Հայաստանի բնակչության կառուցվածքում դրական տեղաշարժեր են նկատվում. Կարինե Կոյումջյան

Հայաստանի բնակչության կառուցվածքում դրական տեղաշարժեր են նկատվում. Կարինե Կոյումջյան

48

Ժողովրդագրական զարգացումները՝ ծնելիությունից մինչև միգրացիա, և դրանց հիմքում ընկած պատճառներն ու հետևանքները կարեւոր հարցեր են քաղաքականություն մշակողների եւ հասարակության համար։ Պաշտոնական վիճակագրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երկրի բնակչության շարժերի ու տենդենցների խորքային դինամիկան։ Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրների շուրջ զրուցել  ենք Վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Կարինե Կոյումջյանի հետ։

-Տիկին Կոյումջյան, 2018-2023 թվականների ընթացքում Հայաստանում ծնելիության ցուցանիշը զգալի փոփոխություն չի կրել, 2021 թվականին արձանագրվել է առավելագույնը 36,585 ծնունդ, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Ծնելիության ցուցանիշները պետք է դիտարկենք ոչ միայն բացարձակ թվաքանակով, քանի որ բնակչության թվաքանակը փոփոխվում է, դրա համար ծնելիության ցուցանիշը դիտարկում ենք հարաբերական ցուցանիշներով։ Եթե դիտարկենք 2018 թվականից սկսած բացարձակ ցուցանիշները, դրանք 36,000 հազարի շրջանակներում են։ Տարիների կտրվածքով մի քիչ ավելանում են կամ պակասում, բայց եթե դիտարկում ենք հարաբերական ցուցանիշի նկատմամբ, դրանք որոշակիորեն տարբերվում են։ Վերջին հինգ տարիների ընթացքում ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է յուրաքանչյուր 1,000 բնակչի հաշվով 12 նորածին։ Երբ ծնելիության կոմպոնենտին, այսինքն՝ որպես գործոնի ենք նայում, մենք պիտի ավելի մասնավոր գործակիցների վրա կենտրոնանանք, օրինակ՝ ծնելիության տարիքային գործակիցները, գումարային գործակիցները, որը հենց պտղաբերության գործակիցն է, թե մեկ կինը իր ծնունակ տարիքում (15-ից 49 տարեկան) քանի երեխա է ունենում։ Եթե  բոլոր ժամանակահատվածներում ծնելիության ցուցանիշները պահպանվում են նույն մակարդակի վրա, այսինքն՝ ամեն տարիքային խումբ ունենում է համապատասխան քանակի երեխաներ և այդ ցուցանիշը, եթե վերջին տարիներին 1.7-ի շրջանակում էր` գրեթե 2 երեխա, ամուսնական զույգը չէր վերարտադրվում։ 2022-2023 թվականներին մի քիչ ցուցանիշների փոփոխություն կա, 2023 թվականին հասել է 1․9-ի, այս ցուցանիշը մոտենում է 2 միավորին։ Սրան նպաստել են նաև Արցախից տեղահանված մայրերը։ Փաստացի, որոշ դրական տեղաշարժ ունենք։

-Սեռով պայմանավորված հղիության ընդատումները ազդու՞մ են ծնելիության ցուցանիշների վրա։

-Այդ միտումը գոյություն ունի մեր երկրում, սակայն դրա առկայությունը հնարավոր է պարզել միայն հարցումների միջոցով։ Աշխատանքի բնույթով հաճախ մասնակցել եմ նման հարցերին նվիրված հանձնաժողովների միջոցառումներին։ Նկատելի է, որ թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ միջազգային և հասարակական կազմակերպություններն ակտիվորեն պայքարում են այս երևույթի դեմ։ Մարդկանց գիտակցության, ըմբռնման խնդիր էլ կա, մեր ավանդական մտածելակերպով տղա երեխան միշտ ավելի կարևորվել է սերունդների, ազգանունների պահպանման տեսանկյունից և այդ առումով բոլորը ձգտել են տղա երեխա ունենալ։

-Քաղաքներում բնակչության կենտրոնացման աճը ինչպե՞ս է ազդում գյուղական համայնքների ժողովրդագրական կառուցվածքի, բնակչության թվաքանակի և սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

