«Այդ ժամանակ ես հասկացա, որ կորցրեցի իմ մանկությունը, իմ տունը ու ամեն-ամեն...

«Այդ ժամանակ ես հասկացա, որ կորցրեցի իմ մանկությունը, իմ տունը ու ամեն-ամեն ինչ…»

193

Ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախցիները ստիպված եղան թողնել իրենց տունն ու տեղը և Հայաստան տեղափոխվել։

Արցախից բռնի տեղահանվածների հետ զրույցում նրանք փորձեցին մի քանի բառով նկարագրել իրենց կարգավիճակը, թե ինչպես են հարմարվում, որտեղ են բնակվում և ինչ նպատակներ ունեն հետագայում:

Գոհար Մինասյանը 73 տարեկան է։ Երբ սկսվել է հրետանակոծությունը, Գոհար տատն ու իր ընտանիքը Արցախում էին։ Այնտեղից դուրս գալուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել են Սիսիանի շրջանի գյուղ Բռնակոթ։

«Մենք Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղից ենք։ Ամիսներ շարունակ շրջափակման մեջ ենք եղել, սեպտեմբերի 19-ին գյուղը սկսցին հրետանակոծել։ Էդ պահին դե խառնվում ես իրար, գիդմ չիս ինչ անիս։ Բայց դե մեր գյուղապետը՝ Անդրե Առաքելյանը, ամեն հարցով օգնեց բոլորիս, չի թողացել սոված ու ծարավ մնանք։ Սեպտեմբերի 20-ին մի հնարով բոլորիս տեղափոխեց քաղաք Ստեփանակերտ, դե գյուղում մնալը ավելի վտանգավոր էր, ամեն պահ հրետանակոծում էին։

Ահագին ժամանակ մնացել ենք Ստեփանակերտում, մին օր հաց կար, մին օր չկար, դե գոնե խոխոնցը համար մի պան ճարում էինք։ Երկար վախտ մնալուց հետո ճնհապեքը պաց արին, հենց տղուս մաշինով էլ դուրս եկանք, եկանք հասանք Գորիս։

Մնալի տեղ չկար, քացինք Սիսիանի շրջանի գյուղ Բռնակոթ, բաերկամուհուս՝ Սուսաննայի տուն։ Հետերնիս մենակ անձնագիր էինք կարացիլ պերինք։ Հարսս էլ խոխա պիտի ունենար։ Համայնքապերատարնը ահագին օգնեց՝ սնունդով, հագուստով։15 օր հետո խոխան հենց ստեղ էլ ծնվելա։

Հարսիս ծնողները Աշտարակ են ապրում, մի որոշ ժամանակ հետո մենք էլ կգնանք  Աշտարակ։ Բայց ինչ վերաբերում է Հայաստանից գնալուն, նման նպատակներ չունենք, էս ա արդեն մեր հողն ու ջուրը, թողնունք, ու՞ր գնանք»:

Խոսեցինք նաև Արցախից վաղուց Երևան տեղափոխված 40-ամյա Արթուր Հակոբյանի հետ։

«Մենք վաղուց ենք դուրս եկել Արցախից, 3 տարեկան էի, երբ ընտանիքով Երևան տեղափոխվեցինք, բայց երբեք կապս չեմ կտրել Արցախի և այնտեղի հարազատներիս հետ։ Երկու քույրերս էլ Արցախում են ամուսնացել։

Վերջին ամիսները շատ դժվար էր, պատերազմի օրերը՝ առավել ևս։ Շատ դժվար է տեսնել, թե երեխադ ոնց է նայում պաղպաղակի դատարկ սառնարանին, կամ կոնֆետի հին թղթերին։ Երբ տեսազանգով էինք խոսում երեխաների հետ, շատ ուշադիր էինք լինում, որ հանկարծ որևէ քաղցրավենիք չերևա։

Երբ հեռուստացույցով լսեցի, որ ադրբեջանական կողմը սկսել է հրետանակոծել Արցախը, անմիջապես փորձեցի կապ հաստատել հարազատներիս հետ, բայց չկարողացա։ Մի քանի ժամ հետո քույրս զանգ տվեց, ասեց աշխատանքի ենք եղել, երբ սկսել են հրետանակոծել, երեխաները դպրոցում են եղել, մի քանի ժամ լուր չեն ունեցել երեխաներից։ Մի քանի օր ապաստարաններում են եղել, հետո արդեն տուն են գնացել։

Օրեր անց քրոջս ամուսինը զանգ տվեց, ու ասեց, որ ժամանակ են տվել, որ դուրս գանք Արցախից, գալիս ենք։ Հենց իրենց սեփական մեքենաներով էլ դուրս են եկել, շատ քիչ բան են կարողացել վերցնել իրենց հետ։ Եկել են հասել Գորիս, այնտեղից էլ եկել են Երևան՝ իմ տուն։ Հիմա այստեղ՝ Երևանում են ապրում։ Ես ինքս եմ օգնել, նոր բնակարան ենք վարձակալել, մինչև հասկանանք թե ինչ կլինի»։

«Երբ սկսվեց պատերազմը, ես քաղաք Երևանում էի։ Մի քանի ամիս առաջ էի քրոջս հետ Արցախից Երևան տեղափոխվել»,-պատմում է 30-ամյա Արմինե  Ավագյանը:

«Պատերազմի առաջին րոպեից անընդհատ զանգում էի բոլորին, բայց շատ դժվարությամբ էի կապնվում, ո՛չ կապ կար, ո՛չ ինտերնետ։ Արդեն հասկանում էի, թե ինչ մեծ մղձավանջ է սպասվում։ Երկու օր հետո կարողացա մի քանիսի հետ կապ հաստատել, ասեցին, որ իրավիճակը շատ վատ է, որ նույնիսկ 2020 թ.-ին այսպես չի եղել, սա ուրիշ կռիվ է։ Օրերն անցնում էին, ու իրավիճակը էլ ավելի էր բարդանում։ Ամեն պահ հեռախոսս ձեռքս նստած սպասում էի մի լավ զանգի, լավ նորության։ Այդ մի քանի օրը ինձ համար տարիներ թվացին։ Հորեղբայրս զանգահարեց, ասեց որ պատերազմը դադարել է ու թույլ են տալիս, որ դուրս գանք։ Այդ ժամանակ ես հասկացա, որ կորցրեցի իմ մանկությունը, իմ տունը ու ամեն-ամեն ինչ։

Ներսումս վախ, բայց միևնույն ժամանակ ուրախություն կար, որ դուրս կգան ու կփրկվեն։ Բոլոր հարազատներս Երևան էին տեղափոխվել, իսկ մորաքրոջս ընտանիքը դեռ այնտեղ էր։ Մորաքրոջս աղջիկը զանգահարեց և ասաց, որ բենզալցակայանում, բենզինի հերթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել և եղբայրս վառվել է։

Հիվանդանոցներում բժիշկ և դեղորայք չկար։ Եղբորս օդային ճանապարհով Հայաստան են հասցրել և անմիջապես տեղափոխել Էրեբունի հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ 10 օր հետո եղբայրս հրաշքով բացեց աչքերը։

Արցախս շատ կարճ ապրեց, մինչ օրս չեմ հավատում, որ էլ չկա մեր տունն ու տեղը, մեր հողն ու ջուրը։ Իմ Արցախը…»:

Այդ ծանր օրերին արցախցիների կացարանով ապահովված Լիանա Թանգյանը մեզ հետ զրույցում պատմում է.

«Մինչև քո սեփական աչքերով չես տեսնում մարդկանց թախիծը, դժվար է լինում պատկերացում կազմել։ Մենք Սիսիանում ենք բնակվում։ Համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ Արցախից ընտանիքներ են եկել և գիշերակացի տեղ են փնտրում։ Երկու տարբեր ընտանիքների (9 հոգի էին) մեր տուն բերեցի։

Սկզբում դժվար էր, չգիտեինք ինչ խոսեինք, որ չցավացնեինք  հյուրերին։ Բայց կամաց-կամաց ամեն ինչ սկսեց իր հունով գնալ։ Դիմավորեցինք, հագուստ ու սնունդ տրամադրեցինք ։Իրենք էլ քիչ-քիչ փորձում էին հարմարվել։ Հիշում էին Արցախում ունեցած իրենց խաղաղ օրերը։ Հեռախոսներն էին բացել, որտեղ իրենց տան և վերջին հիշողությունների նկարներն էին։ Արցունքոտ աչքերով էին հիշում գյուղը, տունը, կենցաղը։ Նրանցից ամենամեծը՝ Ալվարդ տատը, կոկորդը սեխմելով, հազիվ էր խոսում, վիշտը մեծ էր, կորցրել էր երկու որդիներին 35 և 38 տարեկան հասակում։

Այս ընթացքում հնարավորություն ունեցա շփվելու շատ ու շատ Արցախցիների հետ և հասկացա, որ մեծամասնությունը խուսափում է մարզերում՝ հատկապես Սյունիքի մարզում ապրելուց։ Մեկը չի ուզում գյուղում ապրի, քանի որ սովոր չի գյուղի կյանքին, մեկ ուրիշը վախենում է, որ պատմությունը նորից կկրկնվի։

Ամեն դեպքում վստահ եմ, որ Հայաատանում բնակվող ցանկացած մարդ պատրաստ է աջակցելու մեր հայրենակիցներին։ Ի՞նչ իմանաս, վաղը մեզ հետ ինչ կլինի»։

Զինվորական ծառայաության անցած 31-ամյա Արարատ Հայրապետյանն էլ Արցախ էր տեղափոխվել աշխատանքի նպատակով։

«Արդեն երկար տարիներ է, ինչ տեղափոխվել էի քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական ծառայության անցնելու նպատակով։ Ընտանիքս՝ կինս և երեխաներս, Սիաիանում էին ապրում։ Հաճախ էի գնում-գալիս։ Երբ սկսվեց շրջափակումը, Արցախում էի։ Անասելի դժվար էր ամեն ինչ։ Քաղցած վիճակում դիրքեր էինք պահում՝ դիրքեր, որ նույնիսկ չգիտեինք՝ մերն է, թե ոչ։

Հիշում եմ, թե ինչպես մեքենաս պայթեց մեջքիս ետևում, երբ դուրս էի եկել ջուր բերելու։ Մեկ օր հետո մեր ամբողջ պոստը տրաքացրին։ Մինչև վերջին րոպեն պայքարել ենք Արցախի համար։ Հրամանատարը կապ հաստատեց և ասաց, որ թողնենք զենք ու զինամթերք և ներքև իջնենք։ Արդեն հույսս կորցրել էի, որ կտեսնեմ ընտանիքիս, կգրկեմ երեխաներիս։ Բայց մի քանի օր հետո հայտնեցին, որ ժամանակ են տրամադրել՝ ազատելու Արցախը»։

Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապտություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ և նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել: Մինչ այսօր դեռ կան ընտանիքներ, որոնք ունեն օգնության կարիք և չունեն ապրելու կացարան:

Սեդա Շահնազարյան

4-րդ կուրս

Կիսվել