Տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես՝ արհեստական բանականության ի հայտ գալն արագորեն փոխում է աշխատաշուկան և մասնագիտությունների վերաբերյալ պահանջները։ Եվ կարևոր է հասկանալ, թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում մեզ վրա։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Տաթևիկ Վարդանյանի հետ։
-Արհեստական բանականության առաջընթացն ինչպե՞ս է փոխում աշխատաշուկայի կառուցվածքը։
-Արհեստական բանականությունը (ԱԲ) ժամանակակից աշխարհի առանցքային ձեռքբերումներից մեկն է, որն արագորեն փոխում է աշխատանքի միջազգային շուկան և տնտեսությունը։ Այն վերափոխում է ոլորտները, բիզնես գործընթացներն ու պետական կառավարումը` ստեղծելով նոր հնարավորություններ, բայց նաև մարտահրավերներ ու ռիսկեր։ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որը ներառում է արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, 3D տպագրություն, մեծ տվյալներ ու ամպային տեխնոլոգիաներ, ։ Դրանք մարդկության ապագայի «գնացքը» անորոշ ուղղությամբ են տանում։
Արհեստական բանականությունը փոխում է աշխատաշուկան՝ ավտոմատացնելով մեխանիկական և կրկնվող առաջադրանքները, ինչը հանգեցնում է որոշակի մասնագիտությունների կրճատման, բայց միևնույն ժամանակ նոր հմտություններ պահանջող աշխատատեղերի ավելացման։ ԱԲ-ի կիրառումը վերափոխում է տնտեսության առաջնային ոլորտները, ինչպիսիք են արտադրությունը, ֆինանսները, լոգիստիկան և առողջապահությունը՝ պահանջելով նոր հմտություններ, ինչպես նաև՝ բարձրացնելով արտադրողականությունը։
-Ո՞ր մասնագիտություններն են առավել խոցելի ավտոմատացման տեսանկյունից։ Ո՞ր ոլորտներում ԱԲ-ն կարող է առավել մեծ ազդեցություն ունենալ։
-ԱԲ-ն «կերպարանափոխում» է աշխատանքի միջազգային շուկան՝ մարդկային աշխատանքը փոխարինելով ավելի արդյունավետ տեխնոլոգիաներով։ Արհեստական բանականությունն օգտագործվում է որոշումների արդյունավետ կայացման մեջ՝ մեծ տվյալների հասանելիության շնորհիվ, վարում մեքենաներ, ընդ որում՝ առավել անվտանգ դարձնելով երթևեկությունն ու չեզոքացնելով մարդկային սխալի հավանականությունը, ներթափանցել է առողջապահություն ու կրթություն՝ նպաստելով այդ ոլորտներում ավելի լավ արդյունքների գրանցմանը։ Մեխանիկական և կրկնվող բնույթի աշխատանքները, ինչպիսիք են գրասենյակային աշխատանքները, տրանսպորտային միջոցների վարումը և արտադրական գծերի վերահսկումը, առավել խոցելի են, իսկ ստեղծագործականություն, բարոյական դատողություն կամ բարդ սոցիալական փոխազդեցություն պահանջող ոլորտներում ԱԲ-ի ազդեցությունը նվազ է։
-ԱԲ-ն ստեղծում է նոր աշխատատեղեր, բայց նաև վերացնում է եղածները։ Որո՞նք են նոր հնարավորությունները, և ի՞նչ մարտահրավերներ կան։
-Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի 2022 թվականի գնահատականների՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում համաշխարհային տնտեսությունը ստեղծելու է 150 միլիոն նոր տեխնոլոգիական աշխատատեղ, իսկ մինչև 2030-ը աշխատատեղերի 77%-ը պահանջելու է տեխնոլոգիական գիտելիքներ։ Մինչև վերջերս ԱԲ-ն ցածր որակավորում ունեցող աշխատուժը փոխարինում էր արտադրական նշանականության առավել արտադրողական ռոբոտներով։ Բայց այժմ այն կարողանում է լուծել բարդ խնդիրներ, վերլուծել, տրամաբանել (ChatGPT), ստեղծել աներևակայելի պատկերներ (Dall-E) և հրաշալի երաժշտություն (AIVA)։ Սա նշանակում է, որ որոշ բարձր որակավորում ունեցող աշխատատեղեր, ինչպիսիք են ռադիոլոգները, լաբորանտները, ինժեներները, իրավաբանները, բժիշկները, դասախոսները և այլն, նույնպես արհեստական բանականությամբ փոխարինվելու ռիսկի տակ են։
Արհեստական բանականությունը ստեղծում է հնարավորություններ հատկապես բարձր տեխնոլոգիական ոլորտներում աշխատատեղերի ստեղծման համար (օրինակ՝ տվյալների վերլուծություն, ծրագրավորում և այլն)։ Այս համատեքստում մեծ կարևորություն են ստանում հատկապես հնարավորությունների զարգացումը կրթության և վերապատրաստման ոլորտներում՝ անհատականացված ուսուցման հարթակների միջոցով։ ԱԲ զարգացման արդյունքում լրջագույն մարտահրավեր է շարունակում մնալ հատկապես հասարակության միջև եկամուտների բաշխվածության խզումն ու սոցիալական անհավասարության խորացումը։ Բացի այդ, մեծ կարևորություն ունի նաև մարդկանց մասնագիտական ճկունությունը բարձր գործազրկության մակարդակի կանխարգելման համար։
-Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ԱԲ-ի հետևանքով աշխատաշուկայում ծագած խնդիրները։
-Համաշխարհային տնտեսությունում պահանջարկ ունեցող աշխատատեղերի ապագան կանխորոշելը հնարավորություն է տալու քաղաքականություն մշակողներին ըստ այդ պահանջարկի մշակել կրթական ծրագրեր ու ձևավորել կարողությունների ու հմտությունների անհրաժեշտ փաթեթ, իսկ անհատներին թույլ է տալիս ընտրել ապագա ունեցող մասնագիտություններ։ Արհեստական բանականության տարածմանը զուգահեռ, մեծ դեր ու կարևորություն է ստանում նաև դրան ուղղված պետական քաղաքականությունների մշակումն ու իրականացումը։
-Արհեստական բանականության կիրառումը աշխատանքում էթիկական խնդիրներ առաջացնու՞մ է։ Եթե այո, ինչպե՞ս պետք է այն կարգավորվի։
-Համաշխարհային տնտեսության կայուն զարգացման համար արհեստական բանականության կարգավորումն առանցքային նշանականության հարց է՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը հասարակության տարբեր ոլորտների վրա, ներառյալ գաղտնիությունը, անվտանգությունը, զբաղվածությունը, առողջապահությունը, կրթությունը և այլն: Այս համատեքստում, ԱԲ-ի տարածման հետ աճում են նաև դրա էթիկական նորմերի պահպանման հետ կապված խնդիրները, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն։
Արհեստական բանականությունը, մեծ տվյալների հասանելիության ու վերլուծության շնորհիվ, սպառողական վարքագիծը դարձրել է անկանխատեսելի ու ոչ ռացիոնալ, և կարող է մարդկանց փոխարեն որոշել, թե ինչ ապրանքներ ու ծառայություններ են նրանց անհրաժեշտ։ Սա կարող է սպառողական անվտանգության խնդիրներ առաջացնել, ուստի, սպառողների պաշտպանության վերաբերյալ հարցերը նոր արդիականություն են ստացել։ Այս ուղղությամբ կարգավորումներն անհրաժեշտ են ապրանքների ու ծառայությունների վաճառքը հուսալի, անվտանգ, կողմնակալությունից ու խտրականությունից զերծ իրականացնելու համար։
-Ինչպիսի՞ն կլինի ԱԲ-ի երկարաժամկետ ազդեցությունը` 10-20 տարի հետո։
-Արհեստական բանականությունն այլևս անշրջելի իրողություն է, որը շատ դեպքերում անգամ պարտադրում է սեփական խաղի «կանոնները» մեր կյանքի, աշխատաոճի, տնտեսություն վարելու վերաբերյալ: Այն հնարավորություն է տալիս տնտեսությունների զարգացման ու համագործակցության համար, խթանում է միջազգային ինտեգրացումը և ապահովում համաշխարհային տնտեսության մեջ գործընթացների շարունակականությունն ու անխափանությունը։ Սակայն դրա հետ կապված նաև անկանխատեսելիություն ու անորոշություն կա, որտեղ արհեստական բանականությունը կարող է ստեղծել ռիսկեր ու սպառնալիքներ համաշխարհային տնտեսության ու ողջ մարդկության համար, ինչպես նաև դավադրական տեսություններ ու ուտոպիստական «սցենարներ», որտեղ արհեստական բանականությունն ինքնագեներացվում է այնքան, որ, սեփական արժեքներով ու էթիկական նորմերով պայմանավորված, սկսում է կառավարել մարդկանց: Բայց եթե նույնիսկ հավատանք, որ արհեստական բանականության «հետևում» լինելու են ամենախելացի մարդիկ, որոնք կարող են կառավարել իրենց ստեղծած «հրեշին», մենք չենք կարող այնքան պարզամիտ լինել ու մտածել, որ այդ մարդիկ միշտ լինելու են ամենաբարոյականը։
Այստեղ կարող եք տեսնել գրաֆիկի ինտերակտիվ տարբերակը։
Այստեղ կարող եք տեսնել գրաֆիկի ինտերակտիվ տարբերակը։
Այստեղ կարող եք տեսնել գրաֆիկի ինտերակտիվ տարբերակը։
Հարցազրույցը՝ Անահիտ Սահակյանի
3-րդ կուրս