«1941թվականի հուլիսի 15-ին ծնվեցի ես՝ Լաուրա Մամբրեի Ղուլինյանս: Հայրս կռվի տարիներին առաջինն էր, որ մեկնեց սահման։ Իմ ճակատի գիրն էլ էդ էր՝ մի ամբողջ կյանք ապրել առանց հայրական սիրո ու քնքնշանքի. հայրս գնաց ու այդպես չիմացավ իմ ծնունդի մասին, իսկ մենք այդպես էլ չիմացանք, թե ուր մնաց նա»,- պատմում էր ընկեր Ղուլինյանը ու հազիվ զսպած արցունքները գլորում ակոսված այտի վրայով:
Սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում՝ տարրական մանկավարժություն բաժնում։ Այդ տարիներին ապրել է մորեղբոր տանը, ով ամբողջ կյանքում փորձել է ինչ-որ չափով լրացնել հոր պակասը։
«Մի օր տանը, մեր ամեն օրվա պես, սեղան էինք գըձըմ ձալոյիս հետ, մին էլ քեռիս, թե բա լավ էլ կարում եմ սեղան գըձել, ուրեմն արդեն քեֆ ուրախություն անելու վախտն ա։ Դե մեր վախտով ուրիշ էր. շատ բան չէինք հասկանում, մեծը ասում էր՝ ուրեմն ըտըհենց էր։ Դրա էքսի օրը իմացա, որ մեր գյուղի Քոչնանց Ռաֆիկը գալուա ինձ ուզելու»,- ժպիտով է պատմում այդ տարիների մասին, ասում է՝ Դսեղից անբաժանելի է:
Գյուղ վերադառնալով՝ համատեղել է ուսուցչուհու և գյուղատնտեսուհու առօրյան։
«Առավոտ շուտ արթնանում էր, տան գործերը արագ անում, ճաշը եփում, հետո էլ արագ-արագ հագնում էր դպրոցի շորերը, պատրասվում ու լիցաքվորվում էր նենց էներգիայով, կասենաս հեչ են կինը չէր, որ խառնված ճաշ էր եփում, զուգահեռ տան գործ անում ու մեզ պատրաստում։ Գործից հետո էլ, երբ միասին տուն էինք գալիս, հագնում էր ծաղկավոր խալաթը ու շտապում Ռաֆիկին օգնելու՝ գոմն ու բաղչեն բեջարելու։ Շատ էր սիրում իր գործը, գիշերները չէր քնում ու աշակերտների տետրերն էր ստուգում, այդ ընտացքում և՛ զայրանում էր, և՛ ժպտում, երբեմն պարզապես գլուխը պտտում էր՝ զայրույթը կամ գոհունակությունը ցույց տալու համար»,- պատմում է ավագ դուստրը։
«Մայրս շատ էր կարդում, կարդում էր ամեն ինչ՝ գեղարվեստսկան գրականությունից մինչև բժշկակն գրքեր։ Գիտեր ամեն ցավի դարմանը, ամեն մեկիս փորձում էր տնական ձևով բուժել, ու էդպես ավելի լավ էր, քան դեղերով»,- ասում է միջնեկ աղջիկը։
Փոքր աղջիկը պատմում է, որ մայրը բանաստեղծություններ էր գրում։
«Երեք աղջիկ պահելը հեշտ չէ, ու էլ ավելի դժվար է են գիտակցումը, որ պահում ես, մեծացնում, հետո տալիս ուրիշին: Այս ամենը գիտակցեցի ու հասկացա այն ժամանակ, երբ բացեցի մորս տետրակը ու կարդացի առաջին քառյակը ՝
Ծաղիկներ ցանեցի,
Ծաղիկներ մեծացան,
Երեքնեին՝ քաղեցին,
Ինձ մենակ թողեցին:»
Իր կյանքի 35 տարիները ընկեր Ղուլինյանը նվիրել է մանկավարժությանը՝ դասավանդելով Դսեղի, Չկալովի, Քարինջի և Մարցի դպրոցներում։ Չնայած այն բանին, որ 25 տարի և ավելին է ինչ դպրոց չի գնացել, աշակերտները մինչ օրս հիշում են նրան և հաճախ այցելում։
«Դե արդեն մեծ կին եմ, իմ դարը ապրել եմ, ու երբ աչքս հետ եմ գցում, տենում անցածս ճամփեն, ես էլ եմ զարմանում, թե երբ էսքանը ապրեցի, արդեն 83 տարի։ Մի առանձնահատուկ երջանկություն է, երբ տեսնում եմ իմ դաս տված երեխեքին արդեն բարձրունքերի հասած, նրանց ամեն մի այցը կյանքս մի տարով երկարացնում է: Գալիս են, նստում ենք, խոսում ենք, հիշեցնում են պատմություններ, որ վաղուց մաշվել են հիշողությանս մեջ»,- պատմում է ընկեր Ղուլինյանը։
Թոռները նրա մասին խոսելիս միայն խրատներն են հիշում, ու ասում են, որ երբեք զայրացած չեն տեսել տատին։
«Փոքր ժամանակ սիրում էի տատիս հետ հեքիաթներ կարդալ, դասերս անել, երգել, պարել, տատիս հետ միշտ ինչ-որ բան սովորում էի։ Երբ մենակ էինք մնում, տատս ասում էր՝ «աչքդ կուր արա ակնջդ խուլ արա, համով կացի, սազով կացի»: Ասում էր, որ համբերատար լինելը ամենակարևոր բանն է էս կյանքում ու, ամեն երկրորդ նախադասության մեջ ասում էր՝ Աստված մեծ է, առաջ Աստված, հետո՝ մենք։ Հաճախ էինք նստում ու զրուցում նրա կյանքից, բարեկամներից։ Հետաքրքիր պատմություններ էր պատմում դպրոցից, մայրիկիս ու մորաքույրներիս մանկությունից։ Միշտ ասում էր՝ հիշի՛ր Թումանյանին՝ «սովորել, սովորել, սովորել», էդ է մնում քո սաղ կյանքում»:
Ընկեր Ղուլինյանը իսկապես անբաժանելի է Դսեղից, նա այժմ էլ բնակվում է այնտեղ և վայելում Թումանյանական բնությունը։
«Օֆ է, բալա ջան, հիմա էս է իմ կյանքը՝ նստել ու սպասել աղջիկներիս, թոռներիս, աշակերտներիս, հարազատներիս՝ մինչև վերջին հյուրիս գալը…»:
Արինա Վարդերեսյան
2-րդ կուրս