Պոլիկլինիկաների սպասարկումը Հայաստանում

Պոլիկլինիկաների սպասարկումը Հայաստանում

730

«Եթե ուզում եք վարակվել կորոնավիրուսով, այցելեք պոլիկլինիկա»: Այս նախադասությունը կրկնում են բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այնտեղ:  Մի քանի անգամ նույն միտքը լսելուց հետո որոշեցի անձամբ գնալ և հասկանալ, թե ինչու են բոլորը միաբերան նույն բանն ասում: Իհարկե, այցս գործնական էր: Բոլորի նման ես էլ էի ուզում ձեռք բերել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով թուղթը: Այցելեցի մարզային պոլիկլինիկաներից մեկը և հոդվածս գրում եմ ոչ թե որպես լրագրող, այլ՝ որպես ականատես:

Պոլիկլինիկան աշխատում էր գերծանրաբեռնված վիճակում: Միջանցքներում ամենուր մարդիկ էին՝ իրար գլխի հավաքված: Նույնիսկ ՊՇՌ թեստավորման սենյակի դիմաց սոցիալական հեռավորության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Դիմակով ու առանց դիմակի մարդիկ զրուցում էին և սպասում իրենց հերթին: Պատվաստման սենյակի առջև հերթն ավելի մեծ էր:  Բոլորը շտապում էին աշխատանքի, բայց պատվաստողը մեկն էր: Ավելին՝ թեստավորողը նույնպես մեկն էր: Իսկ ինչու՞: Չէ՞ որ համավարակի դեմ պայքարը պետական նշանակություն ունեցող հարց է:

Պոլիկլինիկայում հերթեր նկատեցի նաև մյուս սենյակների առջև: Ինչպես հետո պարզեցի՝ հունվար ամսին  շաքարային դիաբետ ունեցող բոլոր անձիք արյան անալիզի համար հերթ են կանգնում օրերով: Ինչու՞: Որովհետև օրական ընդամենը 20 հոգու են սպասարկում: Եվ ով հասցնում է առաջինը հերթ կանգնել, նա էլ շահում է: Մարդիկ պոլիկլինիկա են գալիս մի քանի օր շարունակ, նախապես հերթագրվում են, նույնիսկ՝ գրավոր հերթապահություն են սահմանում: Պոլիկլինիկայում աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 9-ին, իսկ նրանք ժամը 8-ից արդեն հերթ են պահում: Իսկ ի՞նչ է կատարվում, երբ վերջապես աշխատանքի են ժամանում բուժքույրերը: Բոլորը միանգամից հանում են վերարկուներն ու պատրաստվում առաջինը ներս մտնել սենյակ: Կես ժամ անց   սենյակի դուռը փակվում է: Ովքեր չեն հաջողացրել մտնել 20-յակի մեջ, սպասարկվում են հաջորդ մի քանի օրերի ընթացքում:  Բացի դրանից, շաքարային դիաբետի դեմ անվճար տրվող դեղերը ստանալու համար անձը չորս անգամ հերթ է պահում՝ մի անգամ բժշկական քարտը ստանալու, մի անգամ՝ շաքարային դիաբետի բժշկի մոտ մտնելու, մի անգամ՝ պոլիկլինիկայի վարիչի ստորագրությունը ստանալու և վերջապես՝ դեղերը ստանալու համար: Հիմա հասկանու՞մ եք, թե համավարակով վարակվածների թիվն ինչու՞  օր օրի աճում:

Մարդկանց հետ ունեցած զրույցի արդյունքում պարզեցի, որ սպասարկման հիմնական թերությունը և բացթողումը կատարվում է թոքերի զննության ասպարեզում: Հազից գանգատվող և զուգահեռ ջերմություն ունեցող անձիք դիմում են պոլիկլինիկա՝ համոզվելու համար, որ վարակված չեն կորոնավիրուսով, սակայն նրանց մեծ մասամբ հուսադրում են, որ ոչինչ չկա և ճանապարհում են: Մի քանի օր անց նույն հիվանդները դիմում են քաղաքի երիտասարդ բժիշկ Ա.-յանին, ով ցերեկվա ժամերին աշխատում է հիվանդանոցում, իսկ երեկոյան այցելում է բնակարանները՝ հիվանդանոցային խնամքից դուրս մնացած և կորոնավիրուսով վարակված անձանց բուժելու համար:

Սակայն այսքանով պոլիկլինիկայի սպասարկման բացասական կողմերը չեն ավարտվում: Հայկական սովորության համաձայն, հերթից դուրս սպասարկվում են ծանոթներն ու բարեկամները: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

Բոլոր կարևոր գործարքները կատարում է «պոլիկլինիկայի վարիչը»: Նա է ստորագրում ուղեգրերը, նա է ուղղորդում աշխատակիցներին և անձամբ էլ կատարում է համավարակի դեմ պատվաստումը: Եվ հենց այդ պատճառով էլ հերթեր են գոյանում:

Սպասարկվողներից հատուկ հարցազրույց վերցնելու անհրաժեշտություն չեղավ: Նրանք անձամբ պատմեցին սպասարկման որակի բացակայության մասին: Դժվար էր պոլիկլինիկայի վարիչին հանդիպելը: Եվ երբ վերջապես հաջողվեց որպես շահառու ներս մտնել վերջինիս գրասենյակ, բոլոր հարցերին տվեց միևնույն պատասխանը՝ «Ում ուզում եք՝ բողոքեք: Երկրում համավարակ է, և մենք աշխատում ենք գերծանրաբեռնված գրաֆիկով: Չունենք հավելյալ աշխատուժ: Աշխատում ենք նույնիսկ արտաժամ: Դրա համար չենք էլ վճարվում: Իսկ դուք դեռ բողոքու՞մ եք սպասարկումից»:

Նորա Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել