Բազմերանգ գույներ, բազմաբովանդակ ցուցասրահներ և այցելուների անվերջ հոսք․հոկտեմբերի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարիչ Նարեկ Ավետիսյանի ընտրանի աշխատանքների ցուցահանդեսը: Նարեկ Ավետիսյանը անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի և նկարչուհի Գայանե Մամաջանյանի որդին է:
Բացման արարողությանը Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր ողջույնի խոսքում նկատեց՝ այս անհատական ցուցահանդեսին շատերն էին երկար սպասել. «Ես ուրախ եմ, որ այսօր դուք այստեղ կանգնած եք և ականատեսն եք մի շատ հետաքրքիր ցուցահանդեսի, որը պատմում է Նարեկ Ավետիսյանի անցած ուղու մասին»:
Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ Նարեկ Ավետիսյանի աշխատանքները ներկայացվել են միանգամից երեք ցուցասրահներում: Ըստ նրա՝ Նկարիչների միության պատմության մեջ չի եղել մի նկարչի ցուցահանդես, որի ժամանակ միաժամանակ երեք ցուցասրահ բաց լինի:
Թեմատիկայի առումով երեք ցուցասրահները տարբերվում են իրարից: Ցուցահանդեսում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու այն նկարներին, որոնք ստեղծվել են 1991-ից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում: Նարեկ Ավետիսյանն իր բացման խոսքի ժամանակ նշեց, որ այս բոլոր ներկայացված նկարները միասին ինքն էլ՝ այցելուների պես առաջին անգամ կտեսնի. «Ինձ համար տոն է, և ես ուզում եմ կիսվել ձեզ հետ»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը:
Անահիտ Նահապետյան
3-րդ կուրս