«ԱրիՊարի»-ն ազգապահպանության միջոց

«ԱրիՊարի»-ն ազգապահպանության միջոց

162

Երկու տարուց ավել է «ԱրիՊարի» ազգագրական երգի պարի խումբը կազմակերպում է բաց դաս-միջոցառումներ՝ համախմբելով մարդկանց ազգայինի շուրջ։ Այս անգամ այն կազմակերպվել էր Հարավարևելյան թաղամասում։

Գեղարվեստական ղեկավար Համազասպ Ասլանյանի խոսքով՝ նման բաց դաս-միջոցառումները կրում են ուսուցողական բնույթ, մարդիկ գալիս են, վարակվում ազգայինով։

-Մենք փորձում ենք Երևանի բոլոր մասերում և մարզերում կազմակերպել նմանօրինակ միջոցառումներ, մեզ միանում են ազգագրական տարբեր խմբեր, և արդյունքը հիանալի է լինում,- նշում է Համազասպ Ասլանյանը։

Միջոցառումների կազմակերպման մասին տեղեկություններ ստանալու համար ստեղծվել է տելեգրամ հարթակ, որտեղ նշվում է կազմակերպման վայրը, ժամը և այլ հավելյալ ինֆորմացիա։

Միջոցառման ընթացքում ոչ միայն պարուսուցում է կատարվում, այլ նաև  պատմվում ազգային երգ ու պարերի մասին, թե որտեղից և որ թվականին է ծագել, ինչ նշանակություն է ունեցել պարը և այլևն։

Հարավարևելյան թաղամասի բնակիչ տիկին Կարինեն ասում է, որ նման բան դեռ չէր տեսել, երգի ձայնի վրա թոռնիկների հետ դուրս է եկել ու հիացել է նախաձեռնությամբ։

-Թոռնիկներս շատ էին ուրախացել, ես էլ, ինչ խոսք, զարմացած էի ազգային երգերի բարձր ձայն լսելով, թող շուտ-շուտ կազմակերպվի, այս սերունդին սա է պետք, ոչ թե թուրքական մելիզմներ,- նշում է տիկին Գրետան։

Ազգային պարերի հաջորդ բաց դասը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Անգլիական այգում։

Վերա Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել