Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար հանրությունը պետք է փոխի իր վարքագիծը

Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար հանրությունը պետք է փոխի իր վարքագիծը

29
Լուսանկարում՝ Դեբեդ գետի վարարումը, մայիս 2024թ./«Հետք»

Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի գլոբալ մարտահրավերներից է, և Հայաստանը բացառություն չէ։

«ԷկոԼուրի» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորիա Բուռնազյանն ասում է, որ կլիմայի փոփոխության հետևանքներն արդեն զգալի են Հայաստանում։ «Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների աճը, սակավաջրությունը, Սևանա լճի մակարդակի տատանումները ազդում են ոչ միայն բնության, այլև մարդկանց կյանքի վրա»,- ասում է նա։ Մեր երկիրը, լինելով փոքր և խոցելի, կանգնած է համաշխարհային այս մարտահրավերին դիմակայելու դժվարության առաջ։

 Վիկտորիա Բուռնազյանի հետ խոսել ենք կլիմայի փոփոխության ազդեցությունների, առողջապահական և տնտեսական հետևանքների, ինչպես նաև լուծման հնարավոր ուղիների մասին:

-Ինչո՞ւ է կլիմայի փոփոխությունը կարևոր խնդիր Հայաստանի համար։

-Հայաստանը խոցելի երկիր է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Մեր երկիրը գտնվում է այն տարածաշրջանում, որը զգայուն է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։ Օրինակ՝ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,6°C ջերմաստիճանի աճ, ինչը գերազանցում է գլոբալ միջինը։ Արդյունքում դիտվում է սակավաջրություն, որը բացասաբար է ազդում տնտեսության վրա։ Բացի այդ, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, օրինակ՝ Դեբեդ և Աղստև գետերի հուների բարձրացումը մայիսյան անձրևների ժամանակ, ավերածություններ են առաջացրել՝ վնասելով համայնքների ենթակառուցվածքները։

-Որո՞նք են կլիմայի փոփոխության հիմնական հետևանքները մեր երկրում։

-Առաջին հերթին՝ գյուղատնտեսությունը լուրջ վնասներ է կրում։ Երաշտները, կարկտահարությունները, սելավները և խորշակները մեծացնում են բերքատվության անկման վտանգը։ Բացի այդ, տեղումների նվազումը հանգեցնում է ջրային ռեսուրսների պակասի, իսկ ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է գոլորշիացման աճին։ Սա վտանգում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ խմելու ջրի պաշարները։

-Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունը ազդում Հայաստանի գյուղատնտեսության վրա։

-Ջերմաստիճանի բարձրացումը խոչընդոտում է որոշ մշակաբույսերի աճին, սակայն կան բնակավայրեր, որտեղ սկսել են աճել այնպիսի բույսեր, որոնք նախկինում չէին աճում։ Սակայն ջրի պակասը մեծ խնդիր է։ Ոռոգման ջրի պահանջարկը շատացել է, քանի որ հողերը հաճախ չորանում են։ Դա բերքատվության անկում է առաջացնում, ինչը սոցիալական լուրջ հետևանքներ է թողնում՝ նպաստելով աղքատության մակարդակի բարձրացմանը։

-Ի՞նչ ազդեցություն ունի կլիմայի փոփոխությունը առողջապահության վրա։

-Եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են սրտանոթային և շնչառական հիվանդությունների աճի։ Մարդիկ հաճախ բողոքում են ճնշման տատանումներից և ընդհանուր առողջական խնդիրներից։ Առողջապահության ոլորտում արդեն իսկ մշակվել են որոշ հարմարվողական միջոցառումներ, սակայն դրանք կարիք ունեն ավելի լայն իրագործման։

-Ի՞նչ հետևանքներ կարող են լինել Սևանա լճի մակարդակի փոփոխությունից։

-Սևանա լճի մակարդակի տատանումները վտանգում են լճի էկոհամակարգը։ Օրինակ՝ մակարդակի նվազումը խթանում է ճահճացման գործընթացները։ Թեև այս տարի տեղումների շնորհիվ որոշ չափով բարելավվել է լճի մակարդակը, սակայն դա բավարար չէ լճի էկոլոգիական վիճակը կայունացնելու համար։

-Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի էկոհամակարգերում և կենսաբազմազանության մեջ։

-Կլիմայի փոփոխությունն ազդում է մեր էկոհամակարգերի վրա ջերմաստիճանի բարձրացմամբ, հրդեհների հաճախականությամբ և հիվանդությունների տարածմամբ։ Կենսաբազմազանության կորուստը լուրջ խնդիր է, որը երկարաժամկետ հետևանքներ կունենա շրջակա միջավայրի համար։

-Որո՞նք են այն առաջնահերթ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու համար։

-ՀՀ կառավարությունը մշակել է հարմարվողականության ծրագիր, որը ներառում է տարբեր ոլորտներում կլիմայի նկատմամբ կայունացման միջոցառումներ։ Այնուամենայնիվ, համայնքներում դրանց տեղայնացված իրականացումը դեռևս թերի է։ Անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակում։

-Ինչպե՞ս կարող է հանրությունը մասնակցել կլիմայի փոփոխության դեմ պայքարին։

-Հանրությունը պետք է փոխի իր վարքագիծը՝ խնայողաբար օգտագործելով ջուրը, էներգիան և տեսակավորելով աղբը։ Բացի այդ, անհրաժեշտ է մասնակցել ծառատունկերի, շրջակա միջավայրի մաքրման և բնության պաշտպանության միջոցառումներին։

-Կանխատեսումներն ինչպիսի՞ն են, եթե արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն։

-Եթե ջերմաստիճանը բարձրանա 2°C-ով, անդառնալի հետևանքներ կունենանք՝ սկսած ջրային ռեսուրսների կորստից մինչև կենսաբազմազանության լուրջ վնասներ։ Ժամանակը քիչ է, և բոլոր երկրները պետք է ակտիվորեն կրճատեն ջերմոցային գազերի արտանետումները։

Մերի Սողոյան

3-րդ կուրս

Կիսվել