«Նաև բժիշկը իրավունք ունի մեկ-մեկ անլուրջ լինելու»

«Նաև բժիշկը իրավունք ունի մեկ-մեկ անլուրջ լինելու»

1420

Բլոգ վարելու համար հատուկ հմտություններ անհրաժեշտ չեն, սակայն հետևելով բլոգերներին` գուցե, ինքդ ձեռք բերես նոր հմտություններ: Բժշկուհի Սուսաննա Զադոյանը համավարակով պայմանավորված կարանտինը արդյունավետ օգտագործեց, որի ընթացքում նիհարեց  մոտ 10 կգ, ինչի մասին խոսելով իր էջում` սկսեց իր ինստագրամյան գործունեությունը: «Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ մարդիկ սկսեցին հետաքրքվել, թե ինչպես եմ նիհարել: Դե որ պահանջարկը կար, սկսեցի գրել այդ մասին, խորհուրդներ տալ, զգացի էջս օրեցօր աճում է: Գրում էին անծանոթ մարդիկ, խնդրում էին օգնել: Հետո սկսեցին պահանջել, այո-այո, պահանջել, արդեն  մասնագիտական նյութեր, հետո էլ սկսեցին հետաքրքրվել իմ անձնականով: Իսկ հիմա բլոգս  ամեն ինչի միքս է՝ առողջ սննդակարգ, անձնական կյանք, սպորտ, հարաբերություններ, ռադիոլոգիա»:

Բժշկուհու ինստագրամյան էջը բլոգի վերածվեց նախորդ տարվա հունիս ամսից, նրա խոսքով` սկզբնական շրջանում հատուկ ոչինչ չէր անում և, չունենալով էջում հստակ անելիք, օր օրի շատանում էին հետևորդների թիվը. «Սկզբում, արթնանում էի, սթորիներ անում, նկարներ դնում, ինֆորմացիայով կիսվում ու վերջ: Այն ժամանակ ունենալով ընդամենը 2000 հետևորդ՝ իմ բլոգն ակտիվությամբ մրցում էր մի քանի տասնյակ հազար հետևորդ ունեցող էջերի հետ: Այդ ակտիվությունն ինձ շշմեցնում էր: Էդտեղից հասկացա, որ ես պետք է լինեմ ինֆլյուենսեր: Զգացի, որ դա ինձ մոտ ստացվում է: Ու հենց դա զգացի, սկսեցի առավել ճիշտ ուղղորդել էջս», պատմեց Սուսաննան: Նա անկեղծացավ, որ  նպատակը 10 հազար հետևորդի սահմանը հատելն էր, որը հատելուց հետո ստեղծվեցին այլ նպատակներ բլոգի հետ կապված, արդեն ոչ թե թվային, այլ գաղափարական, քանի որ զգում էր, որ արդեն ունի լսելի ձայն ու այն կարող է օգտագործել ինֆորմատիվ, կրթական նպատակներով:

«Կան այդպիսի բլոգերներ, ովքեր իմ ընկերներն են դարձել ի դեպ: Ճանապարհիս սկզբին ինձ անշահախնդրորեն աջակցել են մի շարք մեծ լսարան ունեցող մարդիկ, այ հենց իրենք են ոգեշնչել: Ինստագրամում կան բժիշկներ, ովքեր բլոգ են վարում, իրենք շատ են դուխ տալիս, որ այո´, կարելի է լինել բժիշկ ու հասցնել ակտիվ լինել սոցցանցերում»: Սուսաննային մեծամասամբ հետևում են կանայք, որոնց հետաքրքիր է բժշկուհու սիրո պատմությունը, և երբեմն էլ  ստանում են բժշկական օգտակար խորհուրդներ. «Բարի կանայք ու աղջիկներն են իմ հետևորդները: Տղաները քիչ են: Բայց ոնց նկատել եմ՝ կան: Դեռահասներ կան, ովքեր ամեն օր գրում են, որ հիանում են ինձնով ու ամուսնովս: Ըստ իս՝ մարդիկ ինձ հետևում են, որովհետև ուզում են տեսնել սեր: Իմ սթորիներում սեր է: Ես չեմ ամաչում ամեն օր ցույց տալ, որ սիրում եմ: Դրանից չքնաղ բան չկա: Նաև բժիշկը կարող է, և իրավունք ունի մեկ-մեկ անլուրջ լինելու: Ես դա էլ եմ սիրում: Ինձ ասում էին` հասկացանք սիրում ես, ամեն անգամ մի շեշտիր դա, բժիշկը պետք է զգացմունքները չարտահայտի էդքան հաճախ: Հիմա էդ մարդիկ ասում են` սիրով քեզ հետևում ենք, ապրես:

Սուսաննային մոտիվացնում են նախկինում եղած և´ հաջողությունները, և´ անհաջողությունները: Հաջողություններից շատ է ոգեշնչվում, տպավորվում, բայց անհաջողությունից հետո էլ իրեն կիսատ է զգում: Ամեն կերպ ջանում է հաղթահարել դա, և ըստ նրա`  դա ավելի հզոր մոտիվացիա է: «Մոտիվացնում են մարդիկ, ովքեր հասել են այս կյանքում ինչ-որ բանի, հատկապես՝ կանայք: Մեկ էլ ամենակարևորը, մոտիվացնում է ամուսինս, միասին գործ ենք սկսել, միմյանց դուխ ենք տալիս»:

Սուսաննայի ամուսինը` Արթուր Ջանազյանը ևս բժիշկ է` նեոնատոլոգ: Նա իր ինստագրամյան էջում երբեմն տեղադրում է  մասնագիտական ուսուցողական նյութեր, սակայն վերջին շրջանում նրա գործունեությունը ևս որոշակի փոփոխվել է: Կնոջ`Սուսաննայի  հետ համատեղ բացեցին տելեգրամյան ալիք, որը նույնպես ուսուցողական բնույթ է կրում, սակայն այնտեղ կա հստակ մշակված թեմաներ և նյութը միայն մասնակիցների համար է հասանելի: Ուսուցողական ալիքի գաղափարը Սուսաննայինն է, երիտասարդ ծնողներին արդի մոտեցումներով  կրթել և զարգացնել` Արթուրինը: «Սկզբնական էտապում դա ավելի շատ փորձ էր, իսկ հետագայում, երբ տեսանք ակտիվությունը` մենք նույնպես ոգևորվեցինք: Դե իսկ հարթակի ընտրությունը պատահական չէր։ Դա արդեն փորձված գործիք է աշխարհում», նշեց Արթուրը: Տելեգրամյան ալիքը, ըստ Արթուրի, ստեղծվել է որպեսզի օգնի ներկա և ապագա ծնողներին ավելի լավ հասկանալ իրենց երեխային, նրանց խնամքին ավելի գրագետ մոտենալ` զերծ մնալով կասկածելի մեթոդներից: Նրա խոսքով` իր  համար ժամանակային առումով շատ բարդ է, և առանց կնոջ ոչինչ հասցնել չեր կարող:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել