Երեխաս Բեթմենի կերպարը կրկնօրինակելու պատճառով ստացել է վնասվածքներ և կոտրել ոտքը:
Մոնիկա Իսրայելյանը պատմում է իր հինգ տարեկան որդու մասին, ով, կրկնօրինակելով մուլտհերոսին, ստացել է մի շարք վնասվածքներ:
«Իրականում այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ մուլտֆիլմեր է նայում երեխաս, և պատկերացնել անգամ, չէի կարող, որ դրանք որևէ ազդեցություն կարող են ունենալ: Արդեն հասկացա այն ժամանակ, երբ բավական ուշ էր, տղաս փորձում էր բարձր տեղերից ցատկել ու կրկնօրինակել վերոնշյալ մուլտհերոսի վարքը: Երկար բուժում ենք անցել թե՛ ֆիզիկապես և թե’ հոգեբանորեն վերականգնելու համար»:
Մուլտֆիլմերը, ինչպես ժամանցի միջոց են, այդպես էլ կարող են իրենց բացասական ազդեցություն ունենալ երեխաների հոգեկերտվածքի և վարքաբանության վրա:
Կարծիքները հակասական են մուլտֆիլմերի հավանական ազդեցության վերաբերյալ: Երեխաները, ոչ միայն նայում են մուլտֆիլմերը, այլև կրկնօրինակում մուլտհերոսներին, որը երբեմն անդառնալի հետևանքներ է թողնում:
Աննա Ավետիսյանը ասում է.
«Աղջիկս մուլտերով անգլերեն ու ռուսերեն բառեր է սովորել, արտահայտություններ, բայց զուգահեռ գոռալ ու ծեծել, դարձել է ագրեսիվ ու չենթարկվող: Աշխատում եմ հիմա թույլ չտալ դիտել, սակայն ոչ միշտ է ստացվում»:
Նելի Կարագյոզյանը խստորեն հետևում է մուլտֆիլմերը ընտրությանը.
«Խստորեն հետևում եմ, որ երեխաներս, նախևառաջ, նայեն մուլտֆիլմեր միայն հեռուստացույցով և զուգահեռ իրենց հետ ես էլ եմ նայում: Տղաս մուլտֆիլմերից սովորել է երթևեկության կանոնները, որ անծանոթին չի կարելի մոտ գնալ, սովորել է լեզուներ, շատ դրական եմ վերաբերվում մուլտերին, կարևորը՝ տարբերակել՝ ինչ է նայում»:
Աննա Սահակյանի 4,5-ամյա որդին կրկօրինակում է հերոսների վարքը .
«Երեխաներիս չեմ թույլ տալիս դիտել «Մաշան և արջը» մուլտֆիլմը, քանի որ Մաշայի հիպերակտիվ ու չենթարկվող տեսակը երեխաներիս մոտ հայելային ազդեցություն էր ունեցել՝ ամեն ինչով հակառակվելու ու չարություններ անելու տեսանկյունից: Անգամ, հաց ուտելու ընթացքում կրկնում էին այն արտահայտությունները, որը հնչում էր մուլտֆիլմում»:
Ի՞նչ են ասում մասնագետները
Մանկական հոգեբան Քնարիկ Ղազարյանը նշում է մուլտֆիլմերի դրական և բացասական կողմերը.
«Մուլտֆիլմերը կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն երեխաների վրա՝ կախված դրանց բովանդակությունից և դրանց սպառումից:
Դրական ազդեցություն՝ Մուլտֆիլմերը կարող են կարևոր դասեր և արժեքներ տալ երեխաներին: Դրանք կարող են օգնել երեխաներին սովորել տարբեր մշակույթների, լեզուների և ավանդույթների մասին: Բացի այդ, կրթական մուլտֆիլմերը կարող են երեխաներին սովորեցնել կյանքի կարևոր հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, քննադատական մտածողությունը և ստեղծագործական ունակությունները: Մուլտֆիլմերը կարող են ներշնչել երեխաների երևակայությունն ու ստեղծագործությունը, կարող են օգնել երեխաներին զարգացնել իրենց սեփական պատմություններն ու գաղափարները:
Բացասական ազդեցություն՝ Որոշ մուլտֆիլմեր կարող են լինել դաժան և ագրեսիվ, ինչը կարող է երեխաներին անզգայուն դարձնել բռնության նկատմամբ և խթանել ագրեսիվ վարքագիծը: Սա կարող է հատկապես խնդրահարույց լինել փոքր երեխաների համար, ովքեր հնարավոր է չկարողանան տարբերակել իրական կյանքը ֆանտազիայից: Մուլտֆիլմերում կարող են հայտնվել այնպիսի կերպարներ, որոնք նպաստում են բացասական վարքագծին, ինչպիսիք են ստելը, խաբելը և ահաբեկելը: Սա կարող է հատկապես խնդրահարույց լինել փոքր երեխաների համար, ովքեր դեռ չեն հասկանում ճիշտի և սխալի տարբերությունը:Որոշ մուլտֆիլմեր պատկերում են անիրատեսական սցենարներ կամ պատկերում են գերմարդկային ունակություններով կերպարներ, ինչը կարող է երեխաների մոտ անիրատեսական ակնկալիքներ առաջացնել, որն էլ իր հերթին, երբեմն, կործանարար է լինում: Բացասական ազդեցություններից կարող է լինել նաև գենդերային կարծրատիպերը՝ տղաներին ներկայացնելով որպես ագրեսիվ և գերիշխող, իսկ աղջիկներին՝ որպես պասիվ և հնազանդ:
Անդրադառնալով մուլտֆիլմերի միջոցով լեզուներ սովորելուն` լոգոպետ Լիանա Սերոփյանը ասում է.
«Եթե երեխան չի խոսում տարբեր լեզուներով կամ մեկ այլ օտար լեզվով, մուլտֆիլեր նայելուց առաջանում է խոսքի զարգացման ուշացում, ու եթե շարունակում է նայել, հնարավոր է առաջանա խոսքային խնդիրներ: Խոսքի նորմալ զարգացման համար ցանկալի է չծանրաբեռնել երեխայի ուղեղը այլ լեզուներով, քանի որ նա կարող է խառնել բառերն ու արտահայտությունները, չհասկանալ դրանց ճիշտն ու սխալը»:
Ի՞նչ մուլտֆիլմեր կան ներկայումս հայկական մեդիայում
Հայկական արտադրության մուլտֆիլերից են «Փերփերի»-ն «Գամփռիկի արկածները», «Arpi Animation»-ը, «Կենդանիները ֆերմայում» և այլն: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ամենադիտվող և ամենասիրված մուլտֆիլմը՝ «Փերփերի»-ն է, որը մեծամասամբ բացասական մեկնաբանության է արժանանում, բայց դիտումները հասնում և հատում են միլիոնները:
«Անիմաստ, ոչինչ չասող մուլտֆիլմ է, անդադար միայն գովազդներ ձողիկների մասին, դեգրադացնող արտահայտություններ ու տարօրինակ կերպարներ: Չկա որևէ օգտակար բան, չեմ թույլ տալիս աղջկաս դիտել»,- նշում է երկու երեխաների մայր Զոյա Սարգսյանը:
Երկուսուկես տարեկան Արմանի մայրիկը նշում է. «Որևէ իմաստ չեմ գտնում, բայց նաև չեմ արգելում նայել տղայիս, սիրում է մուլտը, կրկօրինակում է երգերը և ինձ դիմում՝ փերփերի: Իհարկե չեմ թողնում շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առաջ, բայց մուլտֆիլմը նայել չեմ արգելում»:
Ի՞նչ կլինի, եթե մոլտֆիլմերի հետևանով առաջացած վախը մնա երեխայի ներսում
Հոգեբան Քնարիկ Ղազարյանը նշում է. «Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ երեխան մուլտֆիլմի ազդեցության տակ վախեցել է ոչ միայն մթությունից կամ չար կերպարներից, այլեւ, օրինակ, նրանից, որ «Սպայդերմեն»-ը կգա եւ կքայլի իր սենյակի պատերով: Եթե մուլտֆիլմից առաջացած վախերը մնան երեխայի մեջ, ապա նրա մոտ կզարգանան տագնապ, սթրես, ագրեսիա, վարքային փոփոխություններ, որոնք կարող են երեխային ուղեկցել մինչև դեռահասության շրջանը: Ծնողը կզարմանա, թե իր երեխային որտեղից այդպիսի վարքային պահվածք, բնավորություն, բայց պետք է հիշի իր երեխայի անցած ճանապարհը, քանի որ փոքր ժամանակվա վախերը նրան ուղեկցելու են մինչև դեռահասություն: Դեռահասությունն այն տարիքն է, երբ բոլոր տրավմաները մանկության ժամանակ գլուխ են բարձրանում:
Մուլտֆիլմերի կերպարներից առաջացած վախը ծնողը պետք է երեխայի ներսից հանի` բացատրելով և նրա հետ զրուցելով: Եթե, օրինակ, վախն առաջացել է կատուներից, երբ երեխան մուլտֆիլմ է տեսել, որտեղ կատուն բացասական կերպար է եղել, ապա այս պարագայում կարևոր է, որ ծնողն օգնի նրան կառավարել իր հույզերը, նրա հետ միասին կենդանի կատվի հետ խաղա, կերակրի»:
Միջազգային փորձ
Ինչպես նշում է collider.com-ը, միջազգային փորձը վկայում է, որ այժմ ամբողջ աշխարհում կան մի շարք արգելված մուլտֆիլմեր, որոնք ժամանակին եղել են երեխաների ամենասիրելիները, սակայն նրանց ազդեցությունը եղել է անդառնալի: Որոնցից են՝
Թոմ և Ջերի. այս դասական մուլտֆիլմն արգելվել է որոշ երկրներում՝ իր դաժան բովանդակության և այն փաստի պատճառով, որ այն պատկերում է վտանգավոր և վնասակար վարքագծի կերպարներ:
Peppa Pig՝ երեխաների վարքի վրա բացասական ազդեցության և որոշ մշակութային արժեքների ցուցադրման պատճառով:
The Powerpuff Girls Իրանում արգելվել է գերմարդկային կարողություններով աղջիկների պատկերելու համար, ինչը համարվում էր արևմտյան ապրելակերպի քարոզչություն (Աղբյուրը՝ https://collider.com/top-children-cartoons-that-were-banned/)
Միջազգային փորձը կարող է նաև որոշ արժեքավոր պատկերացումներ տալ այն մասին, թե ինչպես պայքարել մուլտֆիլմերի բացասական ազդեցության դեմ: Օրինակ՝ Ճապոնիայում ծնողներն ու ուսուցիչներն օգտագործում են անիմե (ճապոնական անիմացիա)՝ երեխաներին պատմության, մշակույթի և արժեքների մասին սովորեցնելու համար։
Ֆրանսիայում գործում է մուլտֆիլմերի վարկանիշային համակարգ, որը գնահատում է բովանդակությունը՝ ելնելով տարիքին համապատասխանությունից և կրթական արժեքից։
Միացյալ Թագավորությունում կան ուղեցույցներ հեռարձակողների համար՝ ապահովելու մանկական հաղորդումների բովանդակության համապատասխանությունը:
Էլեն Թևոսյան
4-րդ կուրս