«Հայրս ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին»

«Հայրս ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին»

1409

«Ուրախությունն ու լացը իրար են խառնվել, ուրախ եմ, որ հայրս և եղբայրս այժմ առողջ ինձ հետ են, բայց տխրում եմ` նայելով հորս։ Մի տեսակ դատարկություն եմ զգում, կարծես հայրս փոքր-ինչ խեղճացել է։ Երբ փոքր էի, վախենում էի հայրիկիս հպարտ հայացքից, իրական զինվորական, ում շողքը միայն բավարար էր վախ զգալու համար, բայց այժմ հայրս կարծես թևաթափ է եղել»։ Պատերազմը մեկ օրում մտավ մեր կյանք. տան դուռը բացելուն պես առերեսվում ես դաժան այդ իրողությանը։ Այն ամենուր է։

«Մենք Քարվաճառից ենք։ Հայրս և եղբայրս այս օրերին եղել են Քարվաճառում։ Եղել են կռվի ամենաթեժ վայրերից մեկում, օրեր են եղել, երբ անգամ չենք կարողացել խոսել նրանց հետ, բայց միևնույն է, զինվել ենք համբերությամբ, լավատեսությամբ, չենք կորցրել հույսը առ Աստված»: Մելինեն արցունքն աչքերին է խոսում  այն օրերի մասին, երբ իր հայրը և ավագ եղբայրը 44 օր անձնուրաց կերպով պաշտպանել են հայրենիքը։ Այն հայրենիքը, որը մեզ տրվել է արյան գնով, այն հայրենիքը, որ իր մանկության երջանիկ օրերը խլել է իրենից, որ ազգը հանգիստ քուն մտնի, որովհետև իր հերոս հայրը  շատ ու շատ այլ  հերոսների հետ միասին թողել են իրենց ընտանիքը և նվիրվել սուրբ գործին` հայրենիքի պաշտպանությանը։ Միշտ պատմում է, որ մինչև վեց տարեկանը պարուրված է եղել հայրական սիրով, իսկ դրանից հետո իր հերոս հայրիկին հանձնել է սուրբ հայրենիքին։ Հայրը դստեր սերը տվել է զինվորներին, բոլորին համարելով իր որդիներ, այդ սերը տվել է նրանց։ Իսկ թոշակի անցնելուց հետո, երբ պետք է հետ վերադառնար, չի եկել, որովհետև  համարել, որ չի ավարտել հայրենիքի ծառայությունը ու պիտի իր ռազմական արվեստը սովորեցնի իր զինվորներին։

«Սիրիր հայրենիքդ այնպես, որ թշնամին վախենա այդ սիրուց».  հենց Մոնթեի խոսքերն է մեջ բերում Մելինեն՝  արցախցի 19-ամյա հայուհին, իր հերոս հայրիկին նկարագրելիս։ Մելինեն արմատներով Արցախից է, բայց ապրում է Էջմիածնում։ Միշտ ջերմությամբ է խոսում Արցախից` հպարտանում է իր արցախցի լինելով։ Ամեն անգամ, երբ խոսում է իր հերոս հայրիկից ( ի դեպ իր հայրը մասնակցել է արցախյան երկու պատերազմներին և այս մեկն էլ բացառություն չէ, կոչումով փոխգնդապետ Ստեփան Սիմոնյանը մինչև 2016թ. անձնուրաց կերպով ծառայել է հայոց բանակին), ոգևորությունը և հպարտությունը իրար են խառնվում։ «Հայրս ինձ միշտ ասում է, որ լավ հիշեմ Արցախը մեր պատմական հայրենիքի մի մասն է, աշխարհագրական այն տարածքն է, այն միջավայրը, որի տարածքում առաջացել, ձևավորել և գոյատևել է հայ ժողովուրդը, ուստի մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր հողը, պահպանելու համար հայ էթնոսը»։ Մելինեի հայրը իր խոսքի տերը եղավ. նա այս ծանր օրերին կրկին պայքարում էր ոսոխի դեմ։ Պայքարում հանուն իր ազատագրած հայրենիքի, իր ընկած զինակից ընկերների, նրանց այրամբ ներկված հողի։

Վերջին անգամ անցած տարի ամռանն է Մելինեն գնացել Քարվաճառ, չէր էլ պատկերացնի, թե այսպես կդասավորվի ամեն ինչ։ Այժմ նրանք իրենց տունը դատարկում են, դուրս են գալու սեփական հողից, բայց ինքը իր լավատեսությունը չի կորցրել, թևաթաև չի եղել, հավաքել է իրեն և համոզված է, որ շուտով, շատ շուտով նորից գնալու է Քարվաճառ, նորից կանգնելու է սուրբ հողի վրա, նորից մոմեր է վառելու հանուն խաղաղության գեղատեսիլ սուրբ Դադիվանքում։ Հույսը չի մարել,  հույսը ապրում է…

 Լենա Կարապետյան

2-րդ կուրս

Կիսվել