Շատ չանցած՝ շորերը կեղտոտվում են, էներգիան՝ սպառվում․ կարատեի խմբակ Մարմարաշենում

Շատ չանցած՝ շորերը կեղտոտվում են, էներգիան՝ սպառվում․ կարատեի խմբակ Մարմարաշենում

35

Երկու ամիս է, ինչ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի երեխաները պրոֆեսիոնալ մարզիչի ուղղորդմամբ մարզվելու հնարավորություն ունեն․ բացվել է «Դուքենդո կարատե» ֆեդերացիայի մասնաճյուղը։ Մասնաճյուղի ղեկավար, սենսեյ Հայկ Մինասյանը, «օս» անելով ու ընդհատելով պարապմունքը, մեզ հետ զրուցեց գյուղում նման սպորտային խմբակի կարևորության մասին․ «Մեզ մոտ ընդունելությունը սկսվում է 4 տարեկանից։ Շատ կարևոր է, որ երեխաները սպորտով զբաղվեն փոքր տարիքից։ Մարմարաշեն գյուղում առաջին անգամ չէ, որ կարատեի խմբակ է բացվում, բայց բոլոր խմբակները կարճ ժամանակ են գոյատևել։ Ես այս գյուղի բնակիչ եմ ու իմ առջև նպատակ եմ դրել գյուղում երկար ժամանակ ունենալ կարատեի խմբակ»։

Պարապմունքները լինում են շաբաթական 2 անգամ։ Յուրաքանչյուր պարապմունքի  երեխաները ներկայանում են մաքուր շորերով ու լի էներգիայով, սակայն շատ չանցած՝ շորերը կեղտոտվում են, էներգիան՝ սպառվում։ Պարապմունքի վերջում՝ պարապմունքի ավարտն ազդարարող վերջին օսից հետո հնչում է սենսեյ Հայկի ոգևորող ու մոտիվացնող խոսքը․ «Մի՛ դադարեք, նույնիսկ երբ դժվար է։ Այնտեղ է գտնվում իրական ուժը, դուք համառորեն պետք է գնաք առաջ»։

Սպորտային խմբակը բացվել ու գործում է Մարմարաշեն գյուղի համայնքապետարանի աջակցությամբ։ Համայնքապետ Տիգրան Զաքարյանը, անդրադառնալով նոր բացված կարատեի խմբակի նշանակությանը,  նշեց․ «Այս քայլը կարևորագույն նշանակություն ունի մեր համայնքի համար։ Մարզական խմբակների ստեղծումը, հատկապես գյուղերում, շատ կարևոր է, քանի որ դրանք բացում են նոր հնարավորություններ երեխաների համար՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական զարգացման առումով։ Ուրախ եմ մեր գյուղի փորքրիկների համար, քանի որ վաղ տարիքից սպորտով զբաղվելու հնարավորություն կունենան։ Մեր համայնքը միշտ էլ աջակցել է երիտասարդներին, և ես ուրախ եմ, որ Մարմարաշենում հայտնվել է նոր խմբակ, որը ոչ միայն կբարձրացնի մեր գյուղի ճանաչելիությունը, այլ նաև կօգնի երեխաներին զարգանալ որպես առողջ, նպատակասլաց անձնավորություններ։ Հպարտ եմ, որ համայնքի բնակիչները, այդ թվում՝ մեր երիտասարդները, միշտ պատրաստ են աջակցել նման կարևոր նախաձեռնություններին»։

Արմեն Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել