Այս պատմությունն ի սկզբանե պետք է լիներ իմ և իմ մայրիկի մասին, բայց որոշեցի, որ այն պետք է դառնա ավելի ընդարձակ։ Իմ ընկերներին խնդրեցի պատմել՝ ինչպես են իրենց մայրիկների հետ շփվում։ Հերոսուհիներս ազատ էին պատմել այն, ինչ կցանկանային․ սա ավելի անկեղծ դարձրեց այս պատմությունը։
Անիի պատմությունը
Մենք կարծես քույրեր լինենք։ Սիրում եմ ժամերով խոսել նրա հետ և քննարկել իմ ծրագրերը։ Մայրս այն մարդն է, ում հետ կարող եմ կիսվել նպատակներովս։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ ամեն ինչով կիսվում եմ. կան բաներ, որոնք չեմ սիրում ոչ ոքի ասել։ Մայրս միշտ վստահում է ինձ, բայց երբեմն իր խոսքերով հակառակն է արտահայտում։ Երբ ինչ-որ բան այնպես չի լինում, ինձ հանգստացնողը միշտ մայրիկս է, չնայած հիմա հեռու եմ ապրում և հազվադեպ եմ նրան տեսնում՝ լավագույն դեպքում երեք ամիսը մեկ։ Անչափ կարոտում եմ նրան, մեր զրույցները, նրա պատրաստած համեղագույն ուտեստները և անգամ նրա բարկանալը։ Մայրս իմ «կոմֆորտ զոնան» է, որի հետ կարելի է ժամերով խոսել, անվերջ լսել նրա խորհուրդները և մեկ բաժակ սուրճ վայելել։
Վերայի պատմությունը
Ես ու մայրիկս կապված ենք միմյանց, թեև մենք հիմա բավականին մեծ հեռավորության վրա ենք գտնվում ու հաճախ չենք հանդիպում, սակայն հեռավորությունն ավելի է ամրապնդում մեր կապվածությունը։ Ես ու մայրիկս կարող ենք ժամերով զրուցել միմյանց հետ, հեռախոսով քննարկել ամենատարբեր հարցերը։ Երեւի իմ ու մայրիկի հարաբերություններն ավելի շատ նման են քրոջ կամ ընկերուհիների հարաբերությունների՝ ազատ ու անկեղծ։ Իհարկե, արդարության համար կարող եմ նշել, որ ես հայրիկիս հետ ավելի կապված եմ, ու ինչպես ասում են, պապայի աղջիկ եմ, բայց իհարկե, դա չի խանգարում, որ մամայիս հետ էլ կապված լինեմ։ Կարծում եմ՝ երեխաները պետք է ծնողների հետ ազատ ու անկեղծ լինեն։ Թեև մենք բավականին ուշ-ուշ ենք իրար տեսնում, բայց դա չի խանգարում, որ հավեսով եւ անկեղծ շփվենք միմյանց հետ։ Կարոտում եմ մայրիկիս, բայց մեր ամենօրյա երկար հեռախոսային շփումները թույլ չեն տալիս, որ այդ կարոտը շատ գլուխ բարձրացնի։
Անուշի պատմությունը
Իմ ու մամայի փոխհարաբերությունները շատ լավ են, ճիշտ է, երբեմն լինում են բացառություններ, եւ մենք ունենում ենք թեթեւ ինչ-որ վեճեր, լինում են պահեր, երբ իրար չենք հասկանում։ Դա արդեն, կարծում եմ, տարիքային տարբերության հետ է կապված։ Ու բացի այդ, գյուղի կանանց մեծ մասի մոտ կա մի կարծրատիպ, որ երեխան պիտի ծնողից ամաչի, պիտի որոշ բաներ ծնողի մոտ ցույց չտա։ Մայրիկս էլ է ընկնում այդ ազդեցության տակ, և դրանից կոնֆլիկտ է առաջանում։
Լաուրայի պատմությունը
Երբ որ ոչ ոք ինձ չի լսում ու չի հավատում, մայրիկս միշտ իմ կողքն է։ Ես բառիս բուն իմաստով մամայիս կրկնօրինակն եմ։ Մենք նույն ճաշակն ունենք՝ անգամ հոբբիները։ Օրինակ՝ երկուսս էլ սիրում ենք ուրբաթ երեկոները ընկերական հավաքույթով անցկացնել։ Նույնիսկ չսիրած գործողություններն են նույնը․ չենք սիրում հեռախոսով երկար զրուցել։ Մամաս 3 երեխա ունի, ընտանիք, ամուսին ու հասցնում է նաև զինծառայողի բարդ աշխատանքը։ Նայում եմ նրան ու հասկանում եմ, որ ես դեռ ընդունակ չեմ ինձ կոչել անկախ ու ինքնուրույն մարդ, քանի որ ամենափոքր գործում էլ նրա կարծիքն ինձ համար կարևոր է։
