Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՄԻԱՎ-ի (Մարդու իմունային անբավարարության վիրուս) դեմ պայքարի համաշխարհային օր։ ՀՀ քաղաքացիների շրջանում 1988-2024 թթ. հոկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որից 70%-ը՝ արական սեռի շրջանում։ Վարակվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ շատերը խուսափում են հետազոտվելուց։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկայի հետ կխոսենք ՄԻԱՎ կանխարգելման միջոցների, նոր մոտեցումների, ինչպես նաև այն մասին, թե որքան կարևոր է պարբերաբար հետազոտվելը։
–Ինչպե՞ս է իրականացվում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերումը։
-Վաղ հայտնաբերման լավագույն միջոցը տարին մեկ անգամ հետազոտվելն է։ ՄԻԱՎ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար դեռևս լուրջ խնդիր է։ Այդ պատճառով էլ մենք ծրագրեր ենք իրականացնում առաջին հերթին կանխարգելման, ապա՝ հիվանդների բուժման ուղղությամբ։ Մարդկանց մեծ մասը վստահ է, որ հետազոտվել պետք է միայն որոշակի ախտանշանների դեպքում, սակայն որևէ գանգատ չունեցող անձը նույնպես կարող է վարակակիր լինել։ Հետազոտվել կարելի է, օրինակ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, ինչպես նաև մենք պարբերաբար իրականացնում ենք այցեր դեպի մարզային կլինիկաներ։ Հորդորում ենք առանց կաշկանդվելու այցելել և հետազոտվել, մանավանդ որ դա անվճար է, անանուն և արագ. 15-20 րոպեի ընթացքում պատասխանը տրվում է։ Ինչքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան բարդությունները արագ կկանխվեն։
–Որո՞նք են հիմնական ռիսկային խմբերը Հայաստանում։ Արդյո՞ք վարակը ազդում է նրանց սոցիալական ինտեգրման, կյանքի որակի վրա։
-Ռիսկային խմբի մեջ են միգրանտները՝ ընդ որում՝ հիմնականում Ռուսաստան մեկնած/մեկնող անձինք, կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող, ներարկումային ուղով թմրանյութեր օգտագործող անձինք, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդիկ։
Հետազոտության դրական պատասխանի դեպքում մենք ՄԻԱՎ համախտանիշ ունեցողներին ուղղորդում ենք համապատասխան հասարակական կազմակերպություններ, որտեղ նրանց տրվում է իրավաբանական, սոցիալական աջակցություն, որպեսզի ոչ արդար վերաբերմունքի դեպքում դիմեն և պաշտպանվեն։ Ցավոք, խնդիրը Հայաստանում արդիական է. շատ հաճախ անգամ ընտանիքի անդամների կողմից անձը կարող է խտրական վերաբերմունքի արժանանալ:
–Ո՞րն է հասարակության նման արձագանքի պատճառը. գուցե կա իրազեկվածության պակա՞ս։
-Միանշանակ կա։ Պետք է իրազեկել հասարակությանը, որ ՄԻԱՎ վարակով անձը, որն ընդունում է դեղամիջոցներ, ապրում է այնպես, ինչպես կապրեր առանց վարակի։ Պետք է խոսել փոխանցման ուղիների մասին. կա թյուր կարծիք, որ համատեղ կենցաղի, ձեռքսեղմման, համբույրի, հազի կամ փռշտոցի միջոցով վարակը կարող է փոխանցվել։ Շտապեմ տեղեկացնել, որ դա այդպես չէ. այն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, արյան միջոցով, նաև՝ վարակը կրող մորից երեխային։
Ինչքան ինֆորմացված լինի հասարակությունը, այնքան կնվազի ոչ հարգալից վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիր անձանց նկատմամբ։
–Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի պետական և հասարակական մակարդակներում՝ կանխարգելման, բուժման հասանելիության բարելավման համար։
-Ինչպես նշեցի՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը պարբերաբար այցելում է մարզային կլինիկաներ, որտեղ արագ թեստավորման միջոցով հայտնաբերվում է խնդիրը, և հիվանդն ընդգրկվում է դիսպանսեր* հսկողության մեջ։
Իհարկե, Առողջապահության նախարարության, «Գլոբալ հիմնադրամի» կողմից նույնպես ֆինանսավորվում են հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատանքներ են կատարում։
Գործում է նաև «հավասարը՝ հավասարին» խորհրդատվություն, այսինքն ՄԻԱՎ վարակով անձը կարող է խորհրդատվություն իրականացնել, իր ապրելակերպը բացատրել նոր ախտորոշում ստացած անձին, որպեսզի վերջինս հետևողական կերպով շարունակի բուժումը։
–Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի 87, մահվան՝ 12 դեպք է գրանցվել։ Հնարավո՞ր է արդյոք կանխել դեռ չծնված երեխաների վարակվելը։
-Միանշանակ հնարավոր է։ Հիվանդության առկայության դեպքում հղի կինը կարող է հատուկ բուժում անցնել։ Հակառետրովիրուսային* դեղերով կարելի է մոր օրգանիզմում առկա վիրուսի քանակը քչացնել։ Դրա շնորհիվ՝ բալիկը, թե՛ ներարգանդային փուլում, թե՛ ծննդաբերության ընթացքում չի վարակվի ՄԻԱՎ-ով։ Շատ կարևոր է, որ կանայք պարբերաբար հետազոտվեն, առավել ևս հղիության ժամանակ, որպեսզի առկայության դեպքում շուտ սկսենք կանխարգելիչ բուժում՝ առողջ բալիկ ունենալու համար։
դիսպենսեր*- համապարփակ բժշկական հետազոտություն՝ ուղղված քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև դրանց զարգացման ռիսկի բացահայտմանը
հակառետրովիրուսային դեղեր*- ՄԻԱՎ վարակի բուժման հիմնական դեղախումբ
Հարցազրույցը՝ Մարինա Գրիգորյանի
2-րդ կուրս