«Ծառայությունից առաջ ես օգտվում էի այն հանգամանքից, որ կյանքումս ոչ բոլոր որոշումներն...

«Ծառայությունից առաջ ես օգտվում էի այն հանգամանքից, որ կյանքումս ոչ բոլոր որոշումներն եմ պարտավոր ինքս ընդունել». Էդգար Սարգսյան

773

«Առաջ ես օգտվում էի այն հանգամանքից, որ կյանքումս ոչ բոլոր որոշումներն եմ պարտավոր ինքս ընդունել»,-Էդգարն այսպես է իր կյանքը նկարագրում մինչև ՀՀ զինված ուժեր ծառայության անցնելը, իսկ հիմա որոշումներ կայացնելիս ինքն իրեն համարում է ավելի վճռական։ Նա հստակ գիտի, որ հենց վերադառնա, ավելի պատասխանատու է դառնալու։

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Էդգար Սարգսյանը բուհի առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։ Ինչպես ինքն է ասում, արդեն ծառայության երրորդ մասն անցել է։ Իր առօրյայից պատմում է․ «Ինձ համար ժամանակը շատ արագ է անցնում։ Լինում են պահեր, որ պատկերացնելով հետագայում կյանքի բարդությունները, ցանկանում եմ մի փոքր էլ հետաձգել կյանք մտնելու շրջանը»։

 Ու չնայած այս ամենին` նա ունի մի շարք նպատակներ բանակից վերադառնալուց հետո․ «Միանշանակ ունեմ մեծ նպատակներ, օրինակ՝ ցանկություն ունեմ հնարավորինս արագ պրակտիկ գիտելիքներ հավաքել իմ մասնագիտության ոլորտում և քայլ առ քայլ մասնագիտանալ իմ սիրելի ոլորտում՝ երաժշտության մեջ։ Եթե առաջ միայն  «lofi»-ներ (ձայնագրության տեսակ է, որն ունի ավելի քիչ մասնագիտական կամ թերի ձայնային որակ) էի սարքում, հիմա ուրիշ ոճի մեջ եմ առաջ գնալու, երաժշտությանը ավելացնելու եմ խոսքեր և կատարեմ, օրինակ, կիթառով և երկրորդ անձի հետ։ Էդգարը շատ է սիրել բանակային կյանքը, ինչի շնորհիվ վերադարձրել է նախկին կիրքը գրքերի նկատմամբ։ Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ նորից սկսեց կարդալ գրքեր, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Սկսվեց Քանաքեռում ծառայության ժամանակներից, երբ հեռախոսները բավական խստորեն արգելում էին, իսկ ազատ ժամանակը (չնայած, որ սպաներն ամեն ինչ անում էին, որ մենք դրա մասին երազեինք) հարկավոր էր մի բանով լցնել։ Տղաներից մեկը գիրք էր նվեր ստացել, խնդրեցի այն և մեծ ագահությամբ մի քանի օրում ավարտեցի, երեք ամսվա ըմթացքում հասցրի մոտ տասնհինգ գիրք կարդալ»։

Էդգարը 6 ամիս ծառայել է Քանաքեռի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել Ագարակ։ Ասում է, որ դեռ Քանաքեռում ուներ իր սեփական գրադարանը ստեղծելու գաղափար. «Վաշտի տղաների բոլոր գրքերը պահում էի սեղանիս տակ․ ուրիշ տեղ չկար գրքերի համար։ Իսկ Ագարակում արդեն կարողացա կյանքի կոչել գրադարանի միտքը։ Մի անգամ նկատեցի գրառում, որով իմ հարազատ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գրքեր էր հավաքում, որպեսզի ուղարկի զինվորներին։ Կապ հաստատեցի իրենց հետ ու խնդրեցի, որ գրքերը հենց ինձ ուղարկեն, և միանգամից ստացա իրենց ջերմ համաձայնությունը, ու քիչ ժամանակ անց երեսուն գիրք հասավ Ագարակ»։

Հետագայում ծառայակից ընկերներով պատրաստում են մի անկյուն գրքերը պահելու համար, և արդեն բոլորը կարող էին իրենց համար հարմար մի գիրք ընտրել ու կարդալ։ Էդգարի դասընկերուհին, երբ պատմում էր Էդգարի մասին, նույնպես անդրադառնում է գրքերի թեմային․ «Էդգարը շատ էր սիրում կարդալ, գիտեմ, որ հիմա էլ է սիրում կարդալ, հիշում եմ՝ «Հարի Փոթերի» յոթհարյուր էջանոց գիրքը քսանչորս ժամում էր վերջացրել։ Մի օր էլ տեսնեմ՝ դասի ժամին է կարդում։ Հաջորդ օրն արդեն նույն գրքի հաջորդ հատվածն էր կարդում»։

Երբ խոսում էինք ընկերների մասին, Էդգարը նշեց, որ ավագ դպրոց տեղափոխվելը պատճառ է դարձել ընկերների մեծ մասին ժամանակի ընթացքում և տարբեր պատճառներով կորցնելուն։ Դասընկերուհին դպրոցական Էդգարին հիշելիս ասում է․ «Էդգարը մեր Խուճուճիկն էր։ Մազերն իր յուրահատուկ տեսակը բնութագրող միջոց էին, հենց դասարան էր մտնում, գնում ու հարցնում էի` կթողնե՞ս խուճուճներիդ կպչեմ, դե, ինքն էլ չէր մերժում, իսկ ես երես էի առնում։ Էդգարը շատ անկեղծ է։ Ինչ մտածում, ասում է` չնայած, որ շատ բաներ իր մեջ է պահում ու լռում»։

Էդգարի համար համալսարան ընդունվելը նոր փորձություն էր։ Ասում է․ «Այստեղ ես կարող էի ներկայանալ այնպես, ինչպես կամ»։

Հետագայում, մասնակցելով ուսխորհրդի կազմակերպած տարբեր միջոցառումներին, ձեռք բերեց ընկերների մեծ մասին։  Երբ Էդգարի մասին են հարցնում, համալսարանական ընկերներից մեկը մի պատմություն է հիշում ու ծիծաղում․ «Մի անգամ «օտպուսկ» էր եկել, ինձ էլ իրենց տուն էր կանչել, որ մի օր մնանք։ Խաթրից դուրս չգալու համար գնացի, գիշերը ժամը՝ 23․30-ին չգիտես ինչու որոշեց, որ պետք է գնանք իր հոպարի տղայի, մորքուրի ամուսնու, հարսի եղբոր, տատիկի քրոջ թոռան տուն, ասում եմ․
-Էդ ջան, ցավդ տանեմ, ես էդ մարդուն չգիտեմ, ավելի լավ է՝ դու գնա, արի, ես տանը կսպասեմ։
-Չէ, չէ, հինգ րոպե մտնենք, դուրս գանք։

Համալսարանական ընկերը շարունակում է․ «Ու ոնց հասկանում եք, էդ հինգ րոպեն մի հատ չէր, այլ մի քանի հատ, ավելի կոնկրետ մոտ երկու ժամ էդ անծանոթ մարդկանց տանը նստած էի, վերջում դուրս եկանք, ասում եմ՝ սա է՞ հինգ րոպեն, ինքն էլ զարմացած՝ բա ինչի՞, դուրդ չեկա՞վ։ Ասացի՝ չէ, շատ էր դուրս եկել, լրիվ անծանոթ մարդկանց տանը, ոչ շփվում, ոչ շարժվում էի, «արձանից հինգ էի պակաս»։ Բայց դե պատմության հյութալի մասը հետո է։ Իրենց տան ճանապարհին ֆուտբոլի մեծ դաշտ կա, բոլորդ էլ հասկանում եք, որ գիշերվա ժամը 1- ից ավելի հարմար ժամ ֆուտբոլի դաշտում անկապ վազելու համար չի լինելու, զուտ հետո պարզվեց` էդ ֆուտբոլի դաշտը երեք շուն էին հսկում իրենց ոչ պակաս տերերի հետ, ու վերջում ոչ թե անկապ էինք վազում, այլ մեր կյանքի համար գուցե վերջին մարաթոնն էր։ Էդ ամեն ինչից հետո վերջապես հասանք իրենց տուն, նստեցինք բազմոցին, միացրինք «Փոքրիկ բոսը» մուլտը ու մինչև լույս նայեցինք»։

Չնայած նրան, որ, ինչպես Էդգարն է ասում, բանակ գնալուց հետո շատ ընկերների կորցրել է, նշում է, որ իր համար շատ թանկ ու կարևոր ընկերներ դեռ իր կողքին են։

Էդգարը կատուներին շատ է սիրում։ Նա մի դրվագ ներկայացրեց իր ծառայությունից․ «Երբ բարձրացել էինք դիրքեր, մի կատվի հետ էի ընկերացել, ազատ ժամանակ հենց լինում էր, իր հետ էի խաղում, այնքան էինք մտերմացել, որ երբ գալիս էի քնելու, տեսնում էի՝ անկողնուս մոտ ինձ է սպասում, որ հետը խաղամ, էդպես ամբողջ գիշեր կողքիս է մնում»։

Այս գանգրահեր տղայի ծառայությանը դեռ կես տարի կա, և ինչպես հիմա, այդպես էլ հետո, նա դեռ շատ անելիքներ ունի, և նրա մասին հետաքրքիր պատմությունները դեռ շատ կլինեն։ Մեր զրույցի վերջում խոստացավ, որ բանակից վերադառնալուց հետո գանգուր մազերը նորից սկսելու է խնամել։

Էլեն Միքայելյան

3-րդ կուրս

Կիսվել