«Փարաջանով 100» հավաքածուն Միլանից դեպի Հայաստան

«Փարաջանով 100» հավաքածուն Միլանից դեպի Հայաստան

122

Հայկական «Արտույտ» շարֆերի ընկերությունը իր վերջին՝ «Փարաջանով 100» հավաքածուն առաջին անգամ կներկայացնի Հայաստանում։

Այն կցուցադրվի նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ցուցադրությունը շաբաթներ առաջ ներկայացվել է Միլանում: «Արտույտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյանը պատմում է. «Այս տարի Փարաջանովի 100 ամյակին ընդառաջ մենք մասնակցեցինք ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթին և առաջարկեցինք մեր ծրագիրը։ Քանի որ ընկերությունը 2017-ից տարին երկու անգամ մասնակցում է Միլանի նորաձևության շաբաթներին, մենք առաջարկեցինք ներկայացնել Փարաջանովին նվիրված շարֆերի և հագուստների հավաքածուն, կազմակերպել կինոդիտում, այսպես ասած՝ Միլանում ստեղծել «Փարաջանովյան օր»»։

Միլանում ցուցադրությունը տեղի է ունեցել Բագատի Վալսեկի թանգարանում, որտեղ ցուցադրված են վերածննդի ժամանակաշրջանի աշխատանքներ և կազմակերպիչներն էլ հիմնականում ներկայացնում էին Փարաջանովի՝ վերածննդից ոգեշնչված աշխատանքները։ Փարաջանովի աշխատանքները զարմացրել են իտալացիներին, Փարաջանովը նրանց համար բացահայտում էր։

Emerging Talents Milano ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյանի խոսքով՝ ցուցադրության շեշտը դրել են շարֆերի վրա, իսկ զգեստները պետք էին, որպեսզի լրացնեն ցուցադրությունը։ «Զգեստները նախատեսված չեն վաճառքի համար, դրանք ստեղծվել են Փարաջանովի արվեստն ավելի լայն ներկայացնելու, տրամադրություն ստեղծելու նպատակով»։

Տարիել Բիշարյանը մանրամասնեց նոյեմբերի 15-ին Ազգային պատկերասրահում կայանալիք փակ ցուցադրությունը. «Շատ ուրախ ենք, որ մեր միլանյան ցուցադրությունը այնքան են հավանել, որ նախարարությունն առաջարկեց անցկացնել այն Երևանում՝ որպես Փարաջանովի 100 ամյակին նվիրված վերջին միջոցառում։ Այս առիթով Իտալիայից մեր թիմը՝ մոտ 10 հոգի, նոյեմբերի 13-17-ը կլինեն Հայաստանում: Նրանք աշխատելու են այստեղ, որպեսզի այն ամենը, ինչ ստացել ենք Միլանում, այստեղ անենք»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ Փարաջանովի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանրահայտ մարդկանց հոբելյանների միջազգային ցուցակում «Փարաջանովյան միջոցառումներ իրագործելու համար, ընդհանուր առմամբ, տրամադրված է մոտ 1մլրդ դրամի չափով գումար, որպեսզի կարողանանք իրականացնել բազմաթիվ միջոցառումներ։ Մեր գլխավոր նպատակն էր դուրս գալ հուշ երեկոների տարբերակներից և առաջարկել նորովի մոտեցում, թե ինչպես են երիտասարդները ընկալում, հասկանում Փարաջանովի ժառանգությունը։ Այս ամենը իրագործելով հասկացանք, որ շատ հետաքրքիր է և բացի այդ նոր մարդկանց ենք ներգրավում մշակույթի մեջ»։

Միլանում միջոցառումն անցկացվել է 2 օր։ Առաջին օրը եղել է կինոդիտում և փոքրիկ լեկցիա Փարաջանովի մասին, այն համակարգել է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոդիտման press-wall-ը նկարել է Տիգրան Համաբաշյանը, ինչը նույնպես հիացրել է այցելուներին։

«Արտույտ» ընկերությունը արդեն 7 տարի է՝ համագործակցում է Փարաջանովի թանգարանի հետ և ի սկզբանե ունեցել են մետաքսե շարֆերի հավաքածու Սերգեյ Փարաջանովի կոլաժների հիման վրա:

Վարդուհի Մազմանյան, Սեդա Մարտոյան

2-րդ կուրս

Կիսվել