«Ամեն ինչ հնարավոր չէ փոքր ազգերի համար սեփականը ստեղծել: Անհրաժեշտ է փոխարինել…....

«Ամեն ինչ հնարավոր չէ փոքր ազգերի համար սեփականը ստեղծել: Անհրաժեշտ է փոխարինել…. առաջին հերթին լեզվական առումով». Տիգրան Հակոբյան

231

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման լանդշաֆտը զգալի վերափոխման է ենթարկվել՝ մասնագիտացված հեռուստաալիքների ի հայտ գալով։ Սա առավել տարածված է դարձել կաբելային և արբանյակային հեռուստատեսության միջոցով հասանելի ալիքների քանակի աճով: Սակայն ընդհանուր ուղվածության ալիքները դեռևս շարունակում են լինել առաջատար վարկանիշային դիրքերում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ զրուցել ենք մասնագիտացված և ընդհանուր ուղղվածությամբ հեռուստաալքիների, Հայաստանում մասնագիտացված հեռուստաալքիների հաջողության ու հեռանկարների, միջազգային փորձը Հայաստանում կիրառելու, գովազդի և հեռանկարների մասին:

-Կարող եք նշել՝ ինչպե՞ս է գնահատվում մասնագիտացված հեռուստաալիքների հաջողությունը Հայաստանում, և որո՞նք են կարևորագույն ցուցանիշները։

-Հաջողությունը միայն մեկն է, ընդհանրապես ամբողջ աշխարհում, դա վարկանիշերն են: Եթե վարկանիշերը բարձր են, ուրեմն ալիքը հաջողակ է կոմերցիոն առումով: Սակայն բնական է, որ որակյալ բովանդակության դեպքում դիտելիությունը ցածր է: Հաջողությունը նաև հանրօգուտ բովանդակությունն է, որի գնահատման չափանիշներ Հայաստանում չկան, և դժվար է դրա մասին հստակ ասել, որովհետև աշխարհում շատ մասնագիտացված կառույցներ կան, որոնք վերլուծական աշխատանքներ են իրականացնում, իսկ Հայաստանում այդպիսիք չկան:

Մեզ մոտ այս պահին ընդհանուր ուղղվածության ալիքները առավել բարձր դիտելիություն ունեն, ինչը փաստում են մեր կողմից մշտապես իրականացված և իրականացվող մոնիթորիգները, բայց դա ևս միանշանակ չէ: Օրինակ՝ բարձր վարկանիշերով աչքի են ընկնում Armenia TV-ին և  Shant TV-ին, սակայն աչքի է ընկնում նաև մասնագիտացված հեռուստաալիքներից Fast TV-ին: Ինչ-որ չափով մասնագիտացված է Բուն TV-ին, որը հիմնականում կրթական և  մշակութային ուղղվածություններ ունի, Նուռ TV-ին, որը փորձում է ընտանեկան ալիք դառնալ: Սակայն այս ալիքների դիտելիությունը ներկա պահի դրությամբ շատ ցածր է:

Նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ Armenia TV-ին և Shant TV-ին փորձում են գեներացնել իրենց շահույթը, ընդլայնել լսարանը: Կաբելային ալիքներ ստեղծելու միջոցով ընդհանուր ուղղվածության այս երկու ալիքները այս պահին ունեն նաև տարբեր ուղղվածություններով մասնագիտացված հեռուստաալիքներ:

-Ի՞նչ միջազգային միտումներ և պրակտիկա կարող են կիրառվել մասնագիտացված հեռուստաալիքների զարգացման համար:

-Շատ տարբերակներ կան, օրինակ դիտարկենք եվրոպական փորձը. այս դեպքում պետք է ստեղծվեն հիմնադրամներ և լինի պետական աջակցություն: Ամերիկյան փորձը հետևյալն է. ամեն տարի ոլորտը կարգավորող կառույցը իր մեթոդիկայով նշում է, թե տվյալ ալիքը ինչ գործունեություն է իրականացրել: Եվ եթե կառույցը գտնում է, որ հանրօգուտ հաղորդումների քանակը մեծ է, օգուտ են բերում բնակչությանը, դաստիարակչական բնույթ ունեն, ապա տվյալ ալիքներին բավականին մեծ օժանդակություն է տալիս:

-Լսարանի ընդլայնման և բովանդակության դիվերսիֆիկացման ո՞ր ռազմավարությունները կարող են օգտակար լինել նման հեռուստաալիքների համար:

-Որակ և մարքեթինգային գործիքակազմ: Նույնիսկ լավ հաղորդումները ճիշտ գովազդվելու կարիք ունեն, հակառակ դեպքում մարդիկ ուղղակի չեն դիտի: Նույնիսկ բոլորին հայտնի Mercedes մակնիշի ավտոմեքենան եթե ճիշտ չգովազդի, մեքենայի վաճառքները կկանգնեն: Վաճառքի գործիքակազմը Հայաստանում դեռևս չեն կարողանում լավ կիրառել, և չգիտեն որ ամեն բան պետք է ճիշտ գովազդվի, որի արդյունքում կլինի լավ վաճառք: Բիզնեսում հայերը լավ կարողանում կիրառել անհրաժեշտ գործիքակազմը, բայց հեռուստաընկերությունները դեռևս չեն կարողանում ճիշտ օգտագործել և օգտվել:

-Ինչպե՞ս են մասնագիտացված հեռուստաալիքները նպաստում Հայաստանում մեդիա բովանդակության բազմազանությանը:

-Հենց նրանով, որ մասնագիտացված են, այսպես իրենք իրենց բովանդակությունը արդեն բազմազանում են: Եթե չլիներ օրինակ Դար 21-ը (21TV) շատ երաժշտություն չէր հնչի: Եվ միայն հեռուստատեսությունը չէ, ռադիոները նույնպես, որտեղ մասնագիտացումը շատ ավելի մեծ է:

Բազմազանությունը ապահովել մեկ ալիքով չի ստացվի: Ուստի առաջանում է պահանջարկ, որ օրինակ մարդը առավոտյան ցանկանում է դիտել մշակութային հաղորդումներ, երեկոյան ցանկանում է դիտել ֆիլմեր, երեխան ցանկանում է դիտել հետաքրքիր մուլտ կամ կրթական բովանդակությամբ հաղորդումներ. և այս հնարավորությունը մարդը ունի բազմազանության մեջ, դրա համար ամբողջ աշխարհում այսօր հեռուստաալիքների ֆրագմենտացիա է լինում, հատկապես համացանցում՝ ինտերնետ հեռուստատեսությունը, և կաբելային ալիքները: Կաբելային ալիքները հիմնականում ունեն թեմատիկ ուղղվածություն, դժվար է գտնել ընդհանուր ուղղվածությամբ ալիքներ, իսկ հեռուստացույցը և համակարգիչը յուրաքանչյուր հնարավորություն քեզ տալիս են դիտելու այն ինչ ցանկանում ես:

-Որքա՞ն ազդեցիկ են մասնագիտացված հեռուստաալիքները տարբեր թեմաների վերաբերյալ հասարակության կարծիքների և տեսակետների ձևավորման գործում:

-Կարծիք, ցավոք, մասնագիտացված հեռուստաալքիները չեն ձևավորում: Կարծիք ձևավորում են ընդհանուր ուղղվածության, բարձր վարկանիշ ունեցող ալիքները: Կոչեր տարածելու համար Հանրային հեռուստաընկերությունը, Արմենիա TV-ին ավելի մեծ արձագանք և արդյունք կունենան, քանի որ ունեն բարձր վարկանիշ և ավելի վստահելի են, քան Բուն TV-ին: TV5-ը որակյալ բովանդակությամբ հաղորդումներ է տալիս, բայց քանի որ ունի քաղաքական ուղղվածություն, դիտելիությունը և վստահությունը դառնում են հարաբերական:

-Ձեր կարծիքով, ի՞նչ դեր պետք է ունենան կառավարությունը կամ կարգավորող մարմինները Հայաստանում մասնագիտացված հեռուստաալիքների զարգացմանն ու հասանելիությանը աջակցելու գործում:

-Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի, պետական ֆոնդ տրամադրի, ինչպես նաև անհրաժեշտ է հանրային աջակցություն, որ մարդիկ խոսեն և տարածեն, որ տվյալ հաղորդումը/ալիքը լավն է, շատերը կարող են դիտել:

Այս պահին մենք Հայաստանում աշխատում ենք հենց այդ ուղղությամբ. ստեղծել ենք հայեցակագ, որն արդեն  հաստատվել է վարչապետի կողմից, որի հիման վրա կստեղծվի համապատասխան հիմնադրամ, որտեղ և՛ պետությունը, և՛ մասնավոր բիզնեսը, և՛ միջազգային դոնորները գումարներ տրամադրեն: Ըստ այդմ մենք կկարողանանք ստիմուլացնել հանրօգուտ հաղորդումների ստեղծումը, գնումը և ցուցադրումը: Հանրօգուտ հաղորդումների մեջ մտնում են մանկական, կրթական, մշակութային և սպարտային ուղղվածությամբ հաղորդումները: Մեր օրենքում նշված է, որ հանրօգուտ հաղորդումները հանրային մուլտիպլեքսի ալիքների համար, որոնք լիցենզիա են ստացել  պետք է կազմեն ընդհանուր եթերաժամանակի 20%-ից ոչ պակասը, և մենք դա միշտ ուշադիր մշտադիտարկում ենք, բայց քանի որ գովազդային դաշտը սեղմվում է, իրենց շատ դժվար է դա ապահովել, որովհետև նրանք ավելի շատ գումար են պահանջում,  ունեն ավելի քիչ դիտումներ, շահույթ չեն գեներացնում և շատ այլ պատճառներ: Դրա համար կա պետական ֆոնդի ստեղծման գաղափարը, որը այժմ գործում է տարբեր երկրներում: Օրինակ՝ Լատվիայում, որը բնակչության քանակով Հայաստանին մոտ է, պետությունը տրամադրում է գումար և տալիս «ոչ քաղաքական պատվեր», հաշվի առնելով պետության առաջնային խնդիրները՝ դաստիարակել քաղաքացու կոնկրետ տեսանկյունից, և ասում դուք սերիալ նկարեք, որտեղ խաղակային ձևով կբացատրվի տվյալ խնդիրը:

Հայաստանը հնարավորություն չունի նկարելու ուսումնական մուլտֆիլմ, բայց ֆանտաստիկ ուսուցողական սերիալներ կան հարավ-կորեական, ռուսական, ամերիկյան  և այլն, որոնք շատ դժվար է գնելը և գնելուց առավել դժվար է թարգմանելը հայերեն: Դրսում պետությունը դարձյալ ասում է ընտրեք սերիալ, որը երեխաների մոտ մեզ անհրաժեշտ հատկանիշներն է բարձրացնում, օրինակ՝ տեխնիկական, հումանիտար, բնությունը չախտոտելու, սեռական դաստիարակություն մասին և այլն: Եվ գնելու համար տրամադրում է ինչ-որ քանակությամբ գումար, թարգմանությունը վերցնում  իր վրա, և քանի որ գումարը պետությունն է տալիս, տվյալ մուլտֆիլմը  մի հեռուստաալքիի սեփականությունը չի դառնում, այլ ցուցադրվում է բոլոր ալիքներով: Այս առումով Հայաստանում անհրաժեշտ են լուրջ քայլեր, որպեսզի հեռուստաընկերությունները, այդ թվում մասնագիտացված, կարողանան որակյալ բովանդակություն տարածել, և որպես բիզնես պահպանվել: Հակառակ դեպքում ամեն ինչ «կփլուզվի», որովհետև այսօր ինտերնետային ալիքները միջազգային շուկայում մեծ մրցակցություն են տալիս և գովազդները ավելանում են, իսկ Հայաստանի հանրային մուլտիպլեքսի գովազդները իջնում են, որովհետև այլընտրանք կա. գովազդ սոցիալական ցանցերում:

Մենք այս պահին աշխատում ենք ԲՏԱ-ի, Կառավարության, Ազգային ժողովի հետ և Հայաստանում մշակվում է նոր օրենք և օրենքում սպասվում են արմատական փոփոխություններ. պետական ֆոնդի տրամադրման գաղափարը, աջակցության գաղափարը ինչ-որ ձևով կներառվեն նոր օրենքում:

