«Գտիր այն, ինչ քեզ կերջանկացնի և զբաղվիր հենց դրանով»․ լրագրող Մանե Պապյան

«Գտիր այն, ինչ քեզ կերջանկացնի և զբաղվիր հենց դրանով»․ լրագրող Մանե Պապյան

182

-Ո՞վ է Մանե Պապյանը և ի՞նչ ճանապարհ է անցել մինչև կլիներ տնտեսագետ, իսկ հետո՝ նաև լրագրող։

-Ես Վանաձորից եմ, ծնվել, մեծացել եմ Վանաձորում, և չնայած նրան, որ քսանհինգ տարի է ապրում եմ Երևանում, կապը երբևէ չի կորել։ Թե ինչպես պիտի դասավորվեր իմ հետագա կյանքը, ու ինչպես պիտի ընտրեի իմ մասնագիտությունը, ինձ համար շատ մեծ ժամանակի, քննարկման ու ինքնավերլուծության հարց էր։ Ես միշտ երկար մտածում եմ, թե ինչու է էդպես լինում, որ երբ որևէ առարկայից լավ ես լինում, որոշում են, որ անպայման պիտի այդ ուղղությամբ գնաս։ Ես ինքս լավ էի սովորում, և այդ թվում լավ էի մաթեմատիկա, հայոց լեզու և անգլերեն առարկաներից, իսկ սա լավագույնն էր հենց տնտեսագիտական համալսարանի համար։ Այսինքն, անցումը առարկայի հանդեպ սիրուց, իսկ ավելի ճիշտ առարկային լավ տիրապետելուց դեպի մասնագիտությունը շատ սխալ է դրված։ Եթե մարդը լավ մաթեմատիկա գիտի, դա դեռ չի նշանակում, որ նա կարող է լավ ուսուցիչ լինել։ Դրանք չափազանց տարբեր բաներ են։ Ես ընդունվեցի տնտեսագիտական համալսարան, և առաջին տարին ինձ բավական էր` հասկանալու, որ դա ամենևին էլ իմ տեղը չէ։ Հիշում եմ, որ երբ արդեն լրագրող էի և գնացել էի Սոս Սարգսյանի հետ հարցազրույցի, սպասում էի սպասասրահում, այնտեղ էին նաև տնտեսագիտական համալսարանի իմ երկու դասախոսները։ Ճանաչելով իրենց՝ ես, իհարկե, իմ տեղը զիջեցի իրենց։ Զարմացան․ եթե դու մեր ուսանողն ես, էստեղ ի՞նչ գործ ունես իբրև լրագրող։ Ասեցի՝ դե լավ չեք սովորեցրել (ծիծաղում է)։ Իհարկե, էդպես չէր, պարզապես երևի այն, ինչ սպասում էի, որ պիտի ստանամ, չստացա։ Ինձ մոտ շատ մեծ էր հիասթափությունը։ Բայց ինձ օգնեց ուսխորհուրդը, որովհետև բացվեց «Էկոնոմ +» թերթը համլսարանում, և ես թերթի լրագրողներից էի։ Դա ինձ շատ գրավեց, դարձել էի հայտնի կերպար (ծիծաղում է)։

