Ադապտացիոն շրջանը ուսանողների կյանքում, մեթոդներն ու տարբեր դրսևորումները. հարցազրույց Էդիտա Առաքելյանի հետ

Ադապտացիոն շրջանը ուսանողների կյանքում, մեթոդներն ու տարբեր դրսևորումները. հարցազրույց Էդիտա Առաքելյանի հետ

23

Զրույց ենք ունեցել ԵՊՀ աշխատակից, Անձի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ, Մոսկովյան Գեշտալտ թերապիայի և խորհրդատվության ինստիտուտի ուսանող, հոգեբան Էդիտա Առաքելյանի հետ: Հարցազրույցի միջոցով պարզել ենք ուսանողների բուհական ներքին և արտաքին խնդիրները, ադապտացիոն շրջանի հաղթահարման մեթոդներն ու դրանց արտահայտման ձևերը:

-Ի՞նչ վարքագծային պահելաձևով է դրսևորվում ադապտացիոն շրջանում գտնվող ուսանողը:

-Ամենից առաջ դա կախված է, թե ինչպիսի անձնային առանձնահատկություններ ունի ուսանողը, քանի որ ուսանողը բուհ մտնելուն պես հայտնվում է նոր սոցիալական միջավայրում: Կախված իր անհատական առանձնահատկություններից՝ ուսանողը կարող է սոցիալական միջավայրին արձագանքել տարբեր կերպ: Լինում են ուսանողներ, ովքեր համալսարան մտնելուն պես նոր կապեր են ձեռք բերում, հաղորդակցությունը շատ հեշտ է ստացվում, ընդգրկվում են նոր խմբերում(ՈւԽ, ՈՒԳ) և տեսնում ենք շատ ուսանողների, ովքեր զգում են մեկուսացում, խուսափում են շփումներից, ինչը կարող է լինել անհանգստության, ինքնավստահության պակասից ու մի շարք այլ գործոնների արդյունք։ Անհանգստությունն այդ շրջանում նորմալ է. դա համարվում է նոր փորձառնություն ուսանողի համար, և այն կարող է տարբեր կերպ արտահայտվել՝ հուզականությամբ, քնի խանգարմամբ նույնիսկ կարող է արտահայտվել ֆիզիկական տարբեր ախտանիշներով՝ գլխացավեր, հոգնածություն։
Կարևոր եմ համարում ասել, որ շատ մեծ նշանակություն ունի՝ այդ ուսանողը փոխել է իր շրջապատը, թե ոչ, քանի որ ունենք շատ ուսանողներ, ովքեր համալսարան տեղափոխվել են մարզից և բնականաբար իրենց վարքագիծը տարբերվում է այն ուսանողներից, ովքեր իրենց քաղաքն ու շրջապատը չեն փոխել (բայց դա չի նշանակում, որ տվյալ ուսանողի մոտ ի հայտ չեն գալիս ադապտացիոն շրջաններ)։ Պարզապես մարզից եկած ուսանողների դեպքում այն կրկնակի դժվար է անցնում:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ծնողը այս իրավիճակում, երբ պատանին գտնվում է դպրոց-համալսարան անցման շրջանում:

-Այս մասով կասեմ, որ ծնողի դերակատարությունը կրկնակի մեծանում է, որքան էլ ուսանողը ունենա հաղորդակցման բարձր հմտություններ, որքան էլ իր ադապտացիան հեշտ ընթանա, միևնույն է ուսանողը ունենում է ներքին չլուծված հակամարտություններ, որոնց մասին վստահաբար կուզենար պատմել ծնողին. այս դեպքում շատ կարևոր է ծնողի դերը: Սա նշանակում է, երբ ուսանողը դրսում՝ համալսարանում, բախվում է խնդիրների, բայց տանը ունի առողջ, անվտանգ և ապահով միջավայր, որտեղ իրեն կարող են հասկանալ, օգնել, աջակցել, բնականաբար դա իր համար ռեսուրս է, որպեսզի նա կարողանա հեշտ անցնի այդ ադապտացիայի շրջանը։

Խոսելով համալսարանական մարտահրավերների մասին՝ չենք կարող չնշել նաև այն հոգեբանական մեխանիզմների մասին, որոնք կօգնեն ուսանողին: Մեխանիզմները տարբեր են սկսած կոգնիտիվ մեխանիզմներից, վերջացրած սոցիալական ու հուզական ադապտացիոն մեխանիզմներով։ Կոգնիտիվ մեխանիզմը դա մեր ճանաչողական ադապտացիան է, որն առաջին հերթին ուսանողի առաջին քայլերն են դեպի ինքնաճանաչում: Նա սովորում է յուրացնել նոր գիտելիքներ, առնչվում է դասավանդման, գիտելիքի ստացման և տարբեր մեթոդների հետ, ինչն իր համար նոր է, և պարզ է, որ ուսանողին պետք է գալիս կոգնիտիվ ադապտացիան. կոգնիտիվ մեխանիզմները այս փուլում ավելի ակտիվ են լինում, ինչը շատ էներգիա և ռեսուրս է տանում, բայց միաժամանակ, եթե պրոցեսը ուսանողին հետաքրքիր է, ապա այն ինչ-որ տեղ օգտակար է և աջակցող:
Շատ կարևոր է խոսել հուզական կարգավորման պրոցեսի մասին, որովհետև, հայտնվելով նոր սոցիալական միջավայրում ու առնչվելով տարբեր նոր հույզերի, զգացողությունների, ուսանողը սովորում է այդ պրոցեսում մշակել մեխանիզմներ՝ ինչպես կառավարել բացասական հույզերն ու ինչպես արձագանքել դրանց: Սրանք նպաստում են, որպեսզի ուսանողի իքնագնահատականն ու ինքնաճանաչումը բարձրանա, ինքնագիտակցումը զարգանա ու սովորի ինքնակարգավորման տարբեր մեխանիզմներ:

-Կա՞ն մարդիկ, ովքեր ավելի բարդ են ադապտացվում, ո՞րն է դրա պատճառը:

-Այո՛, իհարկե կան: Կան ուսանողներ, ովքեր ավելի դժվար են ադապտացվում, սա պայմանավորված է անձնային, սոցիալական և միջավայրային տարբեր առանձնահատկությունների հետ։ Եթե խոսենք անձնային առանձնահատկությունների մասին, ապա կարող ենք նշել անձի ինտրովերտ լինելը, ով դժվար է հաղորդակցվում մարդկանց հետ, սոցիալական կապեր ստեղծելն իր համար դժվար է, ապա ադապտացիոն շրջանը սա բարդացնում է։ Սրա արդյունքում հնարավոր է իջնի ուսանողի արդյունավետությունը, ունենա ճկունության պակաս: Կան նաև սոցիալական տարբեր գործոններ, ինչի պատճառով խնդիրը մեծանում է ուսանողի մոտ: Դրանց մեջ է մտնում աջակցության պակասը, ընկերներից և ընտանիքից չեն ստանում բավարար աջակցություն: Կան ուսանողներ, ովքեր բախվում են մշակութային տարբերությունների, հատկապես, երբ ուսանողը գնում է արտերկիր սովորելու, կամ, ինչպես նշեցի, գալիս է մարզից։ Շատ կարևոր է նշել միջավայրային գործոնների կարևորության մասին՝ ակադեմիական բարդություններ, քննական առաջին շրջան: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն թափանցիկ սոցիալական խնդիրներին՝ ֆինանսական, ընտանեկան դժվարություններ, որոնք կարող են նպաստել այդ ամենին:

-Որքանո՞վ է կարևոր սոցիալական կապերի ձևավորումը ադապտացիայի ընթացքում, և ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին, ովքեր դժվարանում են կապեր հաստատել:

-Սոցիալական նոր կապերը օգնող կարող են լինել այս պրոցեսում, որովհետև, երբ նոր միջավայրում ձևավորում են սոցիալական կապ, որտեղ կարող է ուսանողը իրեն զգալ ապահով, ապա դա միանգամայն հեշտացնում է գործը, ու սա շատ կարևոր է ադապտացիոն շրջանի համար: Բայց նաև պետք է մեծ ուշադրություն դարձնել սեփական ես-ի «կոմֆորտին», երբ անընդհատ փորձում է սոցիալական կապեր հաստատել, որովհետև մտածում է, որ չպետք է հետ մնա խմբից կամ կուրսընկերներից, որտեղ որ հնարավոր է լինի անառողջ միջավայր, պասիվ ագրեսիա, բնավորության գծերի լրիվ չհամապատասխանություն:
Այսպիսով կարևոր է սոցիալական կապեր ձեռք բերելը, սակայն կարևոր է հասկանալ՝ արդյոք ես հիմա դրան պատրաստ եմ և ուզում եմ այդ շրջապատում լինել:

-Որո՞նք են ամենաարդյունավետ մեթոդները այս շրջանում ուսանողին օգնելու:

-Կարծում եմ ուսանողին օգնելու այս պրոցեսը պետք է ունենա համակարգային բնույթ: Ադապտացիոն շրջանում գտնվող ուսանողին պետք է օգնեն և՛ բուհը, և՛ ծնողը, և՛ նույնիսկ ուսանողն ինքն իրեն: Ուսանողը պետք է հասնի նրան, որ սկսի ճանաչել իրեն: Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը դա սթրեսի կառավարումն է, որն իր մեջ ներառում է շնչառական և ռելաքսցիոն տարբեր վարժություններ. սրանք օգնում են հաղթահարել այն անհանգստությունները, որոնք ներսից կարող են քայքայել անձի հոգեբանությունը։
Օգտակար կարող են լինել տարբեր ուսանողական խմբերում հայտնվելը, ինչպես նշեցի՝ ՈՒԽ-ում, ՈւԳ-ում ներգրավվածությունը, և մի շարք այլ մեթոդներ: Այնուամենայնիվ, եթե նման մեթոդները չեն օգնում ուսանողին, և նա կրկին զգում է նույն խնդիրները, ապա պարտադիր է դիմել համապատասխան մասնագետի։

-Ինչպիսի՞ աշխատանք կարող են բուհերը կատարել՝ ուսանողների ադապտացիան հեշտացնելու համար:

-Բուհերի այս պրոցեսում կատարած աշխատանքը կարող է լինել մեծ, եթե խոսենք ԵՊՀ-ի մասին, քանի որ այնտեղ եմ աշխատում, ապա կարող եմ ասել, որ բուհը, իհարկե ֆակուլտետների որոշակի տարբերությամբ, բայց գլոբալ առմամբ այն կատարում է տարբեր աշխատանքներ: Ունի Ուսանողական Գիտական ընկերություն, ունի ֆիզկուլտուրայի ամբիոնում տարբեր խմբակներ, որոնք ստեղծում են նոր ընկերական շրջապատ, սոցիալական լայն կապեր։
Հոգեբանության ֆակուլտետում առկա է հոգեբանական, տեսագործնական լաբորատորիա, որտեղ ուսանողները անվճար հիմուքներով կարող են ստանալ հոգեբանական աջակցություն:

-Ի՞նչ դեպքերի հետ եք առավել հաճախ առնչվում նախաբուհական սթրեսսի կամ ադապտացիոն շրջանի ընթացքում:

-Այս մասով կասեմ, որ իմ փորձառնությունը բավական մեծ
է: Այդ շրջանակում ես և՛ դասավանդման, և՛ ուսանողների հետ շփման արդյունքում տարբեր դեպքերի եմ բախվում։ Եթե կոնկրետ բնութագրեմ, ապա դրա առաջին տեղում ադապտացիոն շրջանի լարվածությունն է, անհանգստությունն է, միջավայրում չընդգրկվելն է: Տարբեր վախերն են՝ սկսած գիտելիքի դժվար յուրացումից, վերջացրած սոցիալական կապերի ձևավորման դժվարությամբ: Այս դեպքերի հետ ես աշխատում եմ իմ անհատական խորհրդատվությունների ընթացքում ու նաև շատ կարևոր եմ համարում ասել, որ բացի այդ նշածս խնդիրներից ուսանողների մոտ ակնառու կերպով նկատվում է իրենց մասնագիտական կողմնորոշման հետ ոչ հաշտ լինելը, հարցեր են ծագում՝ դա իրենց սրտի մասնագիտությունն է, արդյոք իրենք ուզում են մնալ այդտեղ չորս տարի։
Եվ վերջում փոքրիկ խորհուրդս նմանատիպ շրջանում գտնվող կամ վախեր ունեցող պատանիներին.
Հիշե՛ք, որ ադապտացիան նորմալ է և ժամանակ ու ռեսուրս է պահանջում, պետք է հիշել, որ այն գործընթաց է, որը իրենից ենթադրում է ջանք: Ստեղծեք փոքրիկ, բայց իրագործող նպատակներ. դրանք կօգնեն Ձեզ վստահաբար:

Հարցազրույցը՝ Էլեն Աղաջանյանի

4-րդ կուրս

Կիսվել