Ապատեղեկատվության տարածումը մերօրյա լրջագույն խնդիրներից է: Հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում լրատվամիջոցները հաճախ էին բախվում այս խնդրին: 2022 թվականի սեպտեմբերին Վարդենիսում մի տղամարդ ինքնասպան եղավ տղայի զոհվելու լուրը իմանալուց հետո, սակայն դեպքից շատ չանցած պարզվեց, որ տղան ողջ էր, լուրը սխալ էր տարածվել:
Մեդիայի անզգուշության հետևանքով նման դեպքեր շատ են գրանցվում, պատճառները մի քանիսն են. երբեմն հրապարակողները շտապում են լուրը առաջինը հայտնել և չճշտված տեղեկություններ են հաղորդում, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, երբեմն էլ մեդիագրագիտության պակասն է պատճառ դառնում:
Մենք զրուցեցինք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով կարևորում է ապատեղեկատվության դեմ պայքարում հանրային կապերի զարգացումը․
«Այս պահին պետական կառույցների հանրային կապերը քիչ թե շատ լավ են աշխատում, բայց ոչ բոլորը: Կան լրատվամիջոցներ, որոնք զբաղվում են փաստերի ստուգմամբ, դրանք քիչ են, բայց գոյություն ունեն: Ապատեղեկատվության դեմ պայքարի հիմնական գործիքները դրանք են, Հայաստանում լայն կիրառվում են։
Հանրությանը նաև մշտապես պետք է իրազեկել վտանգների մասին, պետությունը թերանում է իր պատասխանատվության շրջանակներում»,- ասում է Մարտիրոսյանը։
Քաղաքացիներ շրջանում անցկացրած մեր հարցումներից պարզ դարձավ, որ մարդիկ ապատեղեկատվության ամեն օր հանդիպում են: Հարցվածների հիմնական մասը անտեսում է ապատեղեկատվությունը, մեծամասնությունը «Ժամանակ» օրաթերթն է համարում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոց, իսկ օբյեկտիվ լրատվամիջոց համարում է «Հետք» պարբերականին և «Ազատություն ռադիոկայանին»: Շատերն էլ շփոթում են կեղծ և ճիշտ լուրերը։
Ապատեղեկատվության դեմ պայքարում իր ներդրումը ունի նաև «Ինֆորմացիայի Ազատության կենտրոն» ՀԿ-ն, որը քաղաքացիների հետ իրազեկման ծրագրեր է հաճախ իրականացնում: Ինֆորմացիայի Ազատության կենտրոնի ներկայացուցիչը նշում է, որ իրենք նաև հաճախ լրատվամիջոցների կատարած աշխատանքների վերլուծություններ են իրականացնում և դրանք պարբերաբար հրապարակվում համացանցում՝ քաղաքացիներին ավելի իրազեկ դարձնելու համար:
Մենք զրուցեցիցինք նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ, ով կարևորեց Հանրային հեռուստաընկերությունում թողարկվող մեդիագրագիտության մասին թողարկումները․
«Շատ կարևոր է քաղաքացիներին իրազեկել, դարձնել մեդիագրագետ, որը և անում է Սամվել Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերությունում: Կարծում եմ՝ ապատեղեկատվության դեմ պայքարը սկսվում է կանխարգելմամբ, իսկ կանխարգելման հիմքը մեդիագրագետ հանրություն ունենալն է: Շատ լավ է, որ կան փաստերի ստուգմամբ զբաղվող թիմեր, դրանք են media.am-ը, Fip.am-ը. նման հարթակների առկայությունը շատ օգտակար է: Օրինակ՝ եթե հանրության հետաքրքրությունն առաջացնող թեմաները մանիպուլացվում են, գոնե կարող ենք վստահ լինել, որ եղած մի քանի փաստեր ստուգող կայքերը կանդրադառնան դրանց»։
Պապյանը նաև նշեց, որ սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս՝ մամուլի նկատմամբ հանրության վստահությունը ծայրաստիճան ցածր է, և հենց այդ վստահության պակասից է, որ մարդիկ այլ աղբյուրներից են փորձում տեղեկություններ ստանալ․
«Քաղաքացիների լայն շրջանակ կա, որ լսում է Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» ուղիղ եթերները, սրանից կարելի է եզրակացնել, որ ունենք մեդիագրագիտության խնդիր. փոխարեն ձգտեն մարդիկ ավելի որակյալ լրատվամիջոցներին հետևել, ընդհակառակը՝ ավելի շատ են իրենց նվիրում ծայրահեղ բևեռացված, ժառգոնային արտահայտություններով բլոգերների»,-ասում է Արթուր Պապյանը:
Այս ամենին զուգահեռ վերջին տարիներին ամեն տարի Հայաստանում անցկացվում է Մեդիագրագիտության շաբաթ, սա նույնպես միտված է քաղաքացիների մեդիագրագիտության բարելավմանը: Փորձագետները վստահեցնում են, որ կան փոփոխություներ, որոնք դեռ վերջնական փուլին չեն հասել, և մտահոգ մարմինները պետք է շարունակեն զբաղվել այդ խնդիրներով։
Միքայել Սարգսյան
2-րդ կուրս