Կամուրջ սպորտի և բժշկության միջև

Կամուրջ սպորտի և բժշկության միջև

396

«Պայուսակումս հավասարակշռում են ֆուտբոլային հանդերձանքս և բժշկական դասագրքերս»,- այսպես պատասխանեց երիտասարդ սպորտսմենը այն հարցին, թե ո՞րն է կյանքում գերակշռում, ֆուտբո՞լը, թե՞ բժշկությունը, և հավելեց, որ  գլխավոր տարբերությունն այն է, որ բշկությունը անասելի պատասխանատվություն է դնում մարդու ուսերին, իսկ ֆուտբոլը՝ ոչ։ Նա նշեց, որ ֆուտբոլում կարող ես մեկ-երկու գոլ ուտել, կամ սխալ հարվածել գնդակին, ու դրանից վատ հետևանքներ չեն լինի, իսկ բժշկության մեջ մեկ սխալը կամ վրիպումը կարող է մարդու կյանք արժանանալ։

Մեր այսօրվա հերոսը Մարկոս Մղդեսյանն է, ով երկար տարիներ զբաղվելով ֆուտբոլով, այնուամենայնիվ որպես հիմնական մասնագիտություն ընտրել է բժկությունը և ընդունվել բժշկական համալսարան։ 

Նա ֆուտբոլ խաղացել է վեց տարեկանից, պատմում է, որ չի եղել օր, որ դասերից հետո չգնա դաշտ. «Հիշում եմ, սեպտեմբերին դասի էի գնում լրիվ սևամորթ դարձած, որովհետև ամռանը ուժեղ արևին ժամերով ֆուտբոլ էի խաղում դաշտում»։

Այն հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդքան սիրելով ֆուտբոլը, նա ընտրեց բժշկի մասնագիտությունը, Մղդեսյանը նշեց. «Ֆուտբոլը պաշտում եմ, և իմ երազանքն էր հայտնվել ու խաղալ աշխարհահռչակ թիմերում, որոնց նաև երկրպագում եմ, բայց նման կարիերա կազմակերպել Ջավախքում անհնար էր: Հայտնի ակումբներում հայտնվելու համար մեծ ֆինանս է հարկավոր, և հետո դա պիտի սկսես վեց-յոթ տարեկանում, և տեղափոխվես արտասահման, ինչը ևս անհնար էր: Իսկ բժշկական համալսարան ընդունվելը երկար մտածված քայլ էր. ես ուզում եմ կայանալ այդ ոլորտում, կարծում եմ՝ իմ ու իմ ընտանիքի լավ ապագայի երաշխիքը հենց այդ մասնագիտությունն է»։  

Դժվարությունները նույնպես քիչ չեն Մ․ Մղդեսյանի կյանքում, նա դժվարին ճանապարհ է ընտրել անցնելու համար. դասերը շատ-շատ են, և ցավալին սիրելի սպորտաձևով ընդմիջումներով զբաղվելն է։ Ասում է, որ հիմա էլ չի կարողանում ամեն օր գնալ ֆուտբոլ խաղալու, դասերը խանգարում են, և հավելում, որ թերևս իր համար ամենաբարդը այդ ընտրության առջև կանգնելն է։

Հաճախ է պատահում, որ ուզում է թողնել ամեն ինչ ու վազել դաշտ, բայց հետո գիտակցում է, որ դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ։                                           

Հազվադեպ մարզվելու պատճառով քաշ է հավաքել և պատմում է, որ մարզիչը հաճախ կատակում է՝ հարցնելով. «Հը՞, Մղդեսյան ջան, հիմա մի հատ շաուրմա չլինե՞ր, ուտեիր»։

Նշենք, որ Մարկոսը սովորում է Վրաստանում, և դա գործը կնարկի է բարդացնում, ընդգծում է, որ մայրենի լեզվով սովորելը շատ ավելի հեշտ կլիներ, քան վրացերենով։ «Ես սիրում եմ վրաց լեզուն, բայց պատկերացնում եմ, որ այդ ամենը սովորեի իմ լեզվով,  հարյուր տոկոս կկարողանայի ավելի շատ ֆուտբոլ խաղալ: Հիմա շաբաթը մեկ եմ գնում, դա էլ մրցումների ժամանակ է, որ կարողանում եմ միանալ  թիմիս, հիմնականում, երբ արձակուրդներին գնում եմ ծննդավայր՝ Ջավախք, այնտեղ էլ կարոտս առնում եմ ֆուտբոլից»։

Բժիշկ-սպորտսմենը կյանքի ընտրյալ ունի, ով հիացմունքով է խոսում սիրեցյալի նշաձև աչքերի ու բարի բնավորության ամսին: Պատմում է՝ 4 տարի հետո է միայն խոստովանել, որ սիրում է Մարկոսին. «Նա ինձ սիրահարվել էր դեռ ութերորդ դասարանում (մենք դասընկերներ էինք), և դրական պատասխան ստացել միայն  12-րդ դասարանում՝ վերջին զանգից մեկ ամիս առաջ: Ես կարծում եմ, որ դա էր ճիշտը, պիտի հասկանաս՝ արդյոք նա կպայքարի, թե ոչ: Հետո ինձ ժամանակ էր անհրաժեշտ՝ գիտակցելու՝ նա՞ է այն մարդը, ում ես ցանկանում եմ տեսնել իմ կողքին: Իր հոգատարությունը, սերը ու նվիրվածույունը արեցին ամեն ինչ, որ ես դրական պատասխան տամ»։

Աղջիկը գնահատում է սիրելիի նպատակասլացությունն ու կամքը: Բացասական կողմերից նշում է նրա տաքարյունությունը և շուտ բռնկվեկու սովորությունը. «Մարկոսին հունից հանելը մեկ-երկու վայրկյանի հարց է: Եթե ջղայնացած է, պետք է չխոսել նրա հետ, բայց իհարկե, ես այդպես չեմ անում, միշտ նյարդայնացնող մի բան ասում եմ (ծիծաղում է)»։

Վերջում մեր հերոսը խորհուրդ է տալիս՝ երբեք չթողնել այն, ինչը սիրում եք, երբեք չհրաժարվել սիրելի զբաղմունքից, անգամ եթե դա շահույթ չի հետապնդում։ Անհրաժեշտ է համատեղել սիրելին օգտակարի հետ. «Արեք այն, ինչը ձեզ հաճույք է պատճառում, հավատացեք՝ դա առողջացնում է մարդուն: Չպետք է վախենալ դժվար ճանապարհից, և որ ամենակարևորն է, ունեցեք ձեր կողքին մարդ, ով ձեզ հետ կլինի այդ խրթին, բայց ապագայում հարթ թվացող ճանապարհի ընթացքում»։

Ալինա Սաակյան

2-րդ կուրս

Կիսվել