Մշտական ուշացումներ, վարորդների վատ վարքագիծ, մեքենայի ոչ սարքին վիճակ. պատասխանատուների պատասխանին սպասելով

Մշտական ուշացումներ, վարորդների վատ վարքագիծ, մեքենայի ոչ սարքին վիճակ. պատասխանատուների պատասխանին սպասելով

1178

Ջրառատ-Հովտաշատ-Երևան միջմարզային N487 միկրոավտոբուսները երթուղի են դուրս գալիս ոչ պատշաճ կարգով։ Վերջիններս սպասարկում են  Ջրառատ, Հայկաշեն, Գայ, Հովտաշատ, մասամբ նաև՝ Հայանիստ, Խաչփառ, Ազատաշեն, Գեղանիստ համայնքները։ Ուղևորները շարունակ բողոքում են միկրոավտոբուսների երթևեկությունից։ Միկրոավտոբուսից օգտվող քաղաքացիների շրջանում իրականացված հարցման արդյունքում պարզվեց հետևյալը.

Հարցվածների 80% և ավելին գոհ չեն միկրոավտոբուսի երթևեկությունից, իսկ 50% և ավելին՝ բախվել են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են մշտական ուշացումները, վարորդների վատ վարքագիծը, միկրոավտոբուսի ոչ սարքին վիճակը և այլն։

Ուղևորների մեծամասնությունը ուսանողներ են, ովքեր բազմիցս ուշացել են դասերից։ Երթուղայինի անսարքության պատճառով շատերը ճանապարհին են մնացել, անգամ եղել է դեպք, երբ դուռն արգելափակվվել է, և ուղևորները ստիպված են եղել իջնել հետևի դռնով։ Պատահում է՝ խցանման պատճառով ուղևորներն իջեցվում են կես ճանապարհին կամ փոխվում է երթուղու ուղեգիծը, ինչի պատճառով, օրինակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ուղևորները ստիպված են լինում սպասել հաջորդ միկրոավտոբուսին։ Այժմ ոմանք խուսափում են օգտվել միկրոավտոբուսից, ոմանք էլ զրկվել են աշխատանքից, ինչպես օրինակ Հասմիկը. «Մի տեղ գնալու համար պարտադիր ուշանալը կա, որ ժամին էլ դուրս ես գալիս։ Վախենում ես գնաս գաս։ Ու՞մ դուրը կգա, որ ամեն օր ուշացած գնաս»,-ասում է N487 միկրոավտոբուսի ուղևորը։

2016 թվականի ապրիլի 29-ին ՀՀ տրանսպորտի և կապի աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյանը ստորագրել է N487 միջմարզային միկրոավտոբուսային երթուղու չվացուցակը, ըստ որի այդ երթուղով երթևեկող տրանսպորտային միջոցների քանակը եղել է 12 (օրվա ընթացքում երթերի քանակը՝ 60, շրջապտույտների քանակը՝ 30): Տրանսպորտային միջոցները երթուղի պետք է դուրս գային 20 րոպե տարբերությամբ:

Այնուհետև, 2017 թվականին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանի հրամանով 2016 թվականին ստորագրված հրամանը ուժը կորցրած է ճանաչվում, և 2017 թվականի օգոստոսի 25-ին Վ. Մարտիրոսյանը ստորագրում է նոր հրաման, ըստ որի` սահմանվում է գ. Ջրառատ-գ. Հովտաշատ-Երևան երթուղու նոր չվացուցակ և ուղեգիծ: Նոր հրամանում տրանսպորտային միջոցների քանակը եղել է 8 (օրվա ընթացքում կատարվող երթերի քանակը՝ 32, շրջապտույտների քանակը` 16): Փաստացի, օրվա ընթացքում կատարվող երթերի քանակը գրեթե երկու անգամ կրճատվել է։

Հաջորդ տարիներին և այսօր ևս որևէ նոր որոշման կամ նոր հրամանի չենք հանդիպում «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» նախարարության կայքէջում։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ վերջին հրամանը 2017թ.-ին հրապարակված Վ. Մարտիրոսյանի կողմից ստորագրված որոշումն է։ Խնդիրն այն է, որ տրանսպորտային միջոցների քանակն ու երթերի քանակը ոչ միայն կրճատվել են, այլև չեն համապատասխանում վերը նշված հրամանի կետերին։ Վերջինս էլ հանգեցնում է ուշացումների, ինչից էլ բողոքում են քաղաքացիները։

Խնդրի վերաբերյալ փորձեցինք նախ պարզաբանում ստանալ N487 միկրոավտուբուսի երթուղային գծի համակարգողից, ով սկզբում չցանկացավ ներկայանալ՝ պարտավորությունից խուսափելու համար, իսկ հետո ակամայից բացահայտեց և՛ իրեն, և՛ սքողված խնդիրը. «Ես իրանցից խաբար չեմ, ես քեզ տվյալ չեմ կարա ասեմ, ինչ էլ ասեմ, խաբելու եմ։ Կարողա մի րոպեում երեք հատ գազել գա, երեք րոպեում՝ մի հատ։ Գրաֆիկ-մրաֆիկ չկա, որ ես քեզ ասեմ»,-ասաց N487 միկրոավտոբուսի երթուղային գծի համակարգողը։

Հարց է առաջանում. հետևողակա՞ն է արդյոք նախարարությունը մարզային երթուղիների նկատմամբ, կամ արդյո՞ք նոր հրաման չի նախատեսվում նշյալ խնդրի վերաբերմամբ։ Պատասխանները փորձեցինք գտնել՝ զանգահարելով «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» նախարարություն։ Մեզ ուղղորդեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի վարչություն»։ Այստեղից էլ ուղղորդեցին հետ՝ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» նախարարություն։

 Զանգահարեցինք «Ավտոմոբիլային տրանսպորտի վարչության» բաժնի պետ Արման Կարապետյանին, սակայն պատասխանեց նրա տեղակալը, ով էլ ասաց, որ իրավասու չէ տվյալներ տրամադրել, իսկ Կարապետյանն ընդմիջման է։ Փորձեցինք հետագայում ևս կապվել, սակայն վերջիններս չպատասխանեցին մեր զանգերին, իսկ գրավոր հարցում հնարավոր չէ  ուղարկել, քանի որ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» նախարարության կայքէջն արդեն քանի օր է չի գործում, իրենց խոսքով` աշխատում են կարգավորել խնդիրը։

Օրեր անց՝ ապրիլի 23-ին գրավոր հարցում ուղղեցինք «Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին։ Վերջինիցս, սակայն, 5-օրյա ժամկետի լրանալուց հետո պատասխան չստացանք։ Մայիսի 1-ին ևս մեկ հարցում ուղղեցինք։

Այս անգամ ևս պատասխան չստացանք։ Փաստն այն է, որ պատասխանատուներին հետաքրքիր չեն մարզային երթուղիները, իսկ արդյունքում տուժում է քաղաքացին։ Խնդրի լուծումն անժամանակ մնում է առկախ, իսկ քաղաքացիների պահանջը մեկն է. Վերահսկել N 487 միկրոավտոբուսների աշխատանքը, միկրոավտուբուսները փոխարինել ավտոբուսներով։

Քնարիկ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել