Արաքսի նման ջինջ՝ Արաքսյա տատս

Արաքսի նման ջինջ՝ Արաքսյա տատս

393
Լուսանկարը՝ «Անկյուն +3»-ի

Առավոտ է։ Զարթնում է, նստում պատշգամբի իր փայտյա աթոռին, նայում  սարերին ու խոսում բնության հետ։

Մեծ տատս է (տատիս մայրը)՝ սպիտակամաշկ, փոքրամարմին Արաքսյան։

Հենց նրա շնորհիվ եմ տեղի-անտեղի, ամեն անգամ ասում․«Ես հարուստ եմ, որովհետև ունեմ 2 տատ, 2 պապ, հերիք չէ, մի բան էլ մեծ տատ ունեմ»։ Իսկապես, երջանիկ ու հարուստ են այն մարդիկ, որոնք մեծանում են իրենց տատիկպապիկների կենդանության օրոք:

87 տարեկան տատս ինձնից էլ, ձեզնից էլ շատ է աշխատում։ Արթնանում է վաղ առավոտյան, կերակրում անասուններին, աշխատանքի ճանապարհում որդիներին ու թոռներին և շարունակում թորել վայրի տանձի օղին։ Բոլորն են ասում՝ Արաքսյայի թորած օղին «ծտի կաթ» է։

Հիմա է, որ օղի է թորում, բայց 19 տարեկան էր, երբ կոլտնտեսության կաթնանասնապահական ֆերմայում աշխատանքի անցավ։ Հիշում է՝ օրական 17 կով է կթել։ Ամուսինը նախրապանն էր, ինքը՝ կթվորուհին։ Ֆերմայում աշխատել է ուղիղ 50 տարի և 50 տարի անընդմեջ եղել առաջավորների շարքում։ Սիրում է պատմել, որ շատ պարգևներ ու շքանշաններ է ստացել մեկ կովից տարեկան 3000 լ կաթ ստանալու համար։

Տատս ամուսնուն կորցրել է, բայց ամեն անգամ սիրով ու ջերմությամբ է պատմում, թե ինչպես սիրահարվեցին։ Փոքր աղջիկ էր, երբ գնում էր դաշտ՝ այգու գործերին օգնելու, ու քթի տակ երգում էր ապագա ամուսնու մասին․ «Կոլխոզի չոբան՝ Միշա

Սոխակյան»։ Արցունքն աչքերին հիշում է տատս ու ավելացնում, որ ամուսնացել է 18 տարեկանում, իսկ 36 տարեկանում արդեն 5 երեխա ուներ։ Մարդ ու կին հաշտ են ապրել։ Տատս սիրում է ասել, որ ամուսնու հպարտությունն է եղել։ Երբեք չեմ հանդիպել նման բարի, հոգատար և միևնույն ժամանակ միամիտ կնոջ, ում կյանքի և ապրելու իմաստը ընտանիքն է:

Լոռու գողտրիկ մի անկյունում՝ Ծաղկաշատ գյուղում է ապրում ծննդականով Էլմիրա, բայց բոլորի սիրելի Արաքսի տատս։ Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ գյուղի բնակիչները շնչում են լավաշաբույրը։ Փոքրամարմին, տարիների բեռից ու հոգսերի ծանրությունից կորացած տատս իր ամուր ու կոշտացած ձեռքերով հունցել է խմորը, թխել փռան մեջ ու գյուղի բնակիչներին «էստի համեցեք» է ասում՝ տաք-տաք լավաշը համտեսելու։ 

Նրա տարիքը, որ միայն թիվ է, չի նշանակում, որ տատս չի հիշում, թե ով որ ժամին է տուն վերադառնալու։ Հիշում է, սուրճն էլ ճիշտ ժամանակին պատրաստում ու սպասում որդուն, թոռանը կամ հարսին։

«Տարիքս չի խանգարում, որ տան ճաշը ես պատրաստեմ։ Տղաներս ու թոռներս իմ պատրաստածներից ամենաշատը ավելուկի ճաշն են սիրում։ Ծոռներս էլ, երբ գալիս են գյուղ, անմիջապես իմ պատրաստած պանիրը, մածունը կամ թթվասերն են ուզում»,-ասում է տատս։ Ես էլ՝ որպես ծոռ, սիրում եմ նրա թխած նազուկը, ակդակը, նրա պատրաստած հալվան։

Վարդգես Պետրոսյանն ասում էր. «Երանի թե ամեն մեկիս մեջ մի-մի գրամ տատ լիներ»։ Ես զարմանում եմ, թե ինչքա՜ն տատ կա նրա մեջ։

Աչքերը հիացմունքով են լցվում, որ թոռներն իրենց ընտանիքներով հաճախ են գալիս իրեն տեսնելու։ Բայց բոլորն էլ լավ գիտեն՝ ինչքան էլ գան-գնան, տատի տեղում չպետք է նստեն։ «Ես տան միջին իմ տեղն ունիմ, իմ պուճուր դիվանին մինն էլ ա չի նստում»,-ասում է տատս։ Ոչ ոք չի նեղանում, ընդհակառակը, ասում են՝ «տա՛տ ջան, քո արևը լինի»։

Տատս ծոռներին հեքիաթ չի պատմում։ Փոխարենը պատմում է շատ ու շատ իրական դեպքեր։ Օրինակ՝ մի անգամ ձիով սարից գյուղ իջնելիս գայլերին է հանդիպել։ 3 գայլերը պտտվել են իրենց կողքին, քաշել ձիու պոչից, բայց ձին կարողացել է շրջանցել ու անվտանգ տեղ հասցնել տատիս։ Պատմում է ու հավելում, որ մոտ են սարերին ու հիմա էլ սարերից գայլեր են իջնում գյուղ։

Գյուղ եկող ցանկացած մարդու տատս ասում է «Գյուղում հազիվ 50 հոգի լինենք, եկեք գյուղում ապրեք, էս չքնաղ բնության մեջ, ա՛յ բալա»։

Արևն ընկնում է տատիս դեմքին: Ուրվագծում է նրա սպիտակ մաշկը, երեսն ավելի նուրբ դարձնող կնճիռներն ու կանաչ բիբերով կկոցած աչքերը։ Տատս ուղղում է արևի տակ կայծկլտացող, դարչնագույն գլխաշորի տակից դուրս մնացած սպիտակ մազափունջը, դանդաղ, առանց որևէ տեղ շտապելու կապում շարֆը կամ գոգնոցը։ Առավոտ է․․․

Նարե Շավինյան

2-րդ կուրս

Կիսվել