Շաքարային դիաբետ․ կարծրատիպեր

Շաքարային դիաբետ․ կարծրատիպեր

362

Շաքարային դիաբետը ներզատիչ հիվանդությունների խումբ է, որոնց առաջացման պատճառը կապված է գլյուկոզի յուրացման խանգարման հետ։ Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝

Տիպ 1 շաքարային դիաբետ, որն առկա է հիմնականում երեխաների մոտ, տիպ 2` առկա է մեծահասակների մոտ, որի առաջացման հիմնական պատճառներն են մարմնի ավելորդ քաշը և ոչ բավարար ֆիզիկական աշխատանքը, և գեստացիոն

դիաբետ, որի ժամանակ հղի կանանց մոտ դիտվում է գերշաքարարյունություն։

Շաքարային դիաբետը որոշների համար հիվանդություն է, որոշների համար էլ՝ ապրելակերպ։ «Շաքարային դիաբետը ֆիլտր է, որը ֆիլտրում է մեր կյանքից բացասական մարդկանց։ Այն դարձավ կյանքիս մշտական ուղեկիցը գրեթե 6 տարի առաջ, ու վստահորեն կարող եմ ասել՝ երբեք չի խանգարում ինձ ունենալ ակտիվ կյանք։ Դիաբետի հետ ես հաշտ եմ, պարզապես պետք է փոքր-ինչ հետևողական լինել»,- նշում է 16-ամյա Էլենը՝ պատմելով ապրելակերպ դարձած դիաբետի մասին։

Սակայն կան մի շարք կարծրատիպեր, որոնք ապակողմնորոշում են հասարակությանը։ Այդ նույն հասարակությունը ավելի գրագետ և հավաստի տեղեկությունների կարիք ունի, քանի որ տեղեկացված չլինելն ու կարծրատիպերով առաջնորդվելը վնասում է իրենց շուրջը գտնվող մարդկանց, հատկապես՝ դիաբետիկներին։

Թիվ մեկ շաքարային դիաբետ ունեցող անձիք կարող են զբաղվել սպորտով, օգտվել մազահեռացման, մատնահարդարման և այլ խնամքի ծառայություններից, քանի որ դրանք հակացուցված չեն։ Նրանք կարող են ուտել քաղցրավենիք և fast food, պարզապես ըստ օրգանիզմի պահանջի կարևոր է ընդունել ինսուլին կամ պահպանել ֆիզիկական ակտիվություն։ Սրանք կազմում են դիաբետի

կարծրատիպերի շատ փոքր մասը, քանի որ հասարակության տարբեր խավեր ունեն գիտելիքի տարբեր մակարդակներ։

Հասարակությունը ապատեղեկացված է, ու պատճառը ոչ թե համացանցն է, այլ այդ նույն հասարակության ներսում անդադար պտտվող բամբասանքը և հանրային տգիտությունը։ Ոմանք պնդում են, որ շաքարային դիաբետ ունեցող կանայք չեն կարող հղիանալ, ինչն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Ոմանք պնդում են, որ դիաբետը վարակիչ է, և դա նույնպես փաստում է այն մասին, որ դա պատճառն է իրազեկության և կրթության պակասի։

Հոգեբաննեը նշում են, որ նման կերպ արտահայտվելը և նման կարծրատիպերի առկայությունը կարող է վնասել շատերին։ Դիաբետիկները շատ ավելի զգայուն են և էմոցիոնալ։ Իսկ բժիշկները փաստում են մեկ այլ կարևորի մասին, նշելով, որ դիաբետ ունեցող անձիք պարտադիր կերպով պիտի պահպանեն ֆիզիկական

ակտիվություն և սննդակարգում չափավոր կերպով ներառեն շաքարը։ Սակայն տիպ մեկ և տիպ երկու տեսակները տարբերվում են միմյանցից իրենց առանձնահատկություններով։ Փաստը մնում է փաստ՝ անհրաժեշտ է ուշադիր և նրբանկատ ձևով շփվել նրանցից յուրաքանչյուրի հետ, քանի որ անզգույշ բառը կամ արտահայտությունը կարող է վիրավորել ու վնասել նրանց։ Այսինքն՝ հոգեբանական

լուրջ խնդիրներից խուսափելու համար ընդամենը պետք է լինել իրազեկված և կրթված։

Դիաբետի հետ կապված կարծրատիպերի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ տոկոսային համեմատությամբ մեծ մաս են կազմում այն մարդիկ, ովքեր տեղեկացված են, այլ ոչ ապատեղեկացված։ Հարցումը լրացնողների 81%-ը ճիշտ է պատասխանել դիաբետի մասին հարցերին, ինչն արդեն իսկ ուրախալի փաստ է։ Ստացվում է, որ օր օրի մեր հասարակությունը ինքնակրթվում է, իմանում է էլ ավելին՝ իր շուրջը գտնվող մարդկանց մասին, ովքեր ապրում են դիաբետի հետ։

Ֆեյսբուքյան ու ինստագրամյան հարթակներում արդեն իսկ ստեղծվել են դիաբետի թեմայով բլոգներ, որտեղ դիաբետիկներն անձամբ խոսում են ու պատմում իրենց անցած ճանապարհի, այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների և

սպասվելիք իրադարձությունների մասին։ Նրանք կոտրում են կարծրատիպեր և խոսում ապրելակերպ դարձած դիաբետի մասին։ Շատերի համար դա ողջունելի է, շատերի համար՝ ամոթալի։ Սակայն ամոթը ոչ թե խոսելն է, այլ բարձրաձայնող անձանց հասցեին ամոթանքի խոսքեր հնչեցնելը։ Ինչևէ, բլոգերները հույս ունեն, որ շատ շուտով այդ խնդիրն էլ կլուծվի, և մենք կկարողանանք ապրել առողջ ու կրթված հասարակության մեջ…

Մարիամ Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել