Տեղական մեդիան զարգացնելու հնարավորությունները. սեմինար ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Տեղական մեդիան զարգացնելու հնարավորությունները. սեմինար ժուռնալիստիկայի ֆակուլտետում

204

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց սեմինար, որի ընթացքում առաջին կուրսի ուսանողներին ներկայացվեցին միջազգային «Local media matters» ծրագիրը, մի շարք երիտասարդական հնարավորություններ և մեդիա նախագծեր: Սեմինարը նախաձեռնել էր «EduHub» կազմակերպությունը: 

Կազմակերպության ներկայացուցիչներ Գևորգ Հարությունյանը, Արև Տատինցյանը և ֆակուլտետի շրջանավարտ, լրագրող Սոնա Գրիգորյանը ուսանողների հետ քննարկեցին տեղական մեդիայի զարգացման ուղիները և դրանում ապագա լրագրողների կարևոր դերը։

Հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաև գերմանացի լրագրող, Մեդիայի եւ հաղորդակցության քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Լեոնարդ Նովիի տեսաուղերձը։ Նա ողջունեց ուսանողներին և խոսեց լրագրության կարևորության, ժողովրդավարության մեջ դրա առանցքային դերի մասին:

«Առանց լրագրության ժողովրդավարություն լինել չի կարող, լրագրողները մեր համայնքի հենասյունն են։ Լրագրության զարգացումը նպաստում է նաեւ ժողովրդավարության զարգացմանը»,- նշեց Նովին:

Տեսաուղերձից հետո ուսանողները ներկայացրին իրենց պատկերացումները խոսքի ազատության, ժողովրդավարության և ժամանակակից լրագրության վերաբերյալ:

Թե որն է «EduHub» կազմակերպության գործունեության նպատակը  և «Local Media Matters» ծրագրի գաղափարը, մանրամասնեց Գևորգ Հարությունյանը.

«2016-ին սկսեցի նախաձեռնություն, որն ուղղված էր կրթությունն ու մշակույթը մարզերում զարգացնելուն: Փոքր ավտոբուսով շրջում էինք Հայաստանի մարզերում եւ սեմինարներ անցկացնում։ 2017-ին ծրագրի գաղափարն արժանացավ իտալական մրցույթի երկրորդ հորիզոնականին: 2018-ին պաշտոնապես մեկնարկեցի ծրագիրս: Դոկտոր Լեոնարդ Նովիի հետ համագործակցության շնորհիվ 2024-ին Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը ֆինանսավորում տրամադրեց և նրանց բարձր հովանու ներքո մի շարք երկրներում անցկացրինք սեմինարներ՝ տեղական լրագրության զարգացմանը միտված», – ասաց նա։

Գևորգ Հարությունյանի խոսքով՝ «EduHub»-ը հավատարիմ է իր առաքելությանը, շարունակում է նոր կրթական հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար և իրականացնել ոչ ֆորմալ, նորարարական ծրագրեր: Այս առումով իրենց ուշադրության կենտրոնում է նաև ուսանողների հետ անմիջական շփումը, որպեսզի հետագայում նրանց ևս մասնակից դարձնեն մեդիայի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Միլենա Միրզոյան

1-ին կուրս

Կիսվել