձեզ երբևէ պատկերացրե՞լ եք այլ բնագավռում:

-Ես երկար ժամանակ պարել եմ, միգուցե եթե արվեստը չլիներ, պարուհի կարող էի դառնալ: Սիրում եմ սպորտը և սովորել եմ սքեյթ վարել, իսկ բաղձալի բնագավառը  բժշկությունն է: Միգուցե դա էլ լիներ երկրորդ մասնագիտությունս:

Պատրաստվո՞ւմ եք հագուատներ վաճառել հավաքածուից

-Պայուսակների հավաքածուից հաճույքով:  ( ծիծաղում է)

Օրինակ պայուսակներ, հայկական զարդանախշերով վզնոցներ պատրաստելու համար հարկավոր է լավ ծանոթ լինել ազգայինին, դուք այդ մասին կարդում եք, ուսումնասիրում նոր միայն ստեղծո՞ւմ:

-Եթե խոսքը հայկականի մասին է գնում, ապա համաշխարհային արվեստի պատմությունից մինչև ուսումնասիրել եմ հայկական տարազի պատմություն: Նախ ամենը տպավորում է, ընկալվում,  նոր վերարտադրվում հագուստի կամ աքսեսուարի միջոցով:

 

Աիդա Գևորգյան

4-րդ կուրս

Կիսվել