2023թ. տված հարցազրույցում նշել եք, որ մեջբերում եմ «Ինչ վերաբերում է հայկական մալուխային ցանցերին, ապա այստեղ ռուսական ալիքների և ամերիկյան ու եվրոպական հեռուստաընկերությունների ռուսալեզու ծրագրերի լիակատար գերակայություն է նկատվում,  այնպես որ, ռուսալեզու ալիքների հեռուստադիտողների իրավունքների ոտնահարման մասին խոսք չկա»։ Այս պահին արդյոք հնարավորինս քչացել է նման ալիքների հեռարձակումը թե՞ ոչ: Երկու դեպքում էլ խնդրում եմ նշել պատճառները: Ինչպես նաև նշեք արդյոք մասնագիտացված հեռուստաալքիները կարող են ապահովել ռուսական ու ամերիկյան ալիքների նման  ծրագրային բազմազանություն:

-Չի կարող մի երկրում մեծամասնությունը լինել օտար երկրի բովանդակություն:

Ռուսալեզու ծրագրերը չեն քչացել, նույնիսկ ավելացել են, բայց զուգահեռ ավելացել են նաև հայկականները: Մեր խնդիրը հարմարվողականության հետ է կապված, մենք շատ ազատական ենք, և չպետք է թույլ տանք, որ որոշ հաղորդումներ մտնեն մեր եթեր, որոնց բովանդակությունը քարոզչական է: Սա չի վերաբերում միայն հակահայկականությանը, դրանք կարող են լինել մարդատյաց կոչեր, բռնության կոչեր և այլն: Այս «պատնեշները» օրենսդրորեն մենք դեռ չունենք:

Ինչ վերաբերում է ռուսական ու ամերիկյան ալիքների նման  ծրագրային բազմազանություն ապահովելուն, ես կարծում եմ, որ պետք չէ ամբողջովին լրացնեն: Օրինակ՝ BBC-ին ֆանտաստիկ վավերագրական ֆիլմեր ունի, և մենք չենք կարող նկարել այդքանը ֆինանսական առումով: Նման դեպքերում պետությունը պետք է գումար ունենա, կարողանա գնել ու թարգմանել, և դա կդառնա մեր մշակույթի մի մասը: Հայաստանը չունի ռեսուրս նման ֆիլմեր, մուլտֆիլմեր նկարելու, բայց պետք է հնարավորություն ունենա գնելու, հայերեն թարգմանելու՝ օգտագործելով լավ ձայներ:

Շունը շուն է ամեն տեղ, եթե մի քիչ աչքերը լայն կամ նեղ լինեն, միևնույն է շուն է:

Ամեն ինչ հնարավոր չէ փոքր ազգերի համար սեփականը ստեղծել: Անհրաժեշտ է փոխարինել: Փոխարինելը ես նկատի ունեմ ոչ միայն քոնը ստեղծել, այլև հարմարեցնելը և առաջին հերթին լեզվական առումով, քանի որ եթե հայերեն լինի, դա արդեն քոնն է դառնում: Կլինի Ճապոնիայի մասին ֆիլմ, Անգլիայի մշակույթի մասին, օվկիանոսների կամ երկրների մասին էական չէ. ամեն ինչը պետք է լինի միայն հայերեն: Այսպես կլուծվեն շատ հարցեր: Հայաստանը մեքենա չի արտադրում, բայց երբ օտար երկրից ներմուծում է, հարմարեցնում է հայկականին, երբ ծրագրը հայերեն է թարգմանված, արդեն դառնում է քոնը: Եվ այդ քոնը դարձնելու խնդիրը պետք է լինի նաև տեսալսողական արտադրանքի դեպքում: Բայց պետք է ապահովել նաև տեղական արտադրանքը, որը պետք է կազմի 20%-ը: Այսօր հայերենով հաղորդումները բոլոր հեռուստաընկերություններում գերակշռում են` կազմելով շուրջ 90%, իսկ եթե հայերեն չեն գոնե կան լուսագրեր, սա, իհարկե, դժվար էր, բայց մենք հասանք դրան: Հետագայում կմշակվեն նաև այլ քայլեր, լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

