Հին երգերը` նոր կատարումներով. MNA project-ը նոր տեսահոլովակ է պատրաստում

Հին երգերը` նոր կատարումներով. MNA project-ը նոր տեսահոլովակ է պատրաստում

162

MNA project-ի երաժիշտներին համախմբել է մեկ ընդհանուր գաղափար՝ ներկայացնել հին, գուցե մոռացված երգերը նոր շնչով ու գործիքավորմամբ։ Երիտասարդները պատմում են, որ սկզբում ամեն ինչ անհնարին էր թվում, սակայն ժրաջան աշխատանքի և սրտացավ ղեկավարի շնորհիվ կարճ ժամանակահատվածում որոշակի հաջողություններ ունեցան։

Այն հարցին, թե ինչպես առաջացավ երաժշտական խումբ ստեղծելու գաղափարը, խմբի պրոդյուսեր Լիա Տոնոյանը պատասխանեց. «Երկար տարիներ դասավանդում եմ մեր երիտասարդությանը, նկատել էի, որ շատ տաղանդներ ունենք, որոնք, չունենալով ամուր հենարան, հիասթափվում են ու դադարում են զբաղվել երգեցողությամբ։ Այսպես որոշեցի խումբ ստեղծել ու արվեստագետ ընկերներիս օգնությամբ երաժիշտներին գտա, իսկ վոկալիստներն իմ աշակերտներն են»:

Երաժշտական խումբը բաղկացած է 8 անդամից՝ 5 երաժիշտ, 2 երգչուհի և 1 երգիչ։ Նորաստեղծ բենդի ամենամեծ ցանկությունը շրջագայելն է, նախ՝ մեր երկրով:

«Որոշել ենք Հայաստանի բոլոր մարզերում մենահամերգներ ունենալ, արդեն սկսել ենք»,-նշում է Լիա Տոնոյանը։

Օգոստոսի 24-ին Գավառի Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել MNA project-ի առաջին մեծ մենահամերգը։ «Մի անգամ փորձի գնալիս ինքս ինձ խոստացա, որ մինչև ամառվա վերջ պետք է մենահամերգ ունենանք։ Գնացի փորձատեղ, աշակերտներիս ասացի, հարցական հայացքներով ինձ նայեցին ու սկսեցին ծիծաղել (ծիծաղում է)։ Սկզբում անիրատեսական էր, դժվար էր ամեն ինչ, շատ փորձերի պատճառով խմբի անդամները հոգնում էին, բայց մեր աշխատանքի արդյունքը զգացինք»,-ժպիտով նշում է խմբի պրոդյուսերը։

Գավառի Դրամատիկական թատրոնի դահլիճում 360 տեղ կար, սակայն տոմսերը շատ արագ սպառվեցին, ու երաժիշտները ստիպված էին աթոռներ ավելացնել հանդիսատեսի համար։

Սեպտեմբերի 14-ին երաժշտական խումբը ելույթ է ունեցել նաև Եվրոպայի ժառանգությանը նվիրված միջոցառմանը։

Մինչև նոյեմբերի վերջ MNA project-ը հանդես կգա նոր տեսահոլովակի պրեմիերայով։ Փակագծեր բացել ու մանրամասներ ներկայացնել խմբի երաժիշտները չցանկացան։

Վարդուհի Մազմանյան

2-րդ կուրս

Կիսվել