Հայտնի փաստ է, որ համացանցի առկայությունը կրճատել է ընթերցողների քանակը: Այս թեմայի վերաբերյալ զրուցեցինք գրախանութներից մեկի աշխատակցուհի Մարիամ Ղազարենցի հետ:
–Ի՞նչ եք կարծում, ժամանակակից մուլտիմեդիա աշխարհում համացանցն ու էլեկտրոնային գրքերը կփոխարինե՞ն տպագիր գրքին:
-Ըստ իս՝ երբեք չեն փոխարինի: Բայց մեր վաճառքների և հարցումների ծավալներով երբ համեմատում ենք, տեսնում ենք, որ օնլայն գրախանութներում հայտնի գրքերը շատ են հարցնում, բայց դրանք սովորաբար մեզ մոտ առկա չեն լինում: Այս առումով մուլտիմեդիա աշխարհը մի քիչ հաղթում է տպագիր գրքին, բայց գրախանութները փորձում են ինչ-որ քայլեր անել դաշտում մրցունակությունը չկորցնելու համար:
–Իսկ ի՞նչ քայլեր են արվում:
-Փորձում են պատվիրել, հաճախորդների կարծիքը հարցնել, հասկանալ, թե տվյալ գիրքը շատերին է հետաքրքրում, թե ոչ: Օրինակ՝ վերջերս ձեռք ենք բերել Քոլին Հուվերի գրքերը, նա ժամանակակից հեղինակ է ու շատ հայտնի է օնլայն տիրույթում, և մեր հաճախորդներն էլ հետաքրքրված էին նրա գրքերով:
–Ըստ վիճակագրության 2010-2021թթ. աճել է աուդիոգրքեր լսողների քանակը, իսկ կարդացողներինը՝ նվազել: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Կարծում եմ, որ պարզապես գիրքը ծանր է ու դժվար է անընդհատ հետդ վերցնել, իսկ աուդիոգիրքը կարելի է ներբեռնել հեռախոսի մեջ և լսել երթուղայինում, քայլելիս կամ տանը պառկած վիճակում: Ըստ իս՝ միայն սա է պատճառը:
–Մեր նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ մոտ 4 տարի աշխատում եք գրախանութում: Դուք ձեր աշխատանքի ընթացքում ի՞նչ եք արձանագրել, գիրք կարդացողների քանակը աճու՞մ է:
-Եթե համեմատենք վաճառքի ծավալները, մեզ մոտ ամեն տարի աճում է թիվը, բայց մի բան է գիրք գնելը, մի այլ բան՝ ընթերցելը: Կան հաճախորդներ, ովքեր գիրք են գնում, որ ձեռքին ունենան ու «հետ չմնան» մյուսներից: Միայն վաճառքի տեմպերով կարող ենք ասել, թե աճել է:
–Իսկ այսօր երիտասարդների շրջանում գիրք կարդալը մոդայի՞կ է:
Մոդայիկ է ձեռքին ունենալ, ցույց տալը, թե կարդում են, սթորիներ անելը, բայց չգիտենք, թե դա որքանով է պրոդուկտիվ:
–Իսկ ի՞նչ են կարդում երիտասարդները:
-Ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքը երիտասարդների շրջանում եղել է, կա ու կարծում եմ՝ կլինի «Դորյան Գրեյի դիմանկարը»: Ամեն 3-րդ հաճախորդը հարցնում է՝ «Դուք «Դորյան Գրեյի դիմանկարը» ունե՞ք»:
Երիտասարդները շատ են սիրում դետեկտիվ կարդալ ու բնականաբար Ագաթա Քրիստի են շատ կարդում: Իսկ Սթիվեն Քինգը մեզ մոտ 3-րդ հորիզոնականում է:
20 տարեկանից բարձր տարիքայինները շատ են սիրում համաշխարհային դասական գրականությունը: Կարդում են Դոստոևսկի, Տոլստոյ, Դրայզեր, Քամյու և այլ հեղինակներ: Մեր շրջանում շատ կարդացվող հեղինակ է նաև Նարինե Աբգարյանը: Նա ստեղծագործում է ռուսերենով, բայց հայի սրտին հարազատ ձևով:
Երիտասարդները շատ են հետաքրքրվում նաև ժամանակակից գրողների ստեղծագործություններով, օրինակ՝ Արամ Պաչյանի, Գրիգի, Արամ Ավետիսի, Հուսիկ Արայի, Հովիկ Աֆյանի, Սյունե Սևադայի և այլոց գրքերով:
–Եվ վերջում, ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք երիտասարդներին:
-Նախ գրքի արժեքը ու մարդ և գիրք կապը հասկանալու համար խորհուրդ կտամ Կառլոս Սաֆոնի «Քամու ստվերը» ստեղծագործությունը:
Հասարակության և անհատի բախումը ու այդ բախման խնդիրը հասկանալու համար խորհուրդ կտամ Ալբեր Քամյուի «Օտարը» ստեղծագործությունը:
Որպիսի հասկանան կյանքի փիլիսոփայությունը և մարդուն, որպես շնչող, մտածող, ֆիզիկական ու հոգեբանական էակ, խորհուրդ կտամ Հերման Հեսսեի ցանկացած ստեղծագործություն:
Իսկ եթե ցանականում են ուղղակի էմոցիաներ, հույզեր ու լարված վիճակ ունենալ, խորհուրդ կտամ կարդալ Սթիվեն Քինգի ու Արթուր Հեյլիի ստեղծագործությունները:
Անուշ Գևորգյան
3-րդ կուրս