-Խոսելով գովազդների մասին պետք է նշեմ, որ 2023թ. հրապարակված հաշվետության մեջ նշված է, որ գովազդային մուտքերը հեռուստաընկերություններ կտրուկ նվազել են: Արդյոք մասնագիտացված ալիքների դեպքում մուտքերը կավելանան թե՞ ոչ:

-Մասնագիտացված ալիքը ավելի շատ լսարան և գովազդ չի ավելացնում, ամենամեծ գովազդային հնարավորությունները ունի ընդհանուր բովանդակությամբ հեռուստաալիքը:  Ընդհանուր ուղղվածությամբ ալիքը բազմազան բովանդակություն է ապահովում, իսկ մնացածը ֆրագմենտացված են. սպորտը միայն սպորտը սիրողների համար է, մարդը, որը սպորտ չի սիրում բնականաբար չի նայի այդ հեռուստաալիքը, մյուսը չի նախընտրում լրատվություն: Եվ այս առումով ընդհանուր ուղղվածությամբ հեռուստաալիքը ամենալավ ձևն է լավ կոմերցիոն ալիք դառնալու:

Կաբելային ալիքներում, եթե նկատել եք, գովազդներ չկան, իսկ դրանք վճարումների հաշվին են:  Պետք է հաշվի առնել, որ այդպիսի ալիքները գովազդի հաշվին չեն հեռարձակվում, այլ հեռարձակվում են միայն վաճառքի շնորհիվ: Մասնագիտացված հեռուստաալքիների ավելացումը գովազդի խնդիրը չի լուծի, հակառակը հնարավոր է պակասի: Օրինակ՝ միջազգային մակարդակով դիտարկենք Mezzo TV-ին, որի մեջ գովազդ չկա, այն նաև չի վաճառվում, այն ազատ շրջանառվում է ինտերնետում, և յուրաքանչյուրը կարող է օգտագործել իր շուկայում: Mezzo TV-ին իրեն անհրաժեշտ գումարը գտնում է ալիքի սոցիալական պատասխանատվությունը հասկացող գործարարների միջոցով, որոնք ուղղակիորեն ֆինանսավորում են: Բոլորը պետության հովանավորությամբ չի իրականացվում. շատ ժամանակ կա՛մ պետության աջակցությունն են ստանում, կա՛մ գործարար շրջանակների: Հայաստանում, ցավոք, այդ մշակույթը գրեթե չկա, միայն Բուն TV-ին է, որ գովազդ չուներ(այս պահին իրականացնում է ֆինանսական խնդիրներով պայմանավորված) և ստանում է լրիվ ֆինանսավորում տարբեր միջազգային մշակութային կազմակերպություններից: Մասնագիտացված ալիքները միայն գովազդով եկամուտ չեն գեներացնի. դա շատ դժվար է, հատկապես մշակութային, մանկական ալիքների դեպքում, քանի որ դրանք ստեղծվում են վաճառքի համար: Դա կարող են իրենց թույլ տալ խոշոր ամերիկյան, ռուսական, եվրոպական կորպորացիաները, որոնք այն թարգմանում են օրինակ տասը լեզուներով և ամեն տեղ վաճառում: Իսկ ինչու՞ չկա հայերենը: Քանի որ հայերենը փոքրաթիվ կրողներ ունի և իրենց ձեռնտու չի թարգմանել հայերեն, բայց երբ որ տվյալ կորպորացիան թարգմանում է օրինակ ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, որոնք ֆանտաստիկ մեծ լսարան ունեն, դրա հաշվին կարողանում են վաճառել: Բնական է, որ հայկական մասնագիտացված ալիքները դրսում վաճառքի հնարավորությունը չունեն, սա նշանակում է, որ իրենք կա՛մ պետք է փորձեն գտնել գովազդի աղբյուրներ, կա՛մ փորձեն ստանալ պետության աջակցությունը, կա՛մ մասնավոր կապիտալի աջակցությունը, այսինքն պետք է բազմազանեցվի:

Հարցազրույցը՝ Լիլիթ Հովհաննիսյանի

4-րդ կուրս

Կիսվել