-Հայաստանի բնակչության 64%-ը ապրում է քաղաքներում, իսկ 36%-ը՝ գյուղերում։ Մեր երկրի կառուցվածքով պայմանավորված` կենտրոնացվածությունը քաղաքներում է, աշխատատեղերը քաղաքներում են, բնականաբար, բնակչության մեծամասնությունը կենտրոնացված է քաղաքներում։ Վերջին տարիներին որոշակիորեն, ժողովրդագրական միգրացիոն փոփոխություններով պայմանավորված, մի քիչ այդ կառուցվածքում տեղաշարժ կա, 2023-2024 թվականների միջակայքում բավականին աճ ունենք գյուղական բնակչության շրջանում։ Օրինակ՝ 2023 թվականի հուլիսի 1-ի տվյալներով՝ գյուղական բնակչությունը կազմել է 1,067,000 (մեկ միլիոն վաթսունյոթ հազար): Մինչդեռ 2024 թվականի նույն ամսաթվին այդ թիվը հասել է   1,084,000-ի (մեկ միլիոն ութսունչորս հազար)։ Գրեթե 17000 հազարի աճ ունենք գյուղական բնակչության շրջանում, իսկ քաղաքային բնակչության աճը համեմատաբար քիչ է, սա ևս պայմանավորված է մեր հայրենակիցների տեղաբաշխվածությամբ։ Ընդ որում, այս գործընթացն արդեն արտացոլվել է պաշտոնական թվերի մեջ, բնակչության պետական ռեգիստրում արձանագրվել է իրենց՝ Հայաստանում գտնվելու գործընթացը, և նրանք հայտնվել են վիճակագրության տեսադաշտում։

-Իսկ այն մարդիկ, ովքեր Հայաստանում են, բայց չեն գրանցվել բնակչության պետական ռեգիստրում, նրանք ներառվա՞ծ չեն ցանկում։

-Հաշվի առնելով այն տվյալները, որոնք Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարեց, որ սահմանը հատել են, մտել են երկիր և այն ցուցանիշները, որ արտացոլվել են մեր պաշտոնական թվերում, կարելի է ասել՝ հավասարազոր են։

-Տարբեր ոլորտներում վիճակագրական տվյալների բաց կա, եղած տվյալներն էլ թերի են, ինչու՞ ամբողջական վիճակագրություն չի վարվում կամ չի ներկայացվում։

-Վիճակագրությունը ներառում է՝ պաշտոնական վիճակագրություն և վարչական վիճակագրություն, այն, ինչը չի ներկայացվում, հիմնականում վարչական բնույթ ունի, գոյություն ունեն վարչական պատասխանատուներ, որոնց աշխատանքի կազմակերպման համար այդ տվյալներն անհրաժեշտ են, որպեսզի կարողանան կառույցի խնդիրները կառավարեն։ Պաշտոնական վիճակագրությունը պետք է ունենա սկզբնաղբյուր, պետք է լինեն այնպիսի մարմիններ, որոնք կկարողանան երևույթները չափել և դրա վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել պաշտոնական վիճակագրությանը։ Այն երևույթները, որոնք դեռ չափակցման աղբյուր չունեն, բնականաբար, վիճակագրական տվյալների արտադրությունը կբարդանա։

Մեր վիճակագրական կոմիտեի նախագահը միշտ ընդգծում է մեր գործընկերներին, նախարարություններին, որ այն երևույթները, որոնք հնարավոր է հաշվառել, իրականացվեն իրենց կողմից և հնարավոր լինի փոխանցել մեզ, որպեսզի հանրության համար էլ տեսանելի դառնա։

-Ինչպե՞ս են Հայաստանի միգրացիոն միտումները տարբերվում կամ համընկնում հարևան երկրների հետ։

-Միգրացիոն միտումները հիմա աշխարհում ընդհանրապես բավական ինտենսիվ են՝ պայմանավորված երևի այն հանգամանքով, որ հնարավորություններն են շատացել, տեղաշարժվելու մեթոդներն են ավելի մատչելի դարձել։ Միգրացիան պետք է ունենա վանող, ձգող հատկություններ, այսինքն՝ մարդը տեղաշարժվում է, երբ գտնելու բան չունի մի տեղում ու գնում է այնտեղ, որտեղ իրեն ձգում է, այսինքն՝ դա հիմնականում լինում է աշխատանք, սովորել, լավ հնարավորություններ կարիերա ստեղծելու համար։ Եթե դիտարկենք միգրացիոն միտումները մեր հարևան երկրներում՝ Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, գրեթե համահունչ են մեր  միգրացիոն ձգտումներին, բնակչության տեղաշարժերին։

Հարցազրույցը՝ Միքայել Սարգսյանի

3-րդ կուրս

Կիսվել