Երբևէ մտածե՞լ եք, որ մեր մեծերը, ովքեր մեզ հետ չեն, կարող են այսօր հարցազրույց տալ։
Այո, իհարկե, անհեթեթ է, բայց ես, անկեղծ ասած, շատ կցանկանայի հարցազրույց ունենալ հայ նշանավոր արձակագիր Վարդգես Պետրոսյանի հետ։
Այսպիսով, իմ այսօրվա զրուցակիցը նա է, ով իմ հարցերին կպատասխանի «Կրակե շապիկ», «Հայկական էսքիզներ» և այլ նշանավոր ստեղծագործությունների տողերով՝ վերստին կյանքի կոչելով դրանք։
–Պրն. Պետրոսյան, Ձեր ստեղծագործություններում հաճախ անդրադառնում եք հայ ժողովրդի պատմությանը և նրա ճակատագրին։ Այսօր ի՞նչ ուղերձ, պատգամ ունեք մեր ժողովրդին։
-Մեր ժողովուրդը իմն է` ինչպես իմ աչքերը, մայրը, հիվանդությունը, հիշողությունը, իմ կարոտը, իմ վիշտը: Իմ ժողովուրդը հավաքական Նարեկացի ու հանճարեղ ձախողակ է միաժամանակ։ Եվ երբեմն մտածում եմ՝ գուցե արդա՞ր էր, որ նա՛, հենց նա և միա՛յն նա պատասխան տար աշխարհի մեծ ու փոքր մեղքերի համար և հենց նրա ձայնը չլսեր աշխարհը, թեպետ նա աղաղակել էր հենց աշխարհի բառերով:
Հայ ժողովուրդ, հայ մարդ, պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ, մի՛ փնտրիր մեր ձախողումների պատճառը դրսում, որովհետև պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…։
–Պրն Պետրոսյան, մենք հաճախ ենք փորձում դիմել այլ պետություններին՝ մեր խնդիրների լուծման համար։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ի՞նչ եք կարծում, մենք ի զորու ենք միայնակ պայքարելու մեր հայրենիքի համար։
-Փորձը սխալներից է ծնվում, իսկ իմաստության դասերը սովորում են Տառապանք կոչվող դպրոցում: Վաղուց պետք է մեր ժողովուրդը ավարտեր այդ դպրոցն ու գիտակցեր, որ միայն ինքն իրեն պետք է ապավինի։
Ոչ ոքի պետք չէ մեղադրել. Նարեկացին դարի մեղքերի համար իրեն էր խաչի հանում, մենք մեր մեղքերի համար…դարին: Ոչ մի երկիր պարտավորություն չունի մեզ ոտքի կանգնեցնելու։
–Այնուամենայնիվ, վերջին պատերազմներն ու պարտությունները տեսնելուց հետո, հայնն ինչպե՞ս պետք է շարունակի արարել։
-Նախ՝ պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես: Մեծանուն Դանիել Վարուժանն ասել է «Ցավն հաճույքին և հաճույքները ցավին…»: Շշմելու տողեր են, իսկ մենք…մենք ցավի ցավն ենք զգում միայն և հաճույքի հաճույքը: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մեր հայրենիքի ցավը կրակե շապիկ է. հագնում ենք՝ վառում է, հանում ենք՝ մեռնում ենք: Սա է մեր հայրենիքը․․․ «դառն ու անուշ»… Տերյանն է ասել։
–Ձեր ստեղծագործություններում անդրադառնում եք օտարության մեջ ապրող հայերին. Դուք մեղադրու՞մ եք նրանց։
-Ես մեղադրելու իրավունք չունեմ, բայց ա՛խր օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է` լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի: Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ուշ ենք հասկանում։ Օտար հողում հաստատվողների համար շուտով Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկար է դառնում՝ փակցրած հյուրասենյակի պատին, ուրիշ ոչինչ, նրանց համար հայրենիքը հայկական ճաշարանն է` շիշ-քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…
Ես նրանց չեմ ասում` վերադարձեք, ով գնացել է, չեմ ասում նաև` մի գնացեք, ով դիմել է, ես ասում եմ՝ մտածեք ձեր զավակների մասին, որոնք օտարության մեջ, մի օր ձեր երեսին կշպրտեն միամիտ ու ողբերգական մի հարց՝ որտե՞ղ է մեր տունը:
Օտարության մեջ ապրող մարդու համար հայրենիքի սերը թաքնված հիվանդության է նման: Նա նման է գուցե հոդացավի, որ արևոտ օրերին իրեն զգացնել չի տալիս, բայց բավական է անձրևի` կնվա:
Հայրենիքը ցավող ատամ չէ, որ հանես կամ փոխարինես ոսկե ատամով: Եթե մարդը գոնե իր ներսում շարունակում է մարդ մնալ, հայրենիքը շարունակում է ապրել նրա մեջ` իբրև սրտի մի անկյունում քաշված սրբություն, իբրև գաղտնի տենդ, որ մի օր իրեն նորից զգացնել կտա…
Մարդուն ապրելու համար տուն է հարկավոր և հայի համար այդ տունը միայն մի հասցե ունի` հայրենիք:
–Պրն. Պետրոսյան, ո՞րն է Ձեր ամենասիրելի անկյունը Հայաստանում։
Այս հարցն ինձ մի պատմություն հիշեցրեց։
Մի անգամ պատահական մի ծանոթի հանդիպեցի։ Ծանր ճամպրուկներից հասկացա, որ ինչ-որ տեղ է մեկնում, այդպես սկսվեց մեր երկխոսությունը.
