Հայոց Եկեղեցու պատմությունը՝ որպես պարտադիր առարկա

Հայոց Եկեղեցու պատմությունը՝ որպես պարտադիր առարկա

780

«Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական համակարգ ներդրվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և նախկին վարչապետ Անդրանիկ մարգարյանի կողմից ստորագրված համաձայնագրով 2003 թվականի հունվարից։ Նպատակն է ազգային և համամարդկային արժեքներին ծանոթացնելու ու հաղորդակից դարձնելու միջոցով նպաստել աճող սերնդի ազգային-հոգևոր նկարագրի ամբողջացմանը: ԿԳՄՍ նախարարությունը մտադիր էր «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան  դուրս հանել պարտադիր առարկաների շարքից:  Նման  որոշումը բողոքի ալիք բարձրացրեց հանրության կողմից: Շատերը կարծում են, որ այդ քայլով ոչնչացնում ենք  ազգայինը, իսկ հակառակ կողմը պնդում է, որ առարկան իրենից ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու քարոզ և այն ոտնահարում է այլ դավանանք ունեցող մարդկանց իրավունքները: 

Թեմայի շուրջ Journalist. am-ը զրուցել է Տեր Հուսիկ քահանայի հետ: Այս առիթով մանրամասնեց. «Եթե տեսականորեն ընդունենք, որ առարկայի ձեռնարկները եւ մատուցումն ունեն ինչ-ինչ խնդրահարույց կողմեր, ապա պետք է գլխացավը բուժելու փոխարեն գլուխը կտրե՞լ։ Ավելի ճիշտ չէ՞ շտկել թերությունները, քան հեռացնել մի առարկա, որը վերաբերում է հայ իրականության մեջ ամենից հին եւ մեր ինքնության համար ամենաէական սյուներից մեկի պատմությանը։  Իսկ եթե հարցին ավելի իրատեսական նայենք, կտեսնենք, որ առաջ բերված խնդիրները արհեստածին են։ Հայաստանը գրեթե միատարր երկիր է, որտեղ բնակչության 90 տոկոսից ավելին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ են։ Հետեւաբար, անգամ «քարոզ» լինելու պարագայում, չեն կարող ոտնահարվել ձեր ասած «շատերի» իրավունքները, այլ միայն` որոշ փոքրամասնությունների։ Որքանով ինձ է հայտնի, մինչեւ այսօր ո՛չ ռուսական, ո՛չ հրեական, ո՛չ ասորական, ո՛չ եզդիական համայնքներից եւ նրանց կրոնական ներկայացուցիչների կողմից բողոքի ալիք չի բարձրացվել։ Ընդհակառակը` եղել են դրվատանքի եւ գնահատանքի խոսքեր։ Ուրեմն ովքե՞ր են այդ «շատերը», որոնք բողոքում են։ Ես կասեմ. անհատներ եւ գործակալ կազմակերպություններ, որոնց կոկորդին Հայոց Եկեղեցին իր վաստակով, իր պատմությամբ, իր դավանական եւ մշակութային յուրօրինակությամբ եւ իր հոգեւոր ու ազգային գործունեությամբ ոսկոր է դարձել»:

Ինչ վերաբերվում է դասի սկզբում աղոթելուն, քահանան հետեւյալ պատասխանը տվեց. «Եթե դասարանում 20-30 աշակերտներից 1-2-ը (ավելի շուտ նրանց ծնողները), չեն ընդունում աղոթքի կարեւորությունը եւ ինչ-ինչ պատճառներով դեմ են, արդյոք ճի՞շտ է աղոթքից զրկել մեծամասնությանը։ Կարծում եմ շատ դեմոկրատիկ չէ… Ես հոգեւոր ծառայությունս մատուցում եմ մոլորակի ամենաաշխարհիկ երկրում, այստեղ աշխարհիկությունը թիվ 1 գաղափարախոսություն է, եւ պատկերացրեք, իմ երեխաների դպրոցում նույնպես աղոթում են։ Եթե կան ծնողներ, որ դեմ են, ապա գրավոր կերպով զգուշացնելու դեպքում իրենց երեխան չի մասնակցում աղոթքին, եւ վերջ, բայց այս դպրոցի կարգ ու կանոնի համաձայն աղոթքը եւ հոգեւոր կրթության դասաժամերը ծրագրի մաս են կազմում, եւ այդ չի կարող արգելվել անգամ կառավարական մակարդակով։ Մի օրինակ բերեմ, գուցե մի քիչ սուր, բայց, կարծում եմ` տիպիկ։ Եթե դպրոցում նախատեսված է ֆիզկուլտուրայի ժամ եւ Աստված մի արասցե, երեխաներից մեկը ֆիզիկական պատճառներով չի կարող մասնակցել մարմնամարզությանը, արդյո՞ք առարկան արգելվում է, կամ արդյո՞ք այդ դասի մասնակիցները ոտնահարում են մյուսի իրավունքները։

Առողջ տրամաբանությունը կասի` ոչ։ Իսկ ի՞նչն է ավելի կարեւոր, մարմի՞նը, թե՞ հոգին։ Աղոթքն էլ, մի տեսակ, հոգու մարմնամարզություն է»։

Զրուցեցինք մի աշակերտի ծնողի հետ, ով նախընտրեց մնալ անանուն.

«Մենք այցելում ենք Կյանքի խոսք եկեղեցի, բայց երբեք չենք քննադատել կամ վատ վերաբերվել այլ եկեղեցի գնացող մարդկանց։ Դպրոցում երեխաս ակտիվ է եղել դասերին, ուսուցչուհուն ասել է, որ հաճախում ենք այդ եկեղեցին, որից հետո նրա վերաբերմունքը փոխվել է երեխայիս հանդեպ։ Երեխայիս սկսել են թարս նայել, անվանել են աղանդավոր, ասել են, որ շեղված է։ Գնացել եմ դպրոց, երկար զրույց եմ ունեցել ուսուցչուհու հետ: Նա ասում էր, որ պետք է Առաքելական եկեղեցի հաճախենք, քանի որ այնտեղ ճիշտ են մեկնաբանում Աստծու խոսքը։ Այս ամենը շատ է ազդել երեխայիս հոգեբանոթյան վրա։ Յուրաքանչյուրս ունենք ընտրության իրավունք, պետք չէ անվանել աղանդավոր այն պատճառով, եթե մարդիկ հաճախում են այլ եկեղեցիներ»:

 Խոսեցինք նաև Եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիա Եղիյանի հետ:

«Եթե կա այն գիտակցությունը, որ մենք քրիստոնյա ազգ ենք, ապա առարկան պարտադիր է: Առարկան կոնկրետ Հայոց եկեղեցու պատմություն չէ, որն ինձ շատ մեծ ցավ է պատճառում, որովհետև կարող էր լինել ամբողջությամբ հենց Հայոց եկեղեցու և քրիստոնեւթյանը նվիրված պատմություն: Կան շատ մասեր, որում խոսք է գնում այլ կրոնների մասին` բուդիզմի, իսլամի… Իմ պարագայում առարկան սիրվել է բոլոր աշակերտների կողմից, մեծամտանալ առհասարակ չեմ սիրում: Ինչ վերաբերվում է ծնողներին, ովքեր դեմ են եղել, եղել են ընդամենը  2 հոգի, որոնցից մեկը 50-ական էր, իսկ մյուսը եհովայի վկա: Եհովայի վկան ինքնակամ դուրս եկավ դպրոցից, հասկանալով, որ պարտված է դպրոցում իր գաղափարախոսությունը տարածող ինչ-որ էակ, որովհետև քրիստոնեւոթյունը առաջին հերթին սիրո և հանդուրժողականության կրոն է, այլ ոչ թե պայքարի»:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ շատերը կարծում են, որ առական Հայ առաքելական եկեղեցու քարոզ է, ուսուցչուհին ասում է.  «Քարոզը հատուկ է միայն աղանդավոր կազմակերպություններին, ցանկություն չունեմ նրանց անդրադառնալու, քանի որ նրանք որպես օրինաչափություն կրոնի մակարդակում, հանդիսանում են կրոնի ասպարեզում 100 անգամ ցածր քան Առաքելական եկեղեցին: Դա ոչ միայն ես եմ փաստում, այլ նաև կրոնական կազմակերպության մեջ գտնվող շատ մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում փաստում են, որ արդեն Նարեկացի, Շնորհալի հասկանում են: Քարոզչություն չկա առարկայում, ով Աստվածաշունչ չգիտի, ինքը ոչինչ չգիտի»:

«Սահմանադրությունը հստակ տարանջատում է, որ եկեղեցին առանձին է պետությունից։ Պետական ինստիտուտներում եկեղեցին իրավունք չունի իրացնելու տոտալ քարոզչություն։ Ես հարգում եմ բոլորի կրոնական մոտեցումները և կանոնները։ Պետք է լինի կամավորության սկզբունք, այսինքն, եթե դուք առաքելական եկեղեցու հետևորդ եք ձեզ համարում, ապա 5-ից 9-րդ դասարանում սովորողը թող ծնողի որոշմամբ անցնի Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը իր բաղադրիչներով։ Հարակից օրենսդրությունները եթե նայենք, կտեսնենք, որ 15 տարեկանը ունի աշխատելու և հարկ մուծելու իրավունք, ավագ դպրոցներում պետք է ունենա նաև իր ուսումնական պլանը և համապատասխան առարկաներ ընտրելու իրավունք։ Հասարակության մի քանի խմբերի շահերը պիտի չբախվեն, այդ սահմանագիծը պետք է հստակ դնել, կամավորության սկզբունք պետք է լինի, սա ասում եմ՝ հարգելով բոլորի կրոնական զգացողությունները»,-ասում է պատմաբան և մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը։

Վերա Հայրյան

4-րդ կուրս

Կիսվել