Թափառող շների թիվը մտահոգում է էջմիածինցիներին

Թափառող շների թիվը մտահոգում է էջմիածինցիներին

1378

Թափառող շների  հարձակումներից բողոքողների թիվը օրեցօր ավելանում է։ Խնդիրը գնալով բարդանում է. սա անհանգստացնում է Էջմիածին քաղաքի բնակիչներին։ Ըստ ՀՀ կառավարության 2019թ.  որոշման՝ շների դեմ պայքարի և վնասազերծման նախկին մեթոդներն այլևս կիրառելի չեն կարող լինել, օրինազանցները կենթարկվեն քրեական պատասխանատվության.նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով տուգանք կամ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկում։ 

Ծնողները բողոքում են, որ ստեղծված իրավիճակը հատկապես վտանգավոր է երեխաների համար, ովքեր հաճախ շների հարձակման վախից կա´մ չեն կարողանում դպրոցից տուն գալ, կա՛մ դուրս գալ և խաղալ։ Ասում են , որ ագրեսիվ շատ շներ կան։

«Օրեր առաջ,  երբ ես դպրոցից տուն էի գալիս, ինձ վրա հարձակվեցին շները.ես շատ վախեցա։Արագ վազեցի տուն»,- այս մասին մեզ պատմում է Կարենը, ով սովորում է դպրոցում։

Կարենը նշում է, որ իրենք ընկերներով վախենալով են դրսում խաղում, իսկ երբ շների են տեսնում,  վերադառնում են տուն։

Թափառող շները նաև մեծ վնասներ են հասցնում այն բնակիչներին , ովքեր ընտանի կենդանիներ են պահում։ Շիրվանզադե փողոցի բնակիչներից մեկը մեզ ցույց տվեց, թե թափառող շները ինչպիսի վնաս են հասցրել իր  կենդանիներին, և հավելեց. «եթե մյուս անգամ էլ այս դեպքը տեղի ունենա, ինքս անձամբ եմ զբաղվելու խնդրի լուծմամբ»։

Բնակիչը նաև ասաց, որ լուծումներից է համարվում կացարանի տարբերակը, թեպետ կենդանասերները և անասնաբույժները այնքան էլ հակված չեն այս մոտեցմանը։

Մեզ հետ զրույցում անասնաբույժ Սոնան նշեց, որ դեմ է խնդրին ավանդական տարբերակով մոտեցմանը.

«Անթույլատրելի եմ համարում այն, որ կենդանուն պետք է վնասել, եկեք զերծ մնանք այդպիսի գործողություններից։ Այո՛, այսօր կա այդ խնդիրը, կան շներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, բայց կարելի է խնդրին ժամնակակից լուծումներ տալ։ Իսկ ինչ վերաբերում է կացարանի տարբերակին՝ արդյո՞ք ճիշտ է կենդանուն պահել կացարանում»։

Մենք զրուցեցինք նաև Էջմիածնի քաղաքապետարանի մամլո խոսնակ Մարիամ Պողոսյանի հետ, և նա մեզ հայտնեց, որ  քաղաքապետարանը թափառող շների վերաբերյալ վերջին երկու ամսվա ընթացքում ստացել է 11 ահազանգ։ Արվում է  ամեն ինչ, որ թափառող շների խնդիրը լուծվի քաղաքակիրթ ճանապարհով ` ստերջացմամբ։ Սակայն հիմնախնդրի լուծման այս տեսակը ժամանակ է պահանջում։ Նրա խոսքով՝ շները փողոցում չեն պակասելու, քանի որ ստերջացման ծրագիրը պարբերաբար է կատարվում։ Ընդհանուր 150 շուն է ստերջացվել։ Քաղաքապետարանը հորդորում է բոլոր քաղաքացիներին չվախենալ այն շներից, որոնց ականջներին կան դակումներ և համարակալումներ։ Մարիամ Պողոսյանը նաև հավելեց, որ ստերջացման ծրագիրը դեռ շարունակվում է։

Լենա Կարապետյան

2-րդ  կուրս

Կիսվել