«Սուջուխ չենք պատրաստել, սիրտ ու հավես չունենք». Աշտարակն այլևս առաջվանը չէ

«Սուջուխ չենք պատրաստել, սիրտ ու հավես չունենք». Աշտարակն այլևս առաջվանը չէ

1110

Այսօր սուջուխ պատրաստում են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, բայց աշտարակցիների  խոսքով՝ հենց Աշտարակն է սուջուխի «հայրենիքը»: Տեղաբնիկ  Անահիտը սուջուխ պատրաստել սովորել է իր տատիկից, ով այն  նմանեցրել է հայի անցած դժվարին ու խորդուբորդ ճանապարհին: Ասում է՝ միայն հիմա է  հասկանում  խոսքերի իմաստը:

Տեղացիները ընկուզենիները հոկտեմբերի վերջին օրերին են  սկսում թափ տալ:  Հետո ջարդում են այն ու դնում չորանալու: Այնուհետև  շարում են շաքարաթելի վրա ու մի քանի օր այդպես թողնում: Աշտարակցիների համար սուջուխ թաթախելը ընտանեկան լավ ավանդույթ է՝ օր են որոշում, հարազատներով հավաքվում ու անցնում բուն գործողություններին:  Շարված ընկույզը «թաթախում են խաղողից նախապես  քամված շիրայից  պատրաստված շփոթի մեջ ու կախում բարձր տեղից, որ  չորանա»,  վերջում էլ հարևաններին «բաժին հանում»: Սակայն այս տարի ավանդույթը չի պահպանվել. մեղավորը պատերազմն  է:

Այս տարի  աշտարակցիները հրաժարվել են սուջուխ պատրաստել: Ասում են՝ սիրտ ու հավես չունենք:   Եղել են ընտանիքներ, ովքեր պատրաստել են, բայց ոչ այնպես, ինչես առաջ՝ «Համայակ ջան»-ը  չեն երգել, ոչ էլ հարազատներով են հավաքվել: Պարզապապես պատրաստել են վաճառելու նպատակով  (շատերի համար այն համարվում է ապրուստիի միջոց):

Քաղաքում կյանքը կանգ է առել՝ փողոցները մարդաշատ չեն, բնակիչներն էլ առաջվա նման չեն ժպտում, բայց շարունակում են հյուրընկալ մնալ:  Քաղաքի բնակչուհին ասում է՝ պատերազմը հազարավոր  կյանքեր խլեց, հետո էլ հավելում, որ  միայն Աշտարակից 40-ից ավել տղա է զոհվել, բայց  բոլորն են սգում փոքր քաղաքի մեծ վիշտը. ամբողջ Հայաստանն է վշտի մեջ:   

Ոչինիչ առաջվանը չի լինի. «Մերը գույների երկիր  էր, այժմ  դարձել է միայն  սև ու սպիտակի, բայց   այդ երկրի  փոքր քաղաքը՝ Աշտարակը, հիմա անգույն է»:

Ասում է՝ այստեղի ավանդույթներից մեկը՝ սուջուխ պատրաստելը, կպահպանենք  ու առաջվա նման կուղարկենք առաջնագծի մեր զինվորներին, բայց ապրել այնպես, ինչպես նախկինում են ապրել, դժվար թե կարողանան:    

Մարինա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել