«Երգեցողությունն իբրև մասնագիտություն ընտրելու հարցում շատ համառ գտնվեցի». Լիաննա Ստեփանյան

«Երգեցողությունն իբրև մասնագիտություն ընտրելու հարցում շատ համառ գտնվեցի». Լիաննա Ստեփանյան

908

Սերն ու հետաքրքրությունը դեպի արվեստը Լիաննայի մոտ ձևավորվել է դեռ մանկուց.

-Ինձ համար առանձնացնում էի երաժշտությունը, նկարչությունը, թատրոնը` ապագայի մասին բոլոր երազանքներս կապելով դրանց հետ։ Սական այս ոլորտներից միայն երաժշտության մեջ ինչ-որ չափով իրագործվեցին նպատակներս, քանի-որ կյանքումս եկավ մի շրջան, երբ երաժշտությամբ զբաղվելու ցանկությունը սկսեց շատ ավելի վառ դրսևորվել ինձ մոտ, ու երգեցողությունն իբրև մասնագիտություն ընտրելու հարցում շատ համառ գտնվեցի։

Նախնական երաժշտկան կրթությունը Լիաննան ստացել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի էստրադային երգեցողության բաժնում, ապա շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային բաժնի երկրորդ կուրսում։

Այնուհետև՝ դասախոսի հորդորով մեկ տարի անց ուսումը շարունակում է նույն բուհի ժողովրդական երգեցողության բաժնում.

-Դասախոսս՝ Էմմա Պետրոսյանը, ասում էր, որ ձայնս ու էությունս դասական երաժշտության մեջ է տեսնում։

Ժողովրդական երգեցողության մեջ Լիաննան գտավ իրեն, ասում է՝ ժողովրդական երգեցողությունը ինձ համար դարձավ ինքնադրսևորման ամենաճիշտ ուղին:

-Հենց այս ժանրի երգեր կատարելով բեմում հաստատեցի Լիաննային՝ որպես ժողովրդական երգչուհի, և մարդիկ, ովքեր լսում էին ինձ, հենց էդպես էլ մասնավորապես աշուղական երգերի՝ իմ կատարումներով ընկալեցին ու սիրեցին ինձ։

Հենց ուսանողական տարիներին էլ սկսել է Լիաննայի ստեղծագործական ուղին.

-Առաջին պրոֆեսիոնալ բեմելներս այս տարիներին էր, այս տարիներին էլ գտա իմ դասախոսին՝ պրոֆեսոր Սամվել Գալստյանին, ումից յուրացրի ժողովրդական երգեցողության բոլոր հմտություններն ու առանձնահատկությունները։

Հենց Սամվել Գալստյանն էլ հորդորել է Լիաննային մասնակցել The festival bridges միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ էլ նա արժանացել է դափնեկիր երկրորդ մրցանակին։

-Այդ ժամանակ շատ մեծ էր ցանկությունս մրցակցելու այլ կատարողների հետ և բեմական փորձ ձեռք բերելու և ես մեծ ոգևորությամբ մասնակցությունս հաստատեցի այդ մրցութում։

Լիաննան մագիստրոսական ուսումնառության տարիներին առաջին փորձը գրանցեց նաև երաժշտամանկավարժական ոլորտում, ինչնը նրա համար ինքնաբացահայտում էր՝ ինքն իրեն մեկ այլ տեսանկյունից ճանաչելու իբրև մարդ և իբրև ուսուցիչ.

-Այստեղ ես ինձ բացահայտեցի որպես բավականին համբերատար մարդ, ինչն էլ, կարծում եմ, դասավանդողի համար պարտադիր պայման է։

Որոշակի դադարից հետո սկսեցի ավելի լուրջ զբաղվել մանկավարժությամբ՝ գործ ունենալով ուսանողական շերտի հետ, ինչը աշխատանքում  եռակի ջանքեր է պահանջում։

Ներկայումս դասավանդում եմ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում որպես երգեցողության դասախոս, Ալ․ Աճեմյանի անվան պետական երաժշտական դպրոցում և Ազգային նվագարանների 7- ամյա պետական երաժշտական դպրոցում՝ որպես երգեցողության ուսուցչուհի։

Լիաննան այս տարիներին հասցրել է ևս մեկ մասնագիտություն ձեռք բերել.

-Երկրորդ մասնագիտությունս դիմահարդարումն է, որը, որպես արհեստ եմ ընտրել և երբեմն ստեղծագործական ու երևակայական պոռթկումներս արտահայտում եմ ինքս ինձ վրա նոր կերպարներ ստեղծելով և մարդիկ, ովքեր սովոր են ինձ միշտ համեստ կերպարով տեսնել թե՛ բեմում, թե՛ առօրյայում, կարող են շատ ավելի վառ ու անսովոր կերպարներում տեսնել երբեմն իմ  ինստաreel-երում։

Ծովինար Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել