Սպիտակ տան աղբյուրները հայտնել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին

Սպիտակ տան աղբյուրները հայտնել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին

571

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում ճանաչել պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:

«Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչել է 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր մահացել էին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Նա այն ժամանակ ասել էր, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք այս սարսափելի փաստի առթիվ: Այս վարչակազմը հանձնառու է առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, վստահեցնելու, որ նման կոտորածներ այլևս չեն կրկնվի: Այս ամենի կարևոր բաղադրիչն է պատմության ճանաչումը»,- նշել է խոսնակը՝ Kathimerini-ի խնդրանքով արձագանքելով ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից նախաձեռնված նամակին, որը ստորագրել էին 36 այլ դեմոկրատ և հանրապետական սենատորներ:

Մենենդեսը նամակում Բայդենին հիեցրել էր, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում:

Սպիտակ տան խոսնակի մեկնաբանությունից հետո քաղաքագետ, քաղաքական խորհրդատվություն տրամադրող առաջատար Eurasia Group-ի և համաշխարհային հարաբերությունների լուսաբանումն իրականացնող GZERO Media-ի նախագահ Յան Բրեմերը հայտարարել է, որ Սպիտակ տան իր աղբյուրը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն:

Կիսվել