Մեր զրույցի այսօրվա հյուրը երիտասարդ է, ում աչքերը միաժամանակ արտացոլում են խոհունություն ու երազկոտություն։ Նրա մտածկոտ շարժումները, հայացքում թաքնված ինքնավստահությունը հուշում են, որ գործ ունենք բառերով ու պատմություններով ապրող անհատի հետ։ Նա անվերջ նկարում է իր նոթատետրերում, հույզերով լցնում տողերը՝ յուրաքանչյուր բառի մեջ թողնելով իր հոգու մի մասնիկը, ստեղծելով նոր ու հետաքրքիր աշխարհներ: Այս ամենի հետ մեկտեղ, Միշան ըմբոստ է, ընդվզող, ինչն իր կարծիքով միջոց է պայքարելու անարդարության դեմ, պաշտպանելու սեփական տեսակետն ու պահպանելու մարդկային արժեքները։ Միշան անկեղծ ու անմիջական ստեղծագործող է։ Նա կարողանում է գրչի միջոցով սովորական առօրեական պահերը վերածել հավերժական պատմությունների՝ խորը, հուզառատ ու անկրկնելի։
-Միշա, ե՞րբ սկսեցիք ստեղծագործել։ Կա՞ր նախապատճառ։
-Ստեղծագործել սկսեցի, երբ հանդիպեցի կյանքիս երբեմնի մեծագույն սիրուն։ Առաջին տողերը գրվեցին այն պահին, երբ գիտակցեցի, որ հանդիպել եմ լավագույնին, չտեսնվածին, իմին։ Իմ բանաստեղծությունների մեծ մասը նրա մասին է, նրան է նվիրված։ Հետո ավելի շատ սկսեցի գրել, երբ սերը վերածվեց հիշողությունների, և ցավը դարձավ ոչ այնքան բացականչություն, որքան լուռ խոսակցություն: Խոսակցություն ինքս ինձ հետ։
-Ի՞նչ է ստեղծագործական ընթացքը քեզ համար՝ առօրյայի մա՞ս, թե՞ հատուկ պահերի։
-Ստեղծագործական ընթացքը հաճախ համընկնում է իմ հույզերի հետ, հատկապես, երբ դրանք խորն են կամ անկայուն։ Այդպիսի պահերը կարող են դառնալ ներշնչանքի աղբյուր՝ արտահայտելու այն, ինչ հնարավոր չէ բարձրաձայնել այդ պահին։ Ստեղծագործելը վերածվում է յուրահատուկ միջոցի՝ հաղթահարելու ներքին քաոսը։
-Ինչպե՞ս է այդ քաոսը ձևավորվում և արտացոլվում։
-Իմ քաոսը ձևավորվում է արտաքին և ներքին ազդակների բախման արդյունքում։ Արտաքին աշխարհի անորոշությունն ու արագ փոփոխությունները հաճախ խախտում են իմ հոգեկան հավասարակշռությունը, իսկ սոցիալական ճնշումները կարող են ուժեղացնել այդ անկայունությունը։ Միևնույն ժամանակ հույզերի բախումը, սթրեսն ու ինքնության ճգնաժամը խորացնում են այդ վիճակը։ Երբ այս բոլոր գործոնները կուտակվում են, և չեմ կարողանում ժամանակին վերահսկել, դրանք վերածվում են քաոսի։ Սակայն քաոսը միայն քայքայիչ չէ. այն նաև ստեղծագործական և անձնական աճի հնարավորությունների սկիզբ է։
-Նոր հնարավորություններ քաոսի՞ց: Հետաքրքիր է: Ինչպե՞ս:
-Քաոսն ու անկայունությունը ներշնչանքի աղբյուր են դառնում՝ ստեղծագործական ընթացքը դառձնելով ինքնաբուխ։ Սկզբում ամեն ինչ անկանոն է. մտքերը, զգացմունքները և պատկերները գալիս են հանկարծ՝ կայծակի պես արագ, մահվան պես անսպասելի։ Այդ պահերին բառերը կամ գաղափարներն ավելի հզոր են, քան երբևէ, որովհետև նրանք գալիս են առանց արհեստականությունների՝ անմիջապես սրտից։ Այդ պահին կարևորը չհակադրվելն է այդ հոսքին։ Նման պահերին թույլ եմ տալիս, որ խառնաշփոթը խոսի։ Ես ինձ թույլ եմ տալիս գրել, արտահայտվել առանց ինքնաքննադատության՝ առանց մտածելու, թե արդյոք դա կատարյալ է կամ հասկանալի ուրիշների համար։ Ազատությունը թույլ է տալիս անսահման լինել, և դա կենսական նշանակություն ունի, որովհետև հենց այդտեղից են ծնվում ամենահզոր գաղափարները։ Երբ ես չեմ սահմանափակում հույզերը, դրանք արտահայտվում են իրենց ամբողջականությամբ՝ առանց կորցնելու իրենց իրական ուժը։ Հետո, երբ քաոսը հանդարտվում է, այս ազատությունը դառնում է հիմք՝ վերադառնալու և վերստեղծելու այն, ինչ սկզբում քաոտիկ էր։ Սկսում եմ դանդաղ «կառուցել» նյութը՝ գտնել կապեր, մաքրել ավելորդը և ընդգծել կարևորը։ Այսպիսով, իմաստն ու ավարտական ձևը երևութանում են ոչ թե սկզբում, այլ մշակման արդյունքում։ Առանց այս սկզբնական ազատության, ստեղծագործությունը, հնարավոր է, երբեք չունենա բավարար խորություն։
Անձեռակերտ ձեռքերդ կհամբուրեմ անխնա
Ու կփարվեմ հոգուդ արևագույն թելերին,
Կկարոտեմ անգամ թույլ հպումդ երեկվա
Ու կհիշեմ քեզ անգամ, երբ նվիրվեմ գեհենին:
Կատարյալ աչքերդ կարտացոլեմ անխնա
Ու կերգեմ քեզ անգամ, երբ հոգուցս զրկվեմ,
Կկարոտեմ նույնիսկ հեզ հայացքդ երեկվա
Եվ քեզ վաղը տեսնելու վառ հույսերով կներկվեմ:
Քեզ կորցնելու մոլուցքից կխելագարվեմ վերջնական
Ամեն օր քեզ տեսնելիս կրկին ես նոր շունչ կառնեմ,
Կնկատեմ ինչ-որ մի սեր քո հայացքում հեգնական
Ու քո ձեռքերի շնորհիվ ես արևից լույս կառնեմ:
Անձեռակերտ ձեռքերդ կհամբուրեմ անխնա
Ու կփարվեմ հոգուդ արևագույն թելերին,
Կկարոտեմ անգամ թույլ հպումդ երեկվա
Ու կհիշեմ քեզ անգամ, երբ նվիրվեմ գեհենին:
Բանաստեղծությունը՝ Միշա Եթումյանի
Հարցազրույցը՝ Սիրուն Ժամխարյանի
2-րդ կուրս