«Գոյություն ունի մեկ ճշմարտություն, որ աշխարհում զբոսաշրջային կենտրոնների մեծ մասը կրոնական են»....

«Գոյություն ունի մեկ ճշմարտություն, որ աշխարհում զբոսաշրջային կենտրոնների մեծ մասը կրոնական են». Ա. Հովհաննիսյան

301

Զբոսաշրջության ոլորտի մասնագետների պատրաստման աշխատանքների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ «Կրոնական զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար Արամ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, խնդրում եմ՝  պատմեք  «Կրոնական զբոսաշրջություն» կրթական ծրագրի ստեղծման, նպատակների, գործարկման մասին:

-Դեռևս տարիներ առաջ մեր ֆակուլտետում միտք հղացավ բացել «Կրոնական զբոսաշրջություն» կրթական ծրագիրը բակալավրիատում: Երկրորդ տարին է դեռևս, երբ այս բաժինը բացված է: Այսօր մենք արդեն ունենք բակալավրիատի երկու կուրս, նաև հեռակա բաժինը: Նաև սպասում ենք երրորդ հոսքին այս տարվա: Հաճախակի գովազդներ ենք տեղադրում, դպրոցներ ենք գնում, երեխաներին բացատրում ենք այս մասնագիտության կարևորության մասին, որպեսզի որոշակի արդյունք ստանանք: Նշեմ նաև, որ այս տարի մեր սրբազանը՝ Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը, որոշել էր, որ լավագույն ուսանողներին ուղեգրեր նվեր կանի, որպեսզի նրանք կարողանան գնալ Երուսաղեմ, բայց, ցավոք, քաղաքական իրավիճակի սրման պատճառով, մենք մտածում ենք ուսանողներին այլ երկիր ուղարկել, որը կկրի շարունակական բնույթ: Սա կարող է խթան հանդիսանալ, որ մեր ուսանողները լավ սովորեն, ինչը մեզ համար անչափ կարևոր է:

-Իսկ ինչու՞ «Կրոնական զբոսաշրջություն», ի՞նչ առանձնահատկություններ  ունի ծրագիրը՝ դասընթացներ, պրակտիկ աշխատանքներ և այլն:

Մենք հետազոտություններ իրականացրինք հանրապետության տարբեր բուհերում և նկատեցինք, որ գրեթե բոլոր բուհերում, որտեղ կա «Զբոսաշրջություն» մասնագիտությունը, ընդհանրական է: Սակայն գոյություն ունի մեկ ճշմարտություն, որ աշխարհում զբոսաշրջային կենտրոնների մեծ մասը կրոնական են: Հայաստանը վառ օրինակ է այս առումով, մենք մեր զբոսաշրջիկներին առաջինը տանում ենք ցույց տալու մեր վանքերն ու եկեղեցիները: Պետք է նշեմ, որ բոլոր զբոսաշրջային բաժիններում կրոնական գործոնը շատ թույլ է ներկայացված, և ուսանողները շատ հպանցիկ են անցնում կրոնագիտություն: Չպետք է մոռանալ, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն ենք և աշխարհին ներկայանում ենք որպես այդպիսին: Հետևաբար մենք մտածեցինք, որ մեր ուսանողները, բացի զբոսաշրջային  և կառավարման ոլորտների առարկաներից, պետք է սովորեն նաև կրոնագիտության բնույթի առարկաներ և «Հայ եկեղեցու պատմությունը»՝ բավականին խորությամբ:

-Ընդունելության առաջին տարում քանի՞ դիմորդ եք ունեցել, քանի՞սն են ընդունվել, և քանի՞ ուսանող ունեք այսօր:

Առաջին տարում 21 դիմորդ ընդունվեց: Մենք շարունակեցինք ինտենսիվ աշխատել: 8 ուսանող էլ ընդունվեց հեռակա բաժին: Իսկ երկրորդ տարում բավականին բարձր միավորներով ընդունեցին կրկին 21 ուսանող: Այս տարի դիմեցինք ռեկտորատ՝ տեղերն ավելացնելու խնդրանքով, և նոր ուսումնական տարվա ընդունելության համար ունենք 25 տեղ: Հույս ունենք, որ 25 տեղն էլ կկարողանանք ապահովել:

-Ինչպե՞ս է կազմակերպվում ծրագրի ուսանողների մասնագիտական պրակտիկան:

-Հիմնական պրակտիկան բարձր կուրսերում է լինելու, սակայն մենք տարեկան մի քանի անգամ մեր ուսանողներին տանում ենք մեր նշանավոր հոգևոր կենտրոնները, որպեսզի նրանք նաև տեսնեն, ծանոթանան: Մենք պայմանագրեր ենք կնքել տարբեր տուրօպերատորների հետ, որպեսզի մեր ուսանողները տարբեր կուրսերում գնան և պրակտիկա անցնեն այնտեղ, և դա օգնի իրենց հետագա գործունեությանը:

-Ի՞նչ հեռանկար ունեն ապագա շրջանավարտները կրթությունը շարունակելու և աշխատանքի տեղավորվելու առումով:

Որպեսզի մեր մասնագիտությունն ավելի խորանա, մենք պատրաստվում ենք եկող ուսումնական տարում  բացել նաև  «Կրոնական զբոսաշրջություն» անվանումով մագիստրոսի կրթական ծրագիր՝ մեկ տարի տևողությամբ և 60 կրեդիտ ծավալով:

Զբոսաշրջությունը վերջին տարիներին Հայաստանի տնտեսության ամենազարգացող ճյուղերից մեկն է, և բնականաբար, այս բնագավառում որակյալ մասնագետի համար աշխատատեղերի խնդիր չկա: Ես վստահ եմ, որ որակյալ կադրը իր տեղը կգտնի, որովհետև շատ մեծ են նրա հնարավորությունները, և կարող եմ վստահ նշել, որ ապագայում էլ ավելի են ընդլայնվելու:

-Ի՞նչ կմաղթեք ծրագրի ուսանողներին:

Ես մեր ուսանողներին կմաղթեմ, որ լավ սովորեն, լավ մասնագետներ դառնան և իրենց օգուտը բերեն, իհարկե, մեր հանրապետությանը: Քանի որ մենք ստեղծել ենք, աշխատում ենք և ամեն ինչ անում ենք, որ իրենք ոչ մի խնդիր չունենան: Իրենց լավ մասնագետ դառնալը մեզ համար լավագույն պատասխանը կլինի:

– Շնորհակալություն:

Հարցազրույցը՝ Անի Մանուկյանի

5-րդ կուրս

Կիսվել