Մարդուն կարող են նեղացնել, վիրավորել, անգամ հարվածել. երևույթը կոչվում է բուլինգ։ Սա անգլերեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է կռվարար, բռնարար։ Բուլինգը կարող է դրսևորվել և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական ձևով։ Ֆիզիկական բուլինգի օրինակներ են հարվածելը, թքելը, հրմշտելը, իսկ հոգեբանականի` վիրավորելը, բամբասելը, ասեկոսեներ հորինելը: Ուսումնասիրությունների համաձայն՝ այս վարքը դրսևորվում է հատկապես դեռահասների շրջանում, քանի որ այդ տարիքում նրանք ունեն ինքնահաստատման և սեփական կարծիքն արտահայտելու խնդիր:
Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ն 2024 թվականին հետազոտություն է իրականացրել Երևանի, Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: Հարցմանը մասնակցել է 12-18 տարեկան 450 աշակերտ, որոնց 43.6%-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 56.4%-ը՝ իգական:
Ուսումնասիրության համաձայն՝ առավել հաճախ բուլինգի են ենթարկվում՝
– Ավելորդ քաշ ունեցողները
– Ակնոց կրողները
– Ցածր առաջադիմություն ունեցողները
– Հարուստ ընտանիքների երեխաները
– Այլ ազգության ներկայացուցիչները
Նույն հարցման համաձայն՝ շատերը գնում են այդ քայլին ինքնահաստատվելու, իշխանության հասնելու, զվարճանալու կամ պարզապես ուժեղ ձևանալու համար։
Բուլինգի զոհ Անահիտը (անունը պայմանական է ընտրված) պատմում է, որ իրեն ծաղրում էին, նույնիսկ փորձում էին հարվածել, սակայն ուսուցիչները չէին միջամտում և չէին աջակցում: Մյուս դասընկերները լռում էին՝ խուսափելով բուլինգ իրականացնողի հետ խնդիրներ ունենալուց։ Զոհը պատմում է, որ հոգեբանորեն շատ վատ էր զգում իրեն, չէր ցանկանում դպրոց հաճախել և մշտապես ունենում էր տրամադրության անկում։ Թեև նա հստակ չի հիշում բուլինգի պատճառը, սակայն վստահ է, որ դա իր «տարբեր» լինելն էր: Այժմ նա ասում է, որ ավելի ուժեղ հոգեբանություն ունի և կարողացել է հաղթահարել այդ ամենը, թեև որոշ հիշողություններ դեռ մնում են:
Հիմնական խնդիրն այն է, որ դպրոցականը հաճախ չի կարողանում ազատորեն արտահայտել սեփական համոզմունքները կամ լռում է՝ վախի և անպաշտպանության զգացումից ելնելով: Իրավիճակը կարող է ավելի լարվել, իսկ անօգնականության զգացումը հաճախ խոչընդոտում է համապատասխան քայլեր ձեռնարկելուն՝ պայմանավորված ամոթի զգացումով և շրջապատի հնարավոր բացասական արձագանքով:
Ըստ ուսուցիչ Հեղինեի՝ երևույթը բավականին ճանաչելի է: Նա նշում է, որ երբեմն երեխաները չեն գիտակցում, որ իրենց «կատակները» իրականում բուլինգի դրսևորումներ են: Ուսուցչուհին փորձում է նախ ճանաչել երևույթը, այնուհետև աշխատել աշակերտի հետ՝ կարևորելով, որ յուրաքանչյուրը ճանաչի և ընդունի դիմացինի առանձնահատկությունները: Նա վերջերս մասնակցել է իրազեկման ծրագրի, որի շնորհիվ ստացած նոր գիտելիքները փոխանցել է նաև աշակերտներին:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խորհրդաժողովները, սեմինարները և աշխատանքային ժողովները կարևոր դեր են խաղում բուլինգի վերաբերյալ հանրության իրազեկման հարցում։ Կարևոր է մասնավորապես աշակերտների իրազեկումը, քանի որ նրանք հաճախ չեն գիտակցում իրենց վարքի բացասական ազդեցությունը դասընկերների վրա: Նման ծրագրերի հիմնական նպատակն է առողջ միջավայրի ստեղծումը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բուլինգը բարդ երևույթ է, և այն վերջնականապես արմատախիլ անելը դժվար է: Կանխարգելման նպատակով իրականացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ դասընթացներ ուսուցիչների և երեխաների համար: Թեև կոնկրետ ցուցանիշներ չկան, սակայն դասընթացները դրական ազդեցություն են ունեցել: Փորձագետը նշում է, որ իրավիճակը բարելավվել է նաև մարզերում։
Բուլինգի հետևանքով երեխաները հաճախ մեկուսանում են և աջակցության կարիք զգում: Այստեղ կարևոր է ծնողի դերը, որը պետք է ժամանակին նկատի երեխայի հոգեվիճակի փոփոխությունը և համապատասխան լուծումներ գտնի: Բուլինգի զոհերից մեկի մայրը պատմում է, որ իր երեխան դարձել էր ինքնամփոփ և տխուր, կորցրել էր նախկին կենսախնդությունը, սակայն ինքն ու իր ամուսինը կարողացել են ճիշտ ժամանակին հասկանալ իրավիճակը և օգնել:
Հոգեբան Մերի Ղարիբյանն ասում է, որ ծնողները պետք է հասկանան, որ իրենց երեխան կարող է լինել ինչպես բուլինգ իրականացնող, այնպես էլ՝ զոհ: Կարևոր է ժամանակին ճանաչել երևույթը և կանխել այն։ Բուլինգի խնդիրը չի կարող լուծվել միայն մեկ անձի ջանքերով: Անհրաժեշտ է ստեղծել համագործակցային շղթա՝ ներգրավելով ծնողներին, ուսուցիչներին, կրթության մասնագետներին և իրավապահներին։
Լուսանկարները՝ արհեստական բանականության
Տաթև Գալստյան
2-րդ կուրս