Յոգան և նրա ազդեցությունը. հարցազրույց մասնագետների հետ

Յոգան և նրա ազդեցությունը. հարցազրույց մասնագետների հետ

21

Յոգան այն պրակտիկաներից մեկն է, որը ոչ միայն մարդու ֆիզիկական վիճակի լավացմանը, այլ նաև մտավոր և հոգևոր բարեկեցությանը նպաստելու նպատակ ունի: Յոգայի մասին մեր հարցերին են պատասխանել մասնագետները:

Հարցերին պատասխանեց յոգայի մասնագետ Անուշ Մուրադյանը։

-Ի՞նչ է յոգան, և ինչո՞վ է այն տարբերվում մյուս «մարզաձևերից»:

-Յոգան մտավոր, ֆիզիկական և հոգևոր պրակտիկա է։ Մնացած «մարզաձևերից» տարբերվում է նրանով, որ հենվում է ոչ միայն ֆիզիկականի, այլ նաև մտավորի և հոգևորի վրա։ Յոգա բառը թարգմանաբար նշանակում է միավորում, այսինքն հենց այս երեքի միավորումն է։

Յոգայի ի՞նչ ճյուղեր կան, և ինչո՞վ են դրանք տարբերվում։ 

-Հաթա, Վինյասա, ինտեգրատիվ և վերականգնողական յոգա և այլն․ սրանց շեշտադրումը հիմնականում ֆիզիկականի վրա է։ Եվ երբ բացում ենք մարմնի մկանները, ակամայից ազդեցություն ենք ունենում նաև մտավոր և հոգևոր շերտերում։ Որովհետև այն դիրքերը, որոնք ստեղծվել են և մշակվել են դարեր առաջ, ունեն ուղղիչ հատկություն։ Եթե անենք, օրինակ, «հերոս 1» դիրքը՝ պահելով 15-20 վայրկյան, մենք արդեն որոշակի փոփոխություն ենք ունենում նաև մեր ներսում։ Գոյություն ունեն չակրաներ, որոնք դիրքերը կատարելու ժամանակ բացում են միտքը, և մենք փոփոխություն ենք ունենում մեր ներսում։ Կան վարժություններ, օրինակ, որոնք լավացնում են կամքի ուժը։ Կարևոր է՝ ինչ ես ուզում դու։ Եթե մարդ մտնում է յոգայի մեջ, արդեն սկսում է զարգացում ունենալ։

-Ի՞նչ մեխանիզմով են յոգայի դիրքերն ազդում մեր մարմնի, մտքի և հոգու վրա:

-Էստեղ միստիկա փնտրել պետք չէ․ վարժություններ կատարելու ժամանակ լավանում են մեր արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը և այլն, սրանք էլ իրենց հերթին նպաստում են, որ մենք մեզ լավ զգանք։

-Հնարավո՞ր է յոգայով զբաղվել վնասվածքների դեպքում, և ի՞նչ տարբերակներ կան այս դեպքերի համար:

-Ամենագլխավորը՝ մինչ յոգա սկսելը մարզիչը պետք է իմանա խնդիրների մասին, որովհետև կան բազմաթիվ հակացուցումներ, բայց այդպիսի մարդկանց համար էլ կա վերականգնողական՝ ռեստորատիվ յոգան։

Յոգայի մասնագետ Նարինե Բաղդասարյանը պատասխանեց մեր մյուս հարցերին։ 

-Ինչո՞վ է յոգան տարբերվում առողջ ապրելակերպից։ 

-Առողջ ապրելակերպ ասելով՝ մարդիկ հասկանում են ֆիզիկական ակտիվություն և վատ սովորություններից ազատվել, բայց այն ավելի խորը նշանակություն ունի, և այդ շերտը ապահովում է յոգան։ Յոգան մարդուն տալիս է գրեթե ամեն ինչ՝ ֆիզիկական առողջություն, մտավոր առողջություն և հոգևոր հանգստություն։ Մարդը բազմաշերտ էակ է, և միայն ֆիզիկական մարմնի վրա չենք կարող ազդեցություն ունենալ։ Ցանկացած խնդիր ավելի խորը շերտերում է թաքնված, և յոգան հնարավորություն է տալիս բոլոր շերտերում աշխատել և ստանալ շատ լավ արդյունքներ։

-Ի՞նչ նպատակ ունի յոգան:

-Յոգայով պետք է քեզ գտնես, քեզ ճանաչես․ եթե դու ճանաչում ես ինքդ քեզ, ճանաչում ես նաև աշխարհը։ Որովհետև մենք մեր բոլոր խնդիրները միշտ կապում ենք արտաքին աշխարհի հետ։

-Ինչպե՞ս է յոգան ազդում նյարդային խնդիրներ ունեցող մարդկանց վրա։

-Պրակտիկայի ընթացքում եղել են մարդիկ, ովքեր նույնիսկ հոգեմետ դեղեր են օգտագործել կամ թմրանյութից, ալկոհոլից կախվածություն են ունեցել։ Յոգայով զբաղվելու ընթացքում հասկացել են, որ իրենք արդեն դրանց կարիքը չունեն։ Երբ օրգանիզմը մաքրման պրոցես է ապրում, երբ մարդու էներգետիկ ուղիներն են մաքրվում, մարդը սկսում է արթնանալ։ Դա, իհարկե, 100% երաշխավորված չէ, կախված է նրանից՝ մարդ ինչ հոգի ունի, հոգին քանի տարեկան է, ինչ գիտակցական մակարդակ ունի։

-Յոգան տարիքային սահմանափակումներ ունի՞։ 

-Ոչ, չունի, ուղղակի տարբերակված են վարժությունները։ Երեխաների ծրագիրը տարբերվում է, և ամեն մարդ պետք է ընտրի, թե յոգայի որ տեսակն է իրեն հոգեհարազատ՝ սիրո, գիտելիքի, հոգևորի…


-Ինչպե՞ս եք վերաբերվում յոգայի մասին գոյություն ունեցող կարծրատիպերին։ 

-Ժպիտով, որովհետև դրանք քիչ կարդալու արդյունք են։ Մարդիկ մտածում են, որ դու աղանդավոր ես, այլմոլորակային ես, բայց պետք է իմանանք, որ դա կրոնի հետ կապ չունի։ Յոգան թերապիա է, փիլիսոփայություն է, բժշկություն է, սա տարիների աշխատանք է պահանջում։ Յոգան թույլ է տալիս հանդիպել ինքդ քեզ, ստանալ քեզ հուզող հարցերի պատասխանները։

Հարցազրույցը՝ Իրինա Ատանյանի

2-րդ կուրս

Կիսվել