Մերի Գևորգյանը, որին ընթերցողները ճանաչում են Մերի Գագիկի անունով, գրել սկսել է 8 տարեկանից։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են հինգ ժողովածուներում։ Երիտասարդ գրողի արձակ և չափածո գործերը հիմնականում հայրենիքի և սիրո մասին են։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն ունի իր հավատարիմ ընթերցողները։
–Ձեր ընթերցողները Ձեզ ճանաչում են Մերի Գագիկի գրական անունով։ Ինչպե՞ս որոշեցիք, որ հենց այդպես պետք է ներկայանաք հանրությանը։ Այլ տարբերակների մասին երբևէ չե՞ք մտածել։
-Ի սկզբանե որպես Մերի Գևորգյան էի հանդես գալիս, հետո դարձա Մերի Գագիկի։ Դա պայմանավորված է հորս հանդեպ ունեցած մեծ սիրով։ Այլ տարբերակներ չեմ մտածել, չեմ էլ ուզում երբևէ փոխել անունս, որովհետև հաճելի է հանդես գալ հայրանունով։
-Դուք Երիտասարդ գրողների ընտանիքում եք հայտնվել հենց ամենասկզբից։ Մի փոքր պատմեք Ձեր՝ գրականության մուտքի և ստեղծագործական ճանապարհի մասին։
–Նախ ասեմ, որ գրել սկսել եմ 8 տարեկանից՝ մայրիկիս համար փոքրիկ բացիկ պատրաստելով։ Հետո գրել եմ փոքր հեքիաթներ, առակներ, չափածո գործեր։ Եղել է նաև դադար։ Հետո ֆեյսբուքյան հարթակում նորից ակտիվորեն սկսեցի գրել։ Դրան նպաստում էին ինձանից տարիքով բավականին մեծ գրողների մեկնաբանությունները։ Այնուհետև մասնակցել եմ Նազենի Հովհաննիսյանի պոետական երեկոներին, որտեղից էլ ստեղծվել է ԵԳԸ-ն՝ Երիտասարդ գրողների ընտանիքը։ Մի քանի անգամ Տաղանդների տաղավարում եղել եմ Ավետ Բարսեղյանի հյուրը։ Նա ևս իր ներդրումն ունի ԵԳԸ-ի ստեղծման մեջ։ Այժմ ունեմ իմ ընթերցողների փոքրիկ բանակը, որտեղ ինձ ու իմ գրին հավատարիմ մարդիկ են։
-Նկատել եմ, որ Ձեր ստեղծագործությունները մեծամասամբ սիրո թեմայով են։ Կան նաև հայրենասիրական գործեր։ Ինչո՞ւ եք նախընտրում հենց այդ թեմատիկան։
-Սիրո թեմայով գրելու մասին ասեմ, որ հայրենիքը ևս սեր է։ Մի միտք ունեմ․ «Ինչի՞ց է, որ երբ գրում եմ հայրենիքի մասին, կարծես քո մասին գրեմ, և երբ գրում եմ քո մասին, կարծես խոսեմ հայրենիքից»։ Կարծում եմ՝ ամեն բան ասվում է այս տողերով։
-Ասում են՝ գրականությունը երկնելու պես մի բան է։ Ինչպե՞ս են ծնվում Ձեր տողերը։
-Իմ տողերը ինքնաբուխ են։ Եթե որոշեմ նստել ու գրել, հաստատ չի ստացվի։ Բայց երբ մտքիս մեջ վազում են տողեր, և ուզում եմ անպայման գրել, այդ ժամանակ, ինչով էլ զբաղված լինեմ, նստում եմ ու գրում։ Ամեն դեպքում կայծ է պետք ներաշխարհիս՝ իսկապես գրելու համար։
–Ձեր ստեղծագործությունները հրապարակվել են հինգ ժողովածուներում։ Չե՞ք պատրաստվում սեփական գիրք հրատարակել։
-Սեփական գիրք ունենալու համար պետք է ինքնավստահ լինեմ ու հասկանամ, որ պատրաստ եմ հանդես գալ որպես սեփական գրքի հեղինակ։ Անձնական գիրք ունենալը քիչ է, պետք է նաև կարողանալ մի բան տալ ընթերցողին։ Իսկ երբ իմ ստեղծագործություներն ինձ տան այն, ինչ կուզեմ տալ ընթերցողիս, անպայման կտպագրեմ նաև առանձին՝ հեղինակային գիրքս։
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գործը։ Ես, օրինակ, շատ եմ սիրում Ձեր այս տողերը․ «Վանի՛ր փամփուշտները։ Չթողնես դիպչեն երազանքներիս»։
-Ես էլ եմ սիրում այդ տողերը։ Նշեմ, որ դրանք պարզապես տողեր չեն ինձ համար, ու ես իսկապես ի սրտե ասել եմ դա կռվի դաշտում գտնվողին։ Պատերազմի ժամանակ աղոթքի պես տարածվում էին այդ տողերը։ Ես զգում էի, որ դա պետք է սպասողին։
Իսկ գործերիս միջև տարբերություն դնել չեմ սիրում։ Դա նույնն է, որ տարբերություն դնես սեփական երեխաներիդ միջև․․․․
Սաթենիկ Ավետիսյան
2-րդ կուրս