Սերը՝ ծաղկի փողոցում

Սերը՝ ծաղկի փողոցում

300

Թիֆլիսի աշխույժ փողոցներից մեկում, երթևեկության անընդհատ բզզոցների և անցորդների հապճեպ քայլերի մեջտեղում կա մի փոքրիկ անկյուն, որը ծաղկում է բնության վառ գույներով: Այստեղ մի տատիկ, չորացած ձեռքերով և ջերմությամբ լի սրտով, ծաղիկներ է վաճառում։

Ամեն առավոտ, երբ ծագում է արևը, Մարգարիտ տատիկը հասնում է իր նշանակված տեղը՝ մի համեստ փայտե սայլ է հանում՝ զարդարված ծաղիկներով: Տարիների իմաստությամբ փորագրված նրա դեմքը փայլում է ժպիտով, երբ նա դասավորում է իր ծաղիկների շարքերը, և թարմ, քաղցր բույրը սկսում է տարածվել օդում։ Մարգարիտ տատիկը պարզապես վաճառող չէ, նա նաև հեքիաթասաց է, և նրա պոկած յուրաքանչյուր ծաղկաթերթը մի պատմություն է: Երբ հաճախորդները մոտենում են, նա ուրախացնում է նրանց ծաղիկների ծագման մասին պատմություններով:

Նրա սայլի գույների բազմազանությունը գրավում է անցորդներից շատերին՝ մշտապես զբաղված ղեկավարները դադար են տալիս՝ գնահատելով յուրաքանչյուր վարդի գեղեցկությունը, երիտասարդները գտնում են կատարյալ ծաղկեփունջ՝ արտահայտելու իրենց սերը։ Մարգարիտ տատիկի ծաղկի սայլը դադար է միապաղաղությունից, և ինչպես ինքն է սիրում ասել «բնության շքեղության օազիս է քաղաքային անապատում»: Ծաղկավաճառի տոկունությունն ու սերը իր արհեստի հանդեպ ոգեշնչում են շատերին, չնայած եղանակի և ժամանակի դժվարություններին, նա շարունակում է իր աշխատանքը գոհունակությամբ: Նրա կնճռոտ ձեռքերը, թեև քայքայված, պատմում են համառության, հույզերի և գեղեցիկ ապրած կյանքի մասին:

Երբ արևը իջնում է երկնքի տակ՝ երկար ստվերներ գցելով փողոցների վրա, Մարգարիտ տատիկը հավաքում է իր չվաճառված ծաղիկները, որոնցից յուրաքանչյուրը տանում է օրվա չպատմված պատմությունը: Գոհունակ ժպիտով նա ասում է, որ ծաղիկները կարող են թառամել, բայց սերը, որը նա սերմանում է նրանց սրտերում, շարունակում է ծաղկել։

Հարազատները հաճախ պատմում են նրա մասին՝ որպես տոկուն կին, ուժի սյուն, ով դիմակայել է կյանքի փոթորիկներին:

Զավակները վերհիշում են այն օրերը, երբ նա մանրակրկիտ մշակում էր իր պարտեզը՝ տալով ոչ միայն այգեգործական գիտելիքներ, այլև կյանքի դասեր համբերության և հոգատարության մասին: Նրանք հիշում են, թե ինչպես է մայրը իրենց մեջ խորը գնահատանք սերմանել բնության և նրա գեղեցկության

հանդեպ:

Մարգարիտ տատիկի թոռները՝ Դավիթն ու Մարգարիտը, պատմում են նրա ծաղիկների վերաբերյալ կախարդական հեքիաթների մասին. «Չնայած մենք այնքան էլ հետաքրքրված չէինք ծաղիկներով, բայց այնպես, ինչպես պատմում էր տատիկը, անհնար էր կլանված չլսելլը»: Նրանք նշում են, որ տատիկը մտահոգ ուսանողին մեկ ծաղկիկ կարող է նվիրել, երիտասարդ զույգին՝ զեղչված ծաղկեփունջ կամ պարզապես ջերմ ժպիտ անցորդին, ով հոգնած հայացքով անցնում է փողոցը:

Տիկին Մարգարիտի ամուսինը ասում է, որ կինը ունի տարօրինակություններ, բայց նրա տարօրինակությունները սիրելի է համարում: Նա կարող է երբեմն ժամերով նստել անձայն, կարող է հարցեր տալ կնոջը, մի քանի անգամ կրկնել, բայց նա ոչ կլսի, ոչ էլ կպատասխանի։ Սա գալիս է նրանից, որ կինը շատ է հոգնում, բայց ամենևին էլ չի զգում դա։ Կարոտով է հիշում իրենց այն ժամանակները, երբ նրանք առաջին անգամ միասին սկսել են գործը և ոգևորությամբ մշակել այգին:

Զարմանալի է նաև այն, որ ծաղկավաճառը շատ լավ է կարողանում ջերմ զրույցի մեջ մտնել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ. զվարճալի կերպով վրացերենից անցում է կատարում ռուսերենի, ռուսերենից՝ հայերենի։ Մշտական հաճախորդներից մեկը ասում է, որ Մարգարիտ տատիկին բնորոշ են ժեստերի բազմազանությունը, որոնք արտացոլում են նրա ջերմ և հոգատար անհատականությունը: Երբ նա խոսում է իր սայլի տարբեր ծաղիկների մասին, արտահայտիչ ժեստեր է օգտագործում իր պատմվածքը պատկերավոր դարձնելու համար, մի թեթև բարձրացնում է ունքերը և խոսում ձեռքերը ակտիվ թափահարելով։ Այն պահերին, երբ հաճախորդը մխիթարության կարիք ունի, Մարգարիտ տատիկը առաջարկում է ջերմ գրկախառնություն: Նրա գրկախառնությունները անկեղծ են և մայրական հոգատարության զգացում են հաղորդում։ Յուրաքանչյուր ժեստ արտացոլում է նրա իսկական սերը ինչպես իր վաճառած ծաղիկների, այնպես էլ այն մարդկանց հանդեպ, որոնց նա հանդիպում է իր ծաղկած փողոցի անկյունում։

Ալինա Սաակյան

2-րդ կուրս

Կիսվել