– Ամերիկա՞ եք մեկնում:
– Ոչ, Թուրքիա:
– Շրջելու՞ եք գնում, թե՞ ազգականներ ունեք:
– Մշտապես:
– Մշտապե՞ս…
– Այո, կբավե, 2 տարի ապրեցինք ձեր երկրում, կշտացանք…
Ես քարացել էի։ Կշտացա՞նք: Այդ մարդը ինձ էր նայում հանգիստ ու չար: Ասում է՝ կշտացանք, հասկանու՞մ եք: Այսինքն կշտացանք Երևանից, Մասիսից, Ծիծեռնակաբերդից, որը հուշարձան է 2 միլիոն զոհերի համար: Կշտացանք. կարծես թե հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ:
Ես սիրում եմ իմ երկիրն ամբողջովին, և ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետև վերջին հաշվով նրանք ինձ հայրենիք են բերում։
–Մասնագիտությամբ նաև լրագրող եք. Ձեր խորհուրդը այսօրվա լրագրողներին։
-Թող յուրաքանչյուր ժուռնալիստ թերթի իր հիշողությունը՝ հաշիվ տա իր արածի և չարածի համար։ Թող յուրաքանչյուր ժուռնալիստ մտաբերի այն նյութերը, որոնց տակ դրվել է իր ստորագրությունը։ Կյա՞նքն է, արդյոք թելադրել այդ նյութերը, կիրք ու կրակ կա՞ արդյոք այդ տողերի տակ, արդյոք մեկնումեկը՝ կարդալով դրանք, խորհե՞լ է, ուրախացել կամ տագնապե՞լ է ժուռնալիստի հետ և ցանկացե՞լ է արդյոք նորից հանդիպել այդ ստորագրությանը։
Ժուռնալիստի բնավորությունն է՝ միշտ դժգոհ լինել իր արածից, միշտ որոնել ավելի լավը, խորը, իր գրիչ-արորով բարձրացնել կյանքի նոր շերտեր-միայն այդ դեպքում է, որ ընթերցողը կորոնի նրա ստորագրությունը։
Այս ամենի մասին հարկ է, որ խոսեք մասնավորապես դուք՝ երիտասարդ ժուռնալիստներդ, քննախույզ նայեք ձեր արածին. չե՞ք ստորագրել արդյոք թույլ, անօգուտ ու ձանձրալի տողերի տակ, կարողանո՞ւմ եք արդյոք իսկապես ճանաչել այն մարդկանց, ում մասին գրում եք, սիրահարվա՞ծ եք ձեր գործին։
Խորհեք այս ամենի մասին և արժանի՛ եղեք այն երջանկությանը, որ ընթերցողը որոնի ձեր ազգանունը, իսկ երբ ասեն՝ «Այս մարդը ժուռնալիստ է» – մարդիկ դեպի ձեզ թեքվեն հարգանքով և հետաքրքրությամբ:
-Եվ վերջում, ի՞նչպես կուզեք, որ Ձեր ընթերցողը հիշի Ձեզ՝ որպես գրող, որպես մարդ։
-Կյանքն այնպես է, որ մարդկանց սկսում ենք սիրել, երբ նրանք արդեն չկան: Հուշեր ենք պատմում, օ՜, ինչ հուշեր ենք պատմում, երբ որ արդեն չկան: Եվ արձաններ ենք դնում, երբ որ արդեն չկան, որովհետև….չկան: Ես ուզում եմ, որ բոլորիս սիրեն, երբ դեռ կանք և իրենց կողքին ապրում ու նաև տառապում ենք։
Նարե Շավինյան
2-րդ կուրս