Ծրագրեր, որոնք կյանքեր են փոխում

Ծրագրեր, որոնք կյանքեր են փոխում

257

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում առկա հիմնական խնդիրներից են մշակութային կյանքի պասիվությունն ու ժամանցային վայրերի բացակայությունը։ Այս մասին զրուցել ենք Չարենցավանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի մասնագետ Փիրուզա Պետրոսյանի հետ։

-Փիրուզա, տեղյակ ենք, որ այս խնդիրների լուծմանն ուղղված շատ ծրագրեր են մշակվել և իրականացվել։ Մանրամասնեք խնդրեմ դրանցից մի քանիսի մասին։

-Այո, շատ ծրագրեր են իրականացվել, որոնցից մեկն էլ «Կանայք հանուն կանանց» նախաձեռնողական խումբն է եղել, որի համահիմնադիրն եմ նաև ես։ Այն կազմավորվել է երեք տարի առաջ։ Ծրագրի նպատակներն էին` նպաստել համայնքի երիտասարդության զարգացմանը, կանանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը և խթանել համայնքում ավելի ակտիվ ժամանցային կյանքը։ Նախաձեռնողական խումբը հիմնվել է տարաբնույթ հարցումներից ելնելով։ Շատ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք 3 տարի շարունակ իրականացնել բազմաբնույթ և բազմաբովանդակ ծրագրեր, որոնց ընթացքում համայնքում բնակվող կանայք և աղջիկները կարողացել են և՛ ինքնակրթվել, և՛ իրավագիտակցության բարձր մակարդակի հասնել։

-Արդյոք ծրագիրն արդարացրեց ձեր սպասելիքները։

-Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք հասնել այն արդյունքին, որ կանայք, ովքեր ունեին չիրականցված երազանքներ, այս ծրագրի շնորհիվ իրականացրին դրանք։ Մենք հիմա հասել ենք արդեն այդ կետին, որ կանայք զգում են իրենց ավելի երջանիկ և կարողանում են երազել։ Դա ամենակարևոր նպատակներից մեկն է, որին մենք այս պահին հասել ենք։

-Կպատմե՞ք մասնակիցներից մի քանիսի մասին, ովքեր հաջողության են հասել ծրագրի շրջանակներում։

-Ուզում եմ հատկապես նշել ծրագրի ընթացքում կանանց վախերի արտահայտման և, օրինակ, փոքրիկ անիրականանալի թվացող երազանքի իրականացման մասին: Կանանցից մեկը, օրինակ, կարծում էր, որ շատ ծեր է, և երբևէ չի հաջողվի իրեն ձի թամբել: Ծրագրի ավարտին մենք տվեցինք այդ հնարավորությունը, և նա, այդ  թվում բոլոր մասնակիցները հասկացան, որ կինը կարող է ամեն ինչ, մնում է միայն ցանկանալ:

Մեկ այլ մասնակից, ով երիտասարդ տարիներին փայլել էր իր գիտելիքներով, թերի էր թողել ուսումը ամուսնության պատճառով: Այսօր նա շարունակում է իր բարձրագույն կրթությունը:

Ցավալի է, բայց ուզում եմ առանձնացնել կանանցից մեկի այդքան «մատչելի» անձնական կարիքի իրականացման տեմպը: 58 տարեկան կինը վերջին անգամ գինեկոլոգի հետ հանդիպում էր ունեցել 30 տարեկանում 3-րդ հղիության ժամանակ: Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին ունենալ հանդիպում բժիշկ-գինեկոլոգի հետ, ուղղել իրենց հուզող հարցերը, ունենալ անհատական հանդիպումներ

-Փիրուզա, տեղյակ ենք, որ դա նախաձեռնող խմբի կողմից իրականացվող թվով 5-րդ ծրագիրն էր։ Իսկ նախորդ ծրագրերից կա՞ն մասնակիցներ, ովքեր նույնպես հաջողությունների են հասել։

-Այո, մասնակից կանանցից շատերը մեծ տարիքում հասան իրենց երազանքներին։ Իրականացված ծրագրերի շնորհիվ վերջին 20 տարիների ընթացքում ունենք համայնքում առաջին կին ավագանին։

– Տեղյակ ենք, որ «Կանայք հանուն կանանց» նախաձեռնողական խմբին հաջորդող ծրագիրը եղել է «Կին ես»-ը։ Ի՞նչ կասեք այս ծրագրի մասին։

-«Կին ես» ծրագրի թիրախում էին 40+ կանայք։ Նրանց համար հետաքրքիր ծրագիր ենք իրականացրել, որտեղ նրանք կարողացել են գտնել իրենց հետաքրքրությունները և նաև կրթվել։

Ուզում եմ առանձնացնել 2 միտք մասնակիցների կողմից։ Կանանցից մեկը բաձրաձայնեց, որ իր կյանքը արժևորվել է հենց 43-ում, երբ նա մայր է դարձել. կնոջ կյանքը կարող է լինել անչափ գեղեցիկ նաև 40-ից հետո: Մասնակիցներից մեկ ուրիշը իմանալով, որ ծրագիրն ավարտվում է՝ անչափ հուզվեց, տխրեց։ Փաստորեն իր կյանքի վերջին 10-15 տարիների ընթացքում ծրագիրն այն միակ հնարավորությունն էր եղել, որի ժամանակ նա կարողացել էր լիցքաթափվել, տրամադրել իրեն ազատ ժամանակ՝ ազատվելով կենցաղային գործերից և ընտանիքի հոգսերից:

Ծրագիրը համարում եմ լիարժեք իրականացված:

-Հիմա կա՞ն այնպիսի կանայք, ովքեր թերի են թողնում ուսումը և մի կողմ դնում իրենց կյանքի երազանքներն ու նպատակները։

Ցավալի է, բայց նախաձեռնող խմբի կողմից իրականացված հետո-առաջ հարցումների ընթացքում այսօր ևս կան աղջիկներ, ովքեր թերի են թողնում ուսումը ամուսնության պատճառով և/կամ ստանալով կրթություն, չեն նպատակադրվում աշխատելու, կայանալու, և թերի են թողնում իրենց մանկության երազանքը՝ դառնալու կայացած և լիարժեք քաղաքացի: Ես կարևորում եմ մարզերում և համայնքներում նմանատիպ ծրագրերի իրականացումը: Կանայք այսօր շատ ունեն նմանատիպ ծրագրերի կարիք։

Հարցազրույցը՝ Անահիտ Սահակյանի

2-րդ կուրս

Կիսվել