Երևանի պետական համալսարանում Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին, ընդառաջ Ուսանողական խորհուրդը հայտարարել է երիտասարդական շաբաթ։
Նախատեսվում են մշակութային, գիտակրթական միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ։
Նոյեմբերի 11-ին միջոցառումների շարքը մեկնարկել է սիրված երգիչ Հայկ Պետրոսյանի համերգով. Շարլ Ազնավուրի անվան դահլիճը լցվել էր ազնավուրյան, ապա կոմիտասյան կատարումներով։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ գալիք սերունդը ոսկի երիտասարդություն է, որը պայծառ ապագայի գրավականն է. «Ուսանողներին խորհուրդ եմ տալիս շատ սովորել, կրթվել, լինել ակտիվ, վայելել ուսանողական տարիները ու արդյունքում ունենալ «թույն» ուսանողական կյանք և հիշողություններ»։
Երիտասարդական շաբաթը լի է մշակութային և գիտակրթական միջոցառումներով։ Օրակարգի մասին մեզ հետ խոսել է ԵՊՀ ՈւԽ Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էրիկ Բաղդասարյանը. «Նոյեմբերի 12-ին վերաթողարկվել է Huddle ուսանողական ծրագրի ավելի կատարելագործված տարբերակը։ Այն հարթակ է որտեղ ուսանողները քաջատեղյակ կլինեն համալսարանում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին, կքննարկեն իրենց հուզող հարցերը, նաև կարող են կիսվել հետաքրքիր մտքերով, ծրագրերով և ունենալ փորձի փոխանակում։ Երիտասարդական շաբաթվա 3-րդ օրը՝ նոյեմբերի 13-ին, նախատեսում ենք հանդիպում երիտասարդ գիտնականների հետ, իսկ շաբաթը կեզրափակենք նոյեմբերի 14-ին՝ ազգային պարերի ֆլեշմոբով»։
Ուսանողական շաբաթը մշակութային, գիտակրթական է, ուսանողներին հորդորում են լինել ակտիվ և մասնակցել միջոցառումներին։
Արսինե Հովակիմյան
2-րդ կուրս