Ժենգյալով հացը՝ հաց վաստակելու միջոց

Ժենգյալով հացը՝ հաց վաստակելու միջոց

331

Հայրապետյանների ընտանիքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքից տեղափոխվել է նախ Արարատի մարզ, հետո՝ Երևան։

«20 տարի Արցախի պաշտպանության բանակի ավագ ենթասպա եմ եղել։ Որպես բազմազավակ ընտանիք՝ մեզ մի տուն են տվել, չորս տուն էլ ես էի կառուցել։ Ամբողջն իրենց գույքով, տեխնիկայով տվել ենք թշնամուն», – պատմում է Արսեն Հայրապետյանը։

Թոշակի անցնելուց հետո Արսեն Հայրապետյանը կնոջ՝ Անժելայի հետ հիմնել է ժենգյալով հացի սեփական բիզնեսը։ Կանաչիներն իրենց այգում էին աճեցնում։ Բոլոր հարմարություններն ու վառարանը նույնպես թողել են Մարտունիում։

Վարձով հաստատվելով Երևանում՝ Հայրապետյանները իրենց բիզնեսը շարունակում են այստեղ։ Մոտ մեկ տարի առաջ բացած ժենգյալով հացի երկու կետերի միջոցով Հայրապետյանները հոգում են ոչ միայն իրենց, այլև Երևանում հաստատված այլ արցախցիների կարիքները։

Ամուսինը կանաչեղենի հարցով է զբաղվում, կինն ու աշխատակիցը պատրաստում են։

«Մոտակա շուկայի գյուղացիներից խնդրում ենք բերել կարևոր կանաչեղենը՝ ճռճռուկ, թրթնջուկ…։ Իրականում, պետք է 25 տեսակ լինի, բայց մենք 17-ն ենք օգտագործում. շատ տեսակներ սեզոնային են։ Կանաչին ստանալու նույն օրը լվանում-չորացնում ենք, հաջորդ օրը օգտագործում ենք։ Ամեն անգամ թարմ թխում ենք, փաթեթավորում, տաք-տաք վաճառում», – ասում է Արսեն Հայրապետյանը։

Խոստովանում է՝ բիզնեսի հետ կապված դժվարությունները Մարտունիում քիչ էին, նաև արտասահմանից էին պատվերներ ունենում։ Երևանում տեղացիներն ու անցորդներն են գնում։

Չեն սիրում շատ խոսել Արցախից, իրենց կարոտից ու կորցրածից։

«Մեզ վեր հրցնումն շտղայք եկալ՝ ասումնք ջհնդաման», – արցունքները թաքցնելով, ծիծաղը դեմքին ասում է տիկին Անժելան։

Կինն ու աշխատակիցը նաև փախլավա են թխում. ցանկանում են ընդլայնել խմորեղենի տեսականին։

Ընտանիքի առաջնահերթ նպատակը սեփական տանիք ունենալն է։

Նարե Շավինյան

2-րդ կուրս

Կիսվել