«Սենց բան չկա». սա ոչ թե սենսացիոն լուրի, այլ Արամ MP3-ի նոր...

«Սենց բան չկա». սա ոչ թե սենսացիոն լուրի, այլ Արամ MP3-ի նոր երգի վերնագիրն է

218

Սեպտեմբերի 13-ին` ժամը 19։00-ին, Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցավ սիրված երգիչ Արամ MP3-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսը։ Արտիստի խոսքով՝ տեսահոլովակը վերնագրված է «Սենց բան չկա», քանի որ այստեղ նա ներկայանում է անսպասելի կերպարներով։

-Վերջին շրջանում ռիթմիկ, պարային երգերն անհամեմատ քիչ են իմ երգացանկում։ Լսարանս բողոքում է, ասում են` հոգնել ենք ռոմանտիկ երգերից,- ծիծաղելով մեջբերում է Արամը։

Նրա կարծիքով՝ սա նոր հիթ կլինի և կապահովի բարձր տրամադրություն երեկույթների և միջոցառումների ընթացքում։

Երեկոյի սկզբում լավ տրամադրությունը ապահովեց DJ Arni Rock-ը, այնուհետև բեմ բարձրացավ Արամը և իր երգացանկից կատարեց «Ալաբալանիցա», «Սիրո հասակ», «Գալիս ես», «Սկսում ենք» և մի քանի այլ երգեր։

-Առաջին անգամը չէ, որ երգիս պրեմիերան այս ձևաչափով է կայանում։ Այս բեմից հնչել են նաև «Կուզես», «Երևի», «Ալաբալանիցա» և այլ երգերի առաջին նոտաները,-հավելում է երգիչը։

Նոր երգի խոսքերի հեղինակն Արամն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արամայիս Հայրապետյանը, բեմական տեսքն ապահովել է Դիանա Շատվերյանը, կազմակերպչական հարցերով զբաղվել է Նիկ Եգիբյանը։

Շնորհանդեսը մարդաշատ էր, հանդիսատեսի պարային բարձր տրամադրությունը չդադարեց ողջ երեկոյի ընթացքում։

Լուսանկարները` հեղինակի

Հեղինակ` Անի Իսկանդարյան

2-րդ կուրս

Կիսվել