Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից Դավիթ Թեմուրյանը պատմում է պատերազմի, զոհված ընկերների և իր հետագա պլանների մասին։ Պատերազմի ավարտից հետո նա արժանացել է «Մարտական ծառայություն» պատվավոր մեդալին։ Դավիթի խսոքով՝ նա դեռ լիարժեք չի վերադարձել քաղաքացիական կյանքին, չնայած իր զորացրումից անցել է երկար ժամանակ։
-Քաղաքացիական կյանքում երբևէ մտածե՞լ եք, որ ձեր ծառայության ընթացքում կարող է պատերազմ սկսվել, և Ձեզ մի օր հերոս կկոչեն։
–Եթե անկեղծ, ապա մտածել եմ ու հաճախ ասել, որ գնամ ծառայության, պատերազմ կլինի, ես էլ կհերոսանամ ու ետ կգամ. այդպես էլ եղավ։
-Ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է, ու ի՞նչ զգացիք այ պահին:
-Մարտական հերթապահության էի, հետո առաջին կրակոցները լսվեցին, առաջին սնարյադի ձայները լսվեցին, մտածեցինք՝ կով է մինի վրա պայթել, բայց հետո հասկացանք, որ պատերազմ է սկսվել։
Դավիթ Թեմուրյանը ծառայության 1,5 տարին անցկացրել է Շուշիում, իսկ 44 օրյա պատերազմում պաշտպանել է Մարտակերտի շրջանի Մատաղիսի պաշտպանական դիրքը: Պատերազմի հենց առաջին օրվանից հյուսիս-արևլյան հատվածից ընկել է շրջափակման մեջ և մի քանի օր անց, համառ պայքարի արդյունքում, ընկերներով դուրս եկել շրջափակումից։
-Տուն շատ քիչ էի կարողանում զանգել, սկզբում, երբ շրջափակման մեջ էի, մերոնք չգիտեին անգամ՝ ողջ եմ, թե զոհվել եմ, հետո 3-4 օրը մեկ մի քանի վայրկյանով զանգում էի, որովհետև պատերազմի առաջին օրից միայն մորս մասին էի մտածում։
-Հասարակությունը Ձեզ արդեն ճանաչում է որպես հերոս, իսկ ո՞վ է Ձեր հերոսը։
-Իմ հերոսը իմ զոհված ընկերներն են։
Հերոսը նշում է, որ պատերազմը փոխել է իր մտածելակերպը, այնտեղ, շրջափակման մեջ լինլով, շատ է մտորել կյանքի մասին ու հասկացել, որ շատ բան է բաց թողել: Իսկ հիմա ամեն ակնթարթ իր համար թանկ է, գնահատում է կյանքը ու պատրաստ է կյանքի յուրաքանչյուր դժվարության, միայն թե այլևս երբեք չկրկնվի այն ամենը, ինչ նա տեսավ։
-Երբ թշնամու հետ դեմ առ դեմ էիք հայտնվում, ի՞նչ էիք մտածում:
-Կա՛մ ես, կա՛մ նա. ինչպես տեսնում եք, ես հիմա նստած հարցազրույց եմ տալիս (ժպտում է):
Դավիթի հայրը՝ Սարգիս Թեմուրյանը նույնպես ազատամարտիկ է եղել: Հերոսը նշում է, որ երբ իմացել է պատերազմի ավարտի մասին, մեծ ափսոսանք է ապրել, որ հոր ազատագրած հողերը մնացել էին թշնամուն։ Նա կռվի ժամանակ միշտ զգացել է հոր ներկայությունը, հիշել հոր կատարած հերոսական արարքները և փորձել նմանվել նրան։
-Ի՞նչ արժեք կամ գին ունի արիության մեդալը Ձեզ համար։
– Հրաժարվում եմ պատասխանել հարցին:
Տեսանյութում Դավիթը պատմում է առաջնագծում իր ու Աստծո կապի մասին․
Հարցազրույցը ամփոփեցինք մի քանի բլից հարցերով․
-Թուրքը մեզ հակառակո՞րդ է, թե՞ թշնամի:
-Թշնամի:
-Հայաստան աշխարհը թանկ հո՞ղ է, թե՞ հայի դեմքն ու պատիվը:
-Բնականաբար՝ պատիվը:
-Կառուցել նորը, թե՞ վերականգնել քանդվածը:
-Վերականգնել քանդվածը:
-Իրադարձություն, որը հիմնովին փոխեց կյանքդ:
-Պատերազմը, միանշանակ:
-Սիելի գիրք, ֆիլմ…
-Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը»:
-Սիրե՞լ, թե՞ լինել սիրված:
-Լինել սիրված:
Սերժանտ Թեմուրյանը չի սիրում խոսել պատերազմից ու իրենց կատարած քաջագործություններից, ինչ էլ պատմում է, արտաբերում է ցածրաձայն ու դանդաղ: Բայց միշտ բոլորին ասում է՝ կիսատ գործ ունեն, դեռ ոչինչ ավարտված չէ։ Դավիթը այժմ շարունակում է ուսումը, որոշել է ծրագրավորող դառնալ։
Լյուսինէ Առաքելյան
1-ին կուրս