Հ. Գ. Մամային ու պապային մոտ 6 ամիս չտեսած մարդը շատ լացեց այս տողերը գրելիս։
Նարեի պատմությունը
Հարցին, թե ով է իմ լավագույն ընկերը, պատասխանում եմ՝ մայրս։ Շատերն ինձ չեն հավատում, ասում են՝ չես կարող ամեն ինչ պատմել մայրիկիդ, բայց ես ամենաշատը կիսվում եմ մայրիկիս հետ։ Մայրս իմ առաջին աջակիցն է և ոգեշնչման առաջին աղբյուրը: Իհարկե, կան բաներ, որոնք չեմ ասում մորս, ասում եմ հայրիկիս, քանի որ մայրս խուճապի մատնվող է, շուտ անհանգստացող։ Սակայն մայրս միշտ լսում է ինձ, խորհուրդներ տալիս, միասին վերլուծում ենք իրավիճակները, հասկանում, թե որքան օգտակար կամ վնասակար է այս կամ այն բանն ինձ համար։
Աննայի պատմությունը
Եթե մայրիկիս մասին պատմեմ, ապա պիտի ասեմ, որ մամաս ինձ համար ամեն ինչ է՝ համ ընկերուհի է, համ քույր, շատ հարազատ մարդ։ Տարբեր որոշումներ միասին ենք կայացնում՝ երկուսիս կյանքի համար։ Ամենակաևոր պահերը նրանք են, երբ միասին ճամփորդում ենք, քանի որ այդ ընթացքում նորովի ենք բացահայտում միմյանց։ Սիրում ենք միասին շատ ժամանակ անցկացնել։
Լուսինեի պատմությունը
Մայրիկս միակ մարդն է, որ ինձ միշտ հավատում և աջակցում է։ Այն միակ մարդն է, որին ես չեմ կարողանում խաբել։ Նա միշտ զգում է, որ ինձ հետ մի բան այն չէ։ Մայրիկի հետ շատ ենք կռվում, քանի որ ես սկզբունքային եմ, բայց նաև շուտ ենք ներում միմյանց։ Հոգեբանական վիճակիս մասին չեմ ասում մայրիկիս, որ շատ չնեղսրտի։ Մայրիկս իմ ամենալավ ընկերն է։
Տաթեւի պատմությունը
Ես մայրիկիս սիրում եմ։ Գիտեմ՝ ինչքան կաևոր է մայրս իմ կյանքում։ Մի միտք եմ կարդացել՝ «Դրախտ չեմ գնա, եթե մայրս այնտեղ չլինի»։ Ես գիտեմ, թե նա որքան է պայքարում հանուն իր երեխաների, ընտանքի, բայց ես ցավում եմ, որ մեր հարաբերություններն առաջվանը չեն։ Մենք ավելի երջանիկ էինք միմյանց հետ, ընկերներ էինք, մայր ու աղջիկ, իսկ հիմա ես պարզապես փորձում եմ իմ երջանկությունը կիսել մայրիկիս հետ, որովհետև գիտեմ՝ որքան կաևոր է նա իրեն զգում, երբ ես դա անում եմ։
Մարիամ Կարապետյանի պատմությունը
Մայրիկիս հետ հարաբերություններն առանձնահատուկ են. մայրիկս ամեն ինչ երեխաներին տվող ու նրանց համար անընդհատ աղոթող հայ մայրիկի օրինակ է։ Բայց նրա չափազանց ցանկությունը, որ ամեն ինչ ինձ համար կատարյալ լինի, հաճախ ստիպում է զգալ, որ ես պարտավոր եմ միշտ լավ լինել: Արդյունքում՝ բացասական հույզերս, խնդիրներս նրա հետ կիսելու հնարավորություն հաճախ չեմ ունենում։ Բայց մյուս կողմն էլ կա․ աշխարհը պարզեցնելու ցանկություն երբեմն ունենում եմ միայն մայրիկիս ու երեխաներիս հետ: Նրանք միակ մարդիկ են, որոնք կարողանում են աշխարհը պարզեցնել այն չափով, որ դա ինձ համար ընդունելի լինի՝ առանց այն պարզունակ դարձնելու:
Լավ ընտանիքի կարևոր գործառույթն այն է, որ դու հնարավորություն ունենաս ավելի առաջ լինելու ծնողներիցդ՝ զգացմունքային կայունության, ինտելեկտի ու հնարավորությունների առումով: Կարևոր է նաև, որ աղջիկներն իրենց մայրիկի հետ հարաբերություններում հասկանան՝ որտեղ են համաձայն, որտեղ՝ ոչ, և կերտեն իրենց անձնական ընտանիքն այնպես, որ դա լինի ինքնատիպ, ոչ պարզապես ծնողների ընտանիքի կրկնությունը:
Տաթև Գալստյան
2-րդ կուրս