-Ի՞նչ էր դա տալիս Ձեզ, որը չէր տալիս Ձեր հիմնական մասնագիտությունը։

-Ես միշտ ասում եմ, որ լրագրությունը թմրանյութի նման կարող է կախվածություն առաջացնել։ Էս պարագայում, երբ դու հասնում ես նրան, որ քեզ քո հոդվածներով ճանաչում են, դու ուզում ես անընդհատ ստանալ դա, սկսում ես գրել ավելին, ուզում ես գրել ավելի լավ, բայց միշտ չէ, որ ստացվում է։ Հիշում եմ մի անգամ հոդված էի գրել, թե ինչ սխալներ են անում դասխոսները դասի ընթացքում, որովհետև երբեմն հենց սա է դառնում հիասթափության պատճառը։ Ես հինգ տարի սովորել եմ տնտեսագիտություն ու հասկացել եմ, որ դա իմը չի։ Երկար ժամանակ չեմ ծախսել․ մարդիկ մի ողջ կյանք սովորում են, հետո հասկանում, ինձնից պահանջվել է հինգ տարի, ես դեմ չեմ։ Թեև չորրորդ կուրսում, երբ ամառային արձակուրդներին Վանաձոր էի գնացել, մտածում էի՝ ոնց կարելի է երեք ամիս պարապ մնալ։ Մի օր բացեցի «Վանաձորյան խճանկար» թերթը, որը այն ժամանակ բավականին հայտնի էր, ու ասեցի՝ էս ինչ թերթ է, որի մեջ ոչ մի նյութ չկա Վանաձորի մասին, այլ տարբեր տեղերից վերցված նյութեր են տպագրվում։ Իրականում, թերթը լրագրող չուներ, և ես գնացի ու ասեցի` բարև ձեզ, ես եկել եմ։ Սկսեցի համագործակցել իրենց հետ, բայց բավականին դժվար էր․ ոչ ես փորձ ունեի, ոչ էլ իրենք՝ լրագրողի հետ աշխատելու։ Ու մենք երկուսով սովորում էինք միասին։ Հինգերորդ կուրսում որոշեցի, որ եթե էս ուղղությոմբ եմ գնում, ուրեմն պիտի համապատասխան կրթություն ստանամ։ Սկսեցի սովորել Կովկասյան ինստիտուտում, և էս մեկամյա կուրսը ինձ շատ բան տվեց։ Հետագայում, արդեն պրակտիկայի շրջանակում գործընկերներիցս մեկի խորհրդով դիմեցի GIPA (Georgian Institute of Public Affairs):

-Այլ երկրում սովորելը մեծ դժվարություններ է ենթադրում ինչպե՞ս անցաք այս փուլը։

-Այդ ժամանակ Վրաստանն այնքան էլ ապահով երկիր չէր, բարեփոխումներ էին իրականացվում, նույնիսկ փողոցում քայլելը անվտանգ չէր։ Ծնողներս սկզբում այնքան էլ կողմ չէին, բայց հետագայում ուրախ էինք, որ բաց չթողեցի էս հնարավորությունը։ Ես ստացա լավագույն կրթությունը, որ ուզում էի ստանալ, ու դա ոչնչի հետ չեմ կարող համեմատել։

-Ի՞նչն էր լրագրության մեջ այդքան գրավիչ, ինչու՞ հենց լրագրություն, և ոչ թե մեկ այլ մասնագիտություն։

-Նախ, ես սիրում եմ խոսել (ծիծաղում է), ես սիրում եմ լսել, ինձ դուր է գալիս մարդուն բացել, ու էն զգացողությունը, որ դու կարողանում ես մարդուն բացել, շատ հետաքրքիր է։ Երբ դու տեսնում ես, թե ինչպես է վարդը ինքնիրեն բացվում, թերթիկ-թերթիկ, դա գեղեցկություն է, իսկ երբ դա անելը հաջողում ես, աննկարագրելի հաճելի է։ Ես դա սիրով եմ անում, իսկ փորձառությունն ու հմտությունը ձեռք եմ բերել ժամանակի ընթացքում։ Հիշում եմ՝ առաջին հարցազրույցս Շուշան Պետրոսյանի հետ էր։ Ես գնացել էի հուշատետրի հարցերով, որովհետև մինչև դա ես ուրիշ հարց ուղղակի չէի պատկերացնում։ Որպեսզի պատկերացնեք (հիշում է ու ժպտում), իրեն նմանատիպ հարցեր էի տալիս․ ի՞նչ է Ձեզ պետք երջանիկ լինելու համար։ Հասկանալով հանդերձ, որ ես պրոֆեսիոնալ չեմ, նա պատասխանում էր իմ հարցերին շատ լավ, «մամայություն» էր անում ինձ, ու սա դարձավ իմ ամենասիրելի հարցազրույցներից մեկը։ Մյուս ամենասիրելի հարցազրույցներից մեկը Տիգրան Մանսուրյանի հետ արվածն էր։ Շատ բարդ էր, մենք նստած էինք իրենց տանը, ինքը նստած էր բազկաթոռին, ես հարց որ տալիս էի, ինքն էդ ընթացքում փակում էր աչքերն ու էդպես կես րոպե կարող էր փակ պահել, իսկ ես խառնվում էի իրար՝ հիմա ինչ անեմ։ Բայց երբ բացում էր աչքերն ու պատասխանում էր, ասում էի՝ կարող եք մի րոպե էլ փակել։ Ասում էր՝ ես ուզում եմ քո ամեն հարցին լավ պատասխանել։ Ես ինքս էլ շատ էի պատրաստվել, լսել էի բոլոր ստեղծագործությունները, որովհետև լրագրողի համար այլ տարբերակ էլ չկա։

-Վստահաբար ձախողված հարցազրուցներ ևս եղել են ո՞րն է այն մեկը, որը միշտ հիշում եք։

-Ես միշտ հավատացած եմ, որ ձախողումները շատ կարևոր են, որովհետև մենք հենց դրանցից ենք սովորում։ Հիշում եմ, երբ Անդրեի հետ պիտի հարցազրույց անեի, ես պատրաստ չէի դրան։ Եվ ես նրան տվեցի հարց, որը տալու իրավունք չունեի․Դուք հավատում եք Աստծուն։ Ես, տեղյակ չլինելով, որ նա «Կյանքի խոսք» կազմակերպության անդամ էր, տվել էի հարց, որից Անդրեն քարացավ մի պահ, հետո հարցրեց. իսկ Դուք չե՞ք հավատում։ Ես հայտնվել էի փակուղում, և իհարկե, նա դադրեցրեց հարցազրույցը։ Սա մեծ ձախողում էր և մեծ դաս ինձ համար։

-Որպես լրագրող ի՞նչ սկզբունքներով էիք առաջնորդվում։

-Բարեբախտաբար GIPA-ն ինձ տվեց այդ հնարավորությունը՝ աշխատելու և՛ հեռուստատեսությունում, և՛ ռադիոյում, և՛ թերթում, բայց ինձ միշտ թերթն է գրավել և դուր եկել։ Ես սիրում եմ գրել, դա իմ միտքը ավելի է բացում։ Աշխատել եմ «A1+» – ում, «Ազատություն»-ում, բայց երկար չկարողացա։ Ինձ համար կարևորագույնը ոչ թե միայն խնդիրները տեսնելն էր, այլ լավը ևս տեսնել և արձանագրելը։ Հայտնի պատմություն կա․ ուսուցիչը վերցնում է թուղթը և վրան թանաք է լցնում, հետո ցույց է տալիս աշակերտներին և հարցնում՝ ինչ են տեսնում․ մեկն ասում է թանաք, մյուսը՝ արջ, մեկը արծիվ է տեսնում և էսպես շարունակ։ Ոչ ոք չի տեսնում սպիտակ թուղթը, և սա ցավալի է։ Ես ուզում եմ, որ մենք նկատենք էդ սպիտակը։ Ընդհանուրը միշտ պետք է տեսնել, ոչ թե միայն սև հետքերը։

-Հիմա գործունեություն եք ծավալում մեկ այլ ոլորտում՝ կազմակերպում եք տարբեր ինտելեկտուալ քվեսթխաղեր (մտքի ճկունության, հնարամտության խաղեր) անցումը այստեղ ինչո՞վ էր պայմանավորված։

-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես այլևս չէի կարողանում որպես լրագրող որևէ տեղ աշխատել։ Փորձեցի ստեղծել նոր բան, փորձել ինձ այլ բնագավառում։ 2016 թվականին ես և ամուսինս ստեղծեցինք NigMa quest club-ը։ Ստեղծարարությունը այստեղ ևս, ինչպես լրագրության մեջ շատ է։ Հիմնականում կազմակերպում ենք խաղեր աշակերտների համար կամ թիմբիլդինգների համար։ Այստեղ շատ կարևոր է միասին աշխատելու գաղափարը։ Սկզբում խաղերը իրենց մեջ ներառում էին տրամաբանական, ինտելեկտուալ հարցեր, բայց քանի որ սա հիմնականում ցանկալի և հետաքրքիր չէր մասնակիցների համար, այլ իրենց ավելի շատ գրավում էր արկածային հատվածը, նվազեցրինք դրանց քանակը մի փոքր։ Մենք առաջինն էինք, ի դեպ, որ ստեղծեցինք հայկական քվեսթ՝ «Չարենցի բանտախուց», իսկ հիմքում հետևյալ խոսքերն էին․ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է։ Սա հնարավորինս մոտ էր մեր գործունեությանը, որովհետև մեզ մոտ կարևոր սկզբունքը համագործակցությունն է, չկա մեկ հաղթող։ Երբ իրենց բաժանում ենք թիմերի ու ասում, որ իրար դեմ չեն պայքարելու, հարցնում են՝ իսկ ինչու՞ բաժանվեցինք թիմերի։ Իսկ իրականում գաղափարը հենց այն է, որ մասնակիցների ոչ թե պետք է պայքարեն անհատական հաղթանակի համար, այլ մեկ ընդհանուր հաջողության։ Սա ավելի արժեքավոր գաղափար է։

Հարցազրույցը՝ Մանե Հայրապետյանի

3-րդ կուրս

